«2 ամսվա մեջ 2 անգամ են ջուր տվել». Ջրբաժանի պատճառով գյուղացու արտը չորացել է

0
317

Forrights.am-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ Հայկանդուխտ Պետրոսյանը՝ խնդրելով իր բողոքը հասցնել համապատասխան ատյաններին, ընդհուպ՝ վարչապետին, քանի որ գյուղի ջրբաժանների ու ՋՕԸ պատասխանատուի գործունեության արդյունքում չորացել են իր 2000 քմ հողատարածքի տնկիները ու չորացման վտանգի տակ է 1000 քմ այգին:

«Երկու ամսվա մեջ ինձ երկու անգամ ոռոգման ջուր են տվել: Ջուրը տալիս են իրենց շրջապատի մարդկանց, ում իրենք են ուզում: Ինձ ասում են՝ գնա, կտանք, բայց չեն տալիս»,-դժգոհեց գյուղացին, որն այսօր շվարել է, թե ինչպես է չորացած դաշտի պարագայում ապրելու, հողի հարկն ու ջրի գումարը մուծելու:

«Խնդրում եմ՝ եկեք տեսեք, էս հարցը լուծեք: Ինձ հիմա ջուր չեն տալիս: Ես հողի վարձ եմ տալիս, խնդրում եմ Երևանից կամիսիա գա, իմ հողերը նայի»,-ասաց գյուղացին՝ շարունակելով. «Ես տրակտորիստին 100 հազար եմ տվել, 10 դրամով էլ սածիլ եմ առել, 2000 մետր հողի սածիլը վառվել, թափվել է: Ջուր բաժանողն ինձ հալածում ա»:

Գյուղացու խոսքով՝ իր բողոքներին ու պահանջին գյուղի ՋՕԸ-ում արհամարհանքով են պատասխանել:

Նարեկ գյուղի ոռոգման ջրի տեղամասի պատասխանատու Գոռ Արմոյանը մեզ հետ զրույցում հակառակը պնդեց, որ իրենք հերթով ջուրը բաց են թողնում, բայց գյուղացին ինքը չի գնում ջրելու: «Ջուր տալիս ենք, ինքը չի գալիս, որ ջրի: Սուտ է, որ երկու ամիս չի ջրել»: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են դաշտերը չորացած ու ո՞վ է պատասխանատու գյուղացու ցանքի ոչնչացման համար, Ամրոյանն ասաց. «Փչացրել ենք, թող դատի տա, ես պատրաստ եմ պատասխանել, բայց մենք չենք փչացրել: Մենք միտում չունենք իրեն ջուր չտալու»:

Տիկին Հայկանդուխտը դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որտեղից գնացել, իր չորացած դաշտերը նկարել են, բայց դեռ պատասխան չեն տվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here