«Պետությունը թաքնվում է տուժողների հետևում». ԱՆ-ն առաջարկում է ներում շնորհելիս հաշվի առնել տուժողի կարծիքը

0
665

Արդարադատության նախարարությունն արդեն մի քանի օր է e-draft կայքում քննարկման է ներկայացրել «Ներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱՆ-ն առաջարկում է առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում ծանուցել տուժողին կամ նրա իրավահաջորդին և ստանալ վերջիններիս դիրքորոշումը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ.

«Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում Նախարարությունը մինչև Հանձնաժողովի նիստի կայանալը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում կարող է գրավոր կարծիք ներկայացնել Նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ»,- նշվում է ներկայացված նախագծում:

Դեռ ամիսներ առաջ մի քանի ցմահ դատապարտյալներ ներման խնդրագրերով դիմեցին ՀՀ վարչապետին: Ըստ օրենքի՝ անձնական գործը, հանձնաժողովի եզրակացությունը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չէ հրապարակման և փոխանցման երրորդ անձանց: Սակայն արտահոսք այնուամենայնիվ եղավ. տուժող կողմերից մեկը շտապեց առարկություններ ներկայացնել դատապարտյալին ներում շնորհելու դեմ, ինչն անհետևանք չմնաց. Նիկոլ Փաշինյանը մերժեց ներում տրամադրել դատապարտյալներին:

Նախորդ տարի, երբ դատարանը քննում էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը, տուժող կողմը սկզբում առարկեց, ապա դատարանի որոշումից մի քանի օր առաջ հայտարարեց՝ դատապարտյալին ազատ արձակելը թողնում է դատարայի հայեցողությանը.

«Ինձ համար շատ ծանր է ասել՝ ազատեք, էլ ավելի ծանր՝ թողեք բանտում: Չեմ կարողանում կողմնորոշվել: Դեռ մեծ ցավ ունեմ սրտումս, բայց ամբողջ կյանքում ճաղերի հետևում թողնելու պատասխանատվությունն էլ իմ ուսերին չեմ վերցնի: Դատարանը ոնց ճիշտ կգտնի, թող այդպես էլ վարվի: Թող իմ ուսերին չլինի իր դատավճիռը»,- նշել էր տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի կինը:

«Պետությունը թաքնվում է տուժողների հետևում. որքանո՞վ է բարոյական տուժողներին ևս մեկ անգամ հիշեցնել իրենց ցավը»

Իրավապաշտպանները բազմիցս են անդրադարձել այս հարցին, նշելով՝ տուժողի ներկայությունը դատական նիստին կամ դատապարտյալի հետ հանդիպումը կարող է հավելյալ տառապանքի պատճառ հանդիսանալ.

«Չուզենալով հումանիստական քայլ անել և իրավական լուծում տալ հարցերին, պետությունը թաքնվում է տուժողների հետևում: Որքանո՞վ է բարոյական տուժողներին ևս մեկ անգամ հիշեցնել իրենց ցավը, այն հոգեկան տրավման, որ տուժողը կամ նրա իրավահաջորդը ստացել է: Պետությունը կրկին վերականգնում է նրանց ցավն ու տառապանք, այս անգամ՝ դատական կամ ներման գործընթացներում: Սա հոգեբանորեն վատ վերաբերմունք է տուժողների հանդեպ, կրկին հնարավորություն տալով տեսնել և հիշել դեպքերի ընթացքը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Դատավորների գերակշիռ մասին կաշկանդում է տուժողների ներկայությունը դատարանում: Ըստ փաստաբան Ռոբերտ Ռևազյանի՝ այսօր նրանք դեռ պատրաստ չեն նայել տուժողի աչքերի մեջ ու ասել՝ այո՛, Ձեր հարազատին սպանողն ազատ է արձակվում:

«Եթե պետությունն այս տարիների ընթացքում հոգեբանական և սոցիալական օգնություն ցույց տար, ապա տուժողի ներգրավումը գործում հնարավոր է նաև դրական անդրադառնար դատապարտյալի վերասոցիալականացմանը: 20 տարվա ընթացքում տուժողի ընտանիքի հետ պետք է աշխատի պետությունը,  հասկացնի, որ պետք չէ ցմահներին դիտարկել որպես հրեշների խումբ»,- ասաց փաստաբանը:

«ՔԿՀ-ն պետք է ցույց տա, որ մարդուն անմարդկային 4 պատի մեջ պահելուց բացի, կարողացել է նաև աշխատել հետը»

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը խնդրի լուծման համար երեք քայլ է առաջարկում: Ըստ նրա, սկզբում անձին պետք է աստիճանական մոտեցնել հասարակություն. ՔԿՀ-ն պետք է ցույց տա, որ մարդուն անմարդկային 4 պատի մեջ պահելուց բացի, կարողացել է նաև աշխատել հետը և պատրաստել ներման կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:

Իրավապաշտպանի համոզմամբ, հաջորդ քայլով դատապարտյալներին պետք է կարճաժամկետ մեկնումների իրավունք տրամադրել, որը ոչ միայն թույլ կտա շփվել հարազատների հետ, այլև դատապարտյալին հնարավորություն կընձեռնի կարգավորել տուժողի հետ հարաբերությունները:

«Եվ ամենագլխավորը՝ տուժողների կամ նրանց իրավահաջորդների հետ կատարվող աշխատանքը: Ճիշտ է, սա Քրեակատարողականծառայության աշխատանքը չէ, բայց սա խնդիր է, որին պետք է արձագանքի ՔԿԾ-ն: Եթե ծառայությունը հասկանում է, որ դատապարտյալի ուղղման գործընթացը կարող է  որոշակիորեն կախված լինել տուժողից և նրա հետ հարաբերությունների կարգավորումից, ապա Քրեակատարողական ծառայությունը պետք է ամեն ինչ անի, որ դատապարտյալ-տուժող հանդիպումը կայանա և երկուստեք օգնի նրանց հարաբերությունների բարելավմանը»,- Forrights-ին պարզաբանեց Արշակ Գասպարյանը և հավելեց՝ պետությունը պետք է հասկանա, որ տուժողի կարծիքը պետք է լինի դատավարության մյուս կարծիքներից մեկը և դատարանի համար ավել նշանակություն չպետք է ունենա:

«Պետությունը լվանում է ձեռքերը և մեջտեղում թողնում՝ տուժող-դատապարտյալ»

24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի համար «Ներման մասին» օրենքում նման փոփոխություն անելն ուղղակի «աբսուրդ է», քանի որ այդ դեպքում պետությունը «լվանում է ձեռքերը և մեջտեղում թողնում՝ տուժող-դատապարտյալ».

«Եթե պետությունն անձին դատապարտել է, ապա նրա հետագա ճակատագիրը պետք է որոշի պետությունը, այլ ոչ թե տուժող կողմը: Տուժողի շահերը դատարանում պաշտպանել է պետությունը՝ էդ մարդուն դատելով, դրանից հետո տուժողի կարծիքն այլևս որոշիչ չպետք է լինի: Որոշիչը դատապարտյալն է, իր վարքագիծը, ուղղման աշխատանքներն ու դրա արդյունքը, հակառակ դեպքում կստացի Լինչի դատաստանը»,- նշեց Մկրտչյանը:

«Ներման մասին» օրենքում նման փոփոխություն անելու վերաբերյալ նախագիծը e-draft կայքում կմնա մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Որոշման նախագիծը նախ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա՝ խորհրդարանի:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here