Ցմահ դատապարտյալ Կամո Շալունցը կշարունակի անազատության մեջ մնալ. Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց 24 տարի անազատության մեջ գտնվող Շալունցի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը։

Ամսիներ առաջ դատարանը որոշում էր կայացրել մերժել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմումը՝ Կամո Շալունցին վաղաժամկետ ազատ արձակալու մասին։ Մերժման հիմքում է դրվել երեք հանգամանք՝ Շալունցը դատապարտվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, ունի քաղաքացիական հայց՝ տուժողներին 520.000 ՀՀ դրամի չափով և 2011 թվականին երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի՝ հեռախոս պահելու համար։

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոքը ներկայացնելիս նշեց, որ Շալունցին այս տարիներին հնարավորություն չի տրվել մարելու քաղաքացիական հայցը.

«Կամո Շալունը մի քանի անգամ դիմել է քրեակատարողական հիմնարկ աշխատանք ստանալու համար, սակայն «Նուբարաշեն»-ում աշխատանքի նախատեսված հաստիք չկա, ուստի մերժվել է։ Ազատության մեջ հայտնվելուց հետո, Շալունցը պատրաստվում է աշխատել և մարել քաղհայցը»,- իր խոսքում նշեց Ռևազյանը։

Հատկանշական է, որ Քրեակատարողական օրենսգրքում հստակեցված է՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցի վերաբերյալ քաղաքացիական հայցն ընդհանրապես չի կարող արգելք լինել դատարանի որոշման համար: Բացի դրանից, Վճռաբեկ դատարանն ունի նախադեպ, որտեղ ասվում է՝ պայմանական ազատման ենթական է ոչ թե այն անձը, ով ամբողջական ուղղվել է, այլ նա, ով կանգնած է ուղղման աստիճանին:

Փաստաբանը վերաքննիչ բողոքում շեշտեց, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, մասնակցել է սպորտային և մշակութային միջոցառումներին, բացասական է վերաբերում քրեական ենթամշակույթին։ Տարիներ առաջ ունեցել է երկու կարգապահական տույժ, որոնք մարված են։ Բացի դրանից, արդեն 7 տարի է, ինչ ռիսկային դատապարտյալների հաշվառումից հանվել է նրա անունը։

«Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչը վերահաստատեց իրենց դիրքորոշումը։ Նա հայտարարեց, որ հիմնարկը նպատակահարմար է գտնում դատապարտյալի ազատ արձակումը՝ հիմքում դնելով Շալունցի վարքագիծն ու անձնական քարտը։

Դատախազ Բրուտյանն առարկեց բողոքի դեմ։ Նա նշեց, որ դատապարտյալը դեռևս ունի չմարված քաղհայց, ուստի պետք է ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանը որոշումը։ Նույնատիպ դիրքորոշում էի հայտնել նաև տուժող կողմը։

«Ես իրենց միայն մեկ անգամ եմ տեսել՝ 1996 թվականին, դատական նիստին։ Ինձ հնարավորություն չեն տվել տեսնեմ ու խոսեմ իրենց հետ…Ես ինքս հարազատ եմ կորցրել, գիտեմ՝ ինչ ցավ ա»,- տուժողի դիրքորոշմանն արձագանքեց Շալունցը։

Դատավարական կողմերի դիրքորոշումը լսելուց հետո, դատավորը հեռացավ որոշում կայացնելու։ Մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Լուսինե Աբգարյանը որոշեց մերժել վերաքննիչ բողոքը։
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համար անակնկալ չէր դատարանի այսօրինակ որոշումը։ Նա նշեց, որ դատական համակարգում դեռևս որևէ փոփոխություն չի եղել.

«Առաջին ատյանի որոշումն ընդհանրապես իրավազուրկ էր, որովհետև դատարանը դրել էր այնպիսի չափանիշներ, որոնք ուղղակի անհաղթահարելի էին, ուստի էական դեր չպետք է խաղային պայմանական վաղաժամկետի հարցում։ Հիմնական շեշտը պետք է դրվեր՝ արդյոք Կամո Շալուցը կանգնած է ուղղման ճանապարհին, թե ոչ։ Մերժելու որևէ հիմք չկար, ավելին՝ գործում եղած փաստերը խոսում էին նրա մասին, որ Շալունցը պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեր»,- Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Որոշումը ստանալուն պես՝ այն կբողոքարկվի ոչ միայն Վճռաբեկ դատարանում, այլև կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

«ՄԻԵԴ-ն ասում է՝ եթե դու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար սահմանում ես անհաղթահարելի շեմ, ապա դա անմարդկային վերաբերմունք է։ Պետք է անձը հնարավորություն ունենա արդարություն գնալու, ցույց տա, որ ինքն ուղղվել է արդեն և կարող է հասարակության անդամը լինել»,- հավելեց Ռոբերտ Ռևազյանը։ 

Հավելենք, որ Կամո Շալունցն իր խնամքին ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, սակայն նրա խնամքին այս պահին միայն աղջիկն է՝ Անուշը. որդին արտերկրում է և ոչ մի կապ չի պահպանում հոր և քրոջ հետ: 

29-ամյա Անուշը, ով ի ծնե մանկական ուղեղային կաթված ունի, փոքր տարիքում բարձր աստիճանի այրվածք է ստացել, ինչի պատճառով մինչ օրս շարքից դուրս է գալիս մկանային հյուսվածքները: Նրա մարմնի աջ մասն ամբողջովին կաթվածահար է, չի խոսում, քայլել սկսել է 11 տարեկանից: Այս պահին մենակ ոչինչ անել չի կարողանում:

Անուշ Շալունցը տատի, ապա մոր մահից հետո քեռու խնամքին է, սակայն նրանք էլ արդեն ի վիճակի չեն պահել աղջկան: Անուշն ամեն պահի կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ: Կամոն չի մեղադրում աներձագի ընտանիքին, քանի որ նրանք էլ ունեն առողջական և ֆինանսական խնդիրներ, իսկ իր աղջիկն ունի հատուկ խնամքի կարիք:

«24 տարվա ընթացքում մի անգամ ա եկել մոտս՝ 2010 թվականին: էդ մի անգամ տեսնելոց հետո իրա մոտ դրական տեղաշարժ էր նկատվել: Անընդհատ դիմել եմ ստեղ-ընդեղ, որ գոնե տեղափոխվեմ «Գորիս» ՔԿՀ, որ կարողանամ տեսնել աղջկաս․ մերժում են: Ինքը չի կարող էդքան ճանապարհ գա հասնի Երևան: Ստեղից զանգում եմ իրեն, բայց չի կարողանում խոսել, միայն ձայն ա հանում, ես էլ չեմ կարողանում խոսել, ինքը լացում ա, ես էլ՝ չեմ դիմանում…»,- հուզմունքը զսպելով ասում է Շալունցը:

Հիշեցնենք, որ աֆղանական և ղարաբաղյան պատերազմներով անցած Շալունցին մեղադրվում էր 1995 թվականին գրաված տարածքների գյուղերից մեկում՝ Հորովելում սպանված երկու զինծառայողներից մեկի սպանության համար:

Վերջինս մի շարք ալիբիներ ուներ, որոնք վկայում էին, որ ինքն ուղղակի չէր կարող այդ սպանության մասնակիցը լինել։ Դատարանի «կոզրն» այն հանգամանք է եղել, որ դեպքից 3 օր անց ինքը եղել է սպանության վայրում, այնտեղ գտել մահացած երկու զինվորներից մեկի զենքն ու այն վերցրել: 
«Երկու հատ զենք ա եղել, սպանել են ոչ իմ գտած զենքով, այլ՝ մյուսով: Ինչ-որ մեկը ճամփին իմ ձեռքին տեսնում ա էդ զենքը, գնում ասում ա՝ սենց զենք եմ տեսել Կամոյի ձեռքը: Գալիս հարցնում են՝ էս-էս զենքը մո՞տդ ա, ասում եմ՝ հա…բռնում տանում են»,- վերհիշում էր Կամոն:

Կապանի ոստիկանական բաժանմունքում Կամոյին խոշտանգում են, օրերով զրկում հացից և ջրից, «ռեժիմով»՝ ծեծում:

«Ծեծե՞լ…ծեծելը մեղմ եք ասում: Օրական 3 անգամ ծեծում էին՝ առավոտ, կեսօր, իրիկուն. ուզում էին էդ վրես վերցնեմ: Ես էլ ասում էի՝ ավելի լավ ա ինձ գյուլլեմ, քան ուրիշի արածն իմ վրա վերցնեմ: Մարմնիս վրա մի հատ նորմալ տեղ չկար, փոխարենը դեմքս մաքուր էր. աշխատում էին դեմքի վրա հետքեր չթողնել»:

Ի վերջո սպասված «ինքնախոստովանական ցուցմունքը» Շալունցից կորզում են կնոջ միջոցով: Կամոյին լուր է հասնում, որ կնոջը երկու օր է, ինչ առևանգել են. Շալունցը թևաթափ է լինում.

«Էդ ժամանակ, որ Լենինի հոր սպանությունն էլ տային, էլի իմ վրա կվերցնեի, մենակ թե իրեն բաց թողնեին: Ասեցի՝ ոնց ասեք, տենց կգրեմ, մենակ իրեն բաց թողնեն»:

1995 թվականի վերջին Կամո Շալունցը դատապարտվում է մահապատժի: 8 տարի չիրագործվելով գնդակահարությունը, 2003 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest