Սպանված զինծառայող Նարեկ Ադիբեկյանի գործը հունվարից դատարանում է: Մինչ օրս մեկ լիրաժեք նիստ է կայացել: Երկրորդը, որը Ստեփանակերտի դատարանում պետք է տեղի ունենար հուլիսի 18-ին, հետաձգվել է, քանի որ սպանության համար մեղադրվող զինծառայող Կ-ն զորացրվել է: Նա պարզապես գնացել է տուն, քանի որ լրացել է նրա բանակային ծառայության 2 տարին:

Կ-ն միակն է, ով ցուցմունք է տվել Նարեկ Ադիբեկյանի դեմ:

Հիշեցնենք, որ Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով միաժամանակ երկու անձի է մեղադրանք առաջադրված՝ «պաշտոնական» մարդասպանին՝ Կ-ին, և սպանված Նարեկ Ադիբեկյանին: Վերջինս հետմահու մեղադրվում է այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բռնություն է գործադրել իր ծառայակից Կ -ի նկատմամբ, կատարել է սեքսուալ բնույթի գործողությունններ, շորթում, պատճառել ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

Սպանված երիտասարդին միաժամանակ 4 հոդվածներով մեղադրանք է առաջադրված՝ Հանգուցյալին մեղադրանք են առաջադրել 4 հոդվածներով՝ 359-րդ՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը…», 139-րդ՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները», 182-րդ՝ «Շորթում», 360-րդ՝ «Զինծառայողին վիրավորանք հասցնելը»:

Իսկ Կ-ն մեղադրվում է 105-րդի 1-ին մասով՝ «տուժողի գործադրած բռնության վիճակում կատարած սպանություն»: Նա, ըստ զինդատախազության, 2017 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 19:30-ի սահմաններում, հոգեական խիստ հուզմունքի վիճակում սպանել է համածառայակից Նարեկ Ադիբեկյանին:

«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը բժհրապարակումներում և իրավապաշտպան աշխատանքներում բազմիցս անդրադարձել է այս քրեական գործին: Կազմակերպության փորձագտներն ու իրավապաշտպանները ապացուցել են, որ փաստերը, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ Նարեկի սպանության բացահայտման համար, խեղաթյուրված են՝ քննիչները պարտակել են պարկուճները, որոնք պետք է լինեին դեպքի վայրում, ամեն ինչ արել են, թաքցնելու համար, որ դեպքի վայր համարվող տարածքում կրակել է ոչ թե մեկ անձ՝ Կ-ն, այլ առնվազն 4 հոգի, չեն պատասխանել հարցին, թե որտեղից են հայտնվել վնասվածքներ Նարեկ Ադիբեկյանի ճակատին ու մարմնի տարբեր մասերում, ով է հասցրել այդ վնասվածքները, ինչու է պատառոտված Ադիբեկյանի հագուստը, զինվորներից մատնահետքեր և խծուծներ չեն վերցրել, պարզելու համար, թե ովքեր են եղել դեքպի վայրում, և այլն:

Նարեկ Ադիբեկյանի հարազատները հույս ունեին, որ գոնե դատարանում ճշմարտությունը կպարզվի: Հուլիսի 18-ին նրանք պատրաստվում էին մեկնել Ստեփանակերտ, հերթական դատական նիստին մասնակցելու /գործը լսում է Սյունիքի դատարանը/, բայց փաստաբանից անսպասելի իմացան, որ դատարանից զանգահարել և ասել են, որ նիստը հետաձգվում է, քանի որ մեղադրյալ Կ-ն զորացրվել է: Մինչ այդ նա զորամասի հսկողության տակ էր:

«Ոնց որ տապոռով խփեն մարդու գլխին: Մի թեթև դանակով ծակելու դեպքում մարդուն տանում են, 7 կողպեքով փակում են: Ո՞վ է իրենց թույլ տվել, որ բաց թողնեն: Բաց թողնելու դեպքում կամ ստորագրություն են վերցնում չհեռանալու մասին, կամ գրավ են թողնում: Ինչ է նշանակում, մարդ սպանողին թողել են, գնա տուն», — ասում է Նարեկ Ադիբեկյանի հայրը՝ Մարզպետունի Հովհաննիսյանը :

«Զորամասի հսկողության տակ լինելը ևս խափանման միջոց է, — մեկնաբանում է տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգյանը: Եթե Կ-ի զորացրման ժամկետն էր, ապա դատարանը պետք է նիստում անդրադառնար խափանման միջոցին, որովհետև նա մեղադրվում է սպանության համար, և դատարանը պետք է խափանման այլ միջոց ձեռնարկեր պետք է նիստ անցկացներ և նիստով անդրադառնար այդ հարցին: Դրա փոխարեն դատարանից զանգում են հանգիստ ու տեղեկացնում են, որ մեղադրյալին ուղարկել են տուն»:
Փաստաբանը գտնում է, որ իրական մարդասպանը Կ-ն չէ, և Նարեկը չէ Կ-ին խոշտանգողը, որ գործն այս ծայրից ծայր կեղծիքի վրա է կառուցված: Չի բացառվում, որ Կ-ին խոստացել են ազատել, եթե նա «համագործակցի» նախաքննության հետ:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest