Ընդամենն օրեր առաջ էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ժամանակ տրվել էր «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկն ու քննարկվել իրականացմանն առնչվող հարցեր:

Ըստ ՊՆ-ի՝ ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը:

Մինչ նախարարությունում վերամբարձ խոսքերով խրախուսում են կին զինծառայողների մուտքը համակարգ, հակառակ կողմից անուշադրության և թերի աշխատանքի ադյունքում խախտվում է զինծառայող կանանց աշխատանքային իրավունքները:

40-ամյա Ադրինե Մելքոնյանը 14 տարի է, ինչ աշխատում է Երևանի N զորամասերից մեկում, վերջին 9 տարին զբաղեցրել է կայանի պետի պաշտոնը: Ամեն ինչ կարծես թե լավ էր, քանի դեռ այս տարվա մարտ ամսին Ադրինեն չէր ենթարկվել լեղապարկի վիրահատության:

Համաձայն սահմանված օրենքի՝ վիրահատական միջամտությունից հետո, զինծառայողները գրավոր համաձայնությամբ դիմում են իրենց անմիջական հրամանատարին, տեղեկացնելով, որ ցանկանում են շարունակել աշխատանքը, որից հետո հրամանատարությունն ինքն է համաձայնություն տալիս, որ թույլատրում է զինծառայողներին սահմանափակումներով ծառայել:

Ադրինեն վիրահատությունից որոշ ժամանակ անց դիմում է գրել, իր համաձայնությունը տվել է նաև հրամանատարությունը, շեշտելով՝ Մելքոնյանի կարիքն այս պահին զորամասն ունի: Դիմումը  դեռ ապրիլ ամսին է մուտքագրվել Հետախուզական վարչություն, սակայն ամիսներ շարունակ այդպես էլ մնացել սեղանին.

«Վարչությունում թուղթը երկու ամիս քնացրել են, երբ պետք է ուղղակի ուղարկեին Գլխավոր շտաբ, որտեղից էլ՝ հոսպիտալ: Այնտեղ պետք է ճանաչեին ինձ պիտանի ծառայության համար և ես շարունակեի աշխատել, բայց այս պարզ գործողությունն այնքան ձգձգեցին, որ երեկ ավարտվեց փաստաթուղթը ներկայացնելու ժամկետը և Ռազմաբժշկական հանձնաժողովն ինձ ծառայության համար ճանաչեց ոչ պիտանի»,- Forrights-ին էր ահազանգել Ադրինե Մելքոնյանը նշելով, որ դիմումը Գլխավոր շտաբ էր հասել հունիսի 20-ին:

Երեկ հանձնաժողովի բժիշկը խորհուրդ է տվել նրան նամակով դիմել Պաշտպանության նախարարին, նշելով, որ հանձնաժողովը պիտանի է ճանաչում իրեն, ուղղակի շտաբի պատճառով են ստիպված գրել՝ ոչ պիտանի:

«Գնացի նախարարություն, որ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման համար հերթագրվեմ, ընդունարանում ասեցին՝ զինծառայողներին նախարարը չի ընդունում, միայն՝ քաղաքացիներին; Խորհուրդ տվեցին Գլխավոր շտաբի պետի մոտ մտնեմ, ասեցին՝ մի ամսից նոր Ձեր հերթը կհասնի, ինձ այդ մի ամիսն էլ պետք չէր: Նախարարությունից էլ հույսս կտրեցի»:

Ադրինեի հետ նույն իրավիճակում այս պահին 7-8 կին զինծառայող կա. նրանց միջնորդագրերը նույն բախտին են արժանացել:

Նախկին զինծառայողն իր խնամքին ունի 3 անչափահաս երեխա:

«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան՝ եթե եկել նստել են էդ պաշտոնին, ուրեմն պետք ա աշխատեն, ոչ թե թուղթը տակը դնեն ու նստեն վրան»:

 «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը նշեց, որ զինծառայողի «ոչ պիտանի» պիտակը նրան ուղեկցելու է ողջ կյանքում.

««Ոչ պիտանի» նշանակում է, որ անձն անաշխատունակ է, ուստի այս դեպքում անձը զրկված է լինում աշխատել նաև քաղաքացիական կյանքում: Ստացվում է՝ սա էական վնաս է Ադրինեի համար, քանի որ նա իր խնամքին 3 անչափահաս երեխա ունի»,- նշեց փաստաբանը:

Խնդրի առնչությամբ տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք Պաշտպանության նախարարություն: Մեզ հրավիրեցին ՊՆ՝ հարցերին առավել մանրամասն պատասխանելու համար, սակայն հարցազրույցի հենց սկզբում կտրուկ հրաժարվեցին, որ այն հրապարակվի: Հետախուզության վարչության պետի տեղակալ Արսեն Կոտոյանը խոսքի մեջ ակնարկեց, որ 40-ամյա Ադրինեի փոխարեն կարող են ավելի երիտասարդ կին կադրեր վերցնել:

Մեզ հաջողվեց միայն ճշտել, որ դեպքի առթիվ ուսումնասիրություն է կատարվում, որի պատասխանը կլինի մոտ 10-12 օրից:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest