Մի քանի օր առաջ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք էր սկսել։ Նա այս մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջին, կոչ անելով ստորագրահավաքների համար նախատեսված www.change.org կայքում լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել ստորագրման կոճակը:

Արա Զոհրաբյանն ավելի վաղ մանրամանս ներյակացրել էր, թե ինչու չի ընդունում Ստամբուլյան կոնվենցիան։ Խնդիրների թվում, որոնք կարող ենք ունենալ, եթե վավերացնենք այն, նա թվարկել էր․

«Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա․․․որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ․․․Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը», — գրում է Արա Զոհրաբյանը։ :

www.change.org կայքը այսօր ջնջել է ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը։ Կայքի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են մեր փաստաբանների պալատի նախագահին, որ իր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվության մեջ հայտնաբերվել է ատելության խոսք:

«Ինչպես բացատրված է, մեր ուղեցույցում, մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը `ըստ տարիքի, գույնի ազգության, ազգային ծագման, ռասայականության, կրոնի, սեռի, սեռական կողմնորոշման, բժշկական վիճակի, կամ վետերանների կարգավիճակի» — պարզաբանել է գրասենյակը Զոհրաբյանին։

«Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան: Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին: ՈՒ այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները», — բարկացած հակադարձում է Զոհրաբյանը։:

Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի վերաբերյալ, կամ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է 11.05.2011թ․Ստամբուլ քաղաքում և ուժի մեջ է մտել 2014 թվականից, 2017-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ Սպասվում է, որ Հայաստանը պետք է վավերացնի այն, սակայն այս օրերին կատաղի հակաքարոզչություն է սկսվել բռնության բոլոր ձևերից պաշտպանության միտված այս փաստաթղթի վավերացման դեմ։

Պայքարի առաջամարտիկներից են Մայրաթոռ Սուրբ Եկեղեցին, որը հուլիսի 16-ին լսումներ էր կազմակերպել փաստաթղթի շուրջ։ Ելույթների համար հիմնականում հրավիրվել են գործիչներ, որոնք ավելի վաղ բացասաբար են արտահայտվել բռնության բոլոր ձեւերից պաշտպանող Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։

Հիմնական վտանգը դեմ արտահայտվողները տեսնում են գենդեր հասկացության մեջ։ Կոնվենցիայի երրորդ հոդվածը սահմանում է «գենդեր» հասկացությունը, կամ այսպես կոչված՝ երրորդ սեռը, որը նշանակում է «հասարակության ներսում ձեւավորված դերեր, վարքագիծ, գործունեություն եւ առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց եւ տղամարդկանց համար”։

«Փաստորեն, կոնվենցիան պաշտպանում է ոչ միայն կանանց, այլև բոլոր նրանց, որոնք “համապատասխան սոցիալական վարքագիծ են դրսևորում”, այսինքն՝ նոր սեռի ներկայացուցիչներին», — տագնապում է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիկ Չալաբյանը։

«Ես համոզված եմ, որ այդ կոնվենցիան միայն վերնագրով է բռնությունների դեմ, իրականում համասեռամելներին արտոնություններ վերապահելու և հեռանկարում ավանդական ընտանիքները քայքայելու միջոցով պետության ողնաշարը կոտրելն է։ Եվրոպական խորհրդարանն է անգամ դիմել Արդարադատության դատարան, քանի որ վստահ չէ արդյունքների մեջ », — Forrights.am-ին իր դիրքորոշումը հայտնեց իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելանը։

Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցին այս գաղափարները հակամարդկային են թվում և հեքիաթային։ «Գենդեր բառը մարդկանց մոտ սթրեսս է առաջացնում։ Ենթադրում են, որ եթե մի փաստաթղթում, որը լավ բանի համար է ստեղծվում, օգտագործվում է գենդեր տերմինը, ուրեմն վաղը դա օգտագործելով վատ բաներ են անելու։ Եւ սկսում են մի հեքիաթ պատմել, թե ինչ են ուզում անել։ Սկզբունքորեն հնարավոր է, որ հետագայում ինչ-որ օրենքներ ընդունվեն ԼԳՏԲ անձանց վերաբերող, բայց մեկը մյուսի հետ ուղիղ կապելն անտրամաբանական է», — ասում է Նինա Կարապետյանցը։

Նա ցնցվել է, իմանալով, որ փաստաբանների պալատի նախագահը ստորագրահավաք է կազմակերպել ընդդեմ կոնվենցիայի և ողջունում է www.change.org -ի գրասենյակը նրա հայտարարությունը ջնջելու համար։ «Փաստաբանության մասին օրենքում գրված է, որ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է։ Ուզում եմ հասկանալ, իրավապաշտպան գործունյեությունը արդյո՞ք համընկնում է այն ամենի հետ, ինչ գրում է Արա Զոհրաբյանը։ Ուրեմն, եկեք գրենք, որ փաստաբանությունն ընդամենը բիզնեսի տեսակ է, ծառայությունների մատուցման մի ոլորտ ու չասենք, որ դա իրավապաշտպանությունն է, որովհետև եթե դու չես ընդունում որոշակի խումբ մարդկանց ու խտրական վերաբերմունք ունես նրանց նկատմամբ, ուրեմն, դու իրավապաշտպան «ապրիորի» չես կարող լինել», -ասում է Նինա Կարապետյանցը։

Ընտանիքներում երեխաներին, կանանց պաշտպանելով, ի՞նչ կլինի, եթե նաև տրանսգենդերներին բռնություններից պաշտպանենք։ Ինչո՞վ են նրանք վտանգում ընտանեկան արժեքները։ Այս հարցին նա պատասխանեց․ «Կարելի է չընդունել որոշակի խումբ անձանց, բայց չբռնանալ նրանց նկատմամբ, կոչեր չանել նրանց վառելու, սպանելու։ Եթե դու գրում ես, որ դա բերելու է ԼԳՏԲ անձանց իրավունքների ավելի լայն պաշտպանությանը, նշանակում է, դու պայքարում ես կոնկրետ խմբի դեմ։ Ատելությունը միայն վառելու ու սպանելու կոչեր չեն», — Forrights.am-ի հարցերին պատասխանեց իրավապաշտպանը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest