Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ 

Հիշեցնենք որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Ըստ ՔԿ տեղեկության՝ կրակահերթ արձակելուց անմիջապես հետո զինծառայողն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը:

«Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին՝ սպանության փորձի և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին՝ ինքնասպանության հասցնելու մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- երեկ տարածած հաղորդագրության մեջ նշում է Քննչական կոմիտեն::

Pin It on Pinterest