Բարձրագույն դատական խորհուրդը երեկ բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունըքրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։

Ըստ «Ազատություն »ռադիոկայանի Դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը մերժվել: Գործի մանրամասները Բարձրագույն դատական խորհուրդը չի հրապարակում:

Մինչ այս գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»:

Դատախազությունը հերքել էր , թե Գրիգորյանի նկատմամբ հետաքրքրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` նշելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին:

Հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթը կասեցրել և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։

Pin It on Pinterest