««Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»

« «Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք». 3 տարի առաջ լուսադեմ 05:28 րոպեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը թնդաց Վարուժան Ավետիսյանի կոչ-հայտարարությամբ:

«Հիմնադիր խորհրդարան» շարժման 28 անձիք գրավել էին Էրեբունու պարեկապահակետային ծառայության գունդը՝ պատանդ վերցնելով ներսում գտնվող 7 ոստիկանի: Քիչ անց Ավետիսյանը երկրորդ գրառումն է կատարում և ներկայացնում իրենց պահանջը՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին.

«Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը»,- հայտարարում էր Վարուժան Ավետիսյանը:

Ժամեր անց պարզվում է, որ ՊՊԾ գունդ մտնելու ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ մահացու վիրավորում էին ստացել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը և Գագիկ Մկրտչյանը. Վանոյանը մահացել էր տեղում, Մկրտչյանը՝ գրեթե մեկ ամիս անց՝ օգոստոսի 13-ին: Կրակոցներից ծանր վնասվածներ էին ստացել նաև խմբի անդամներից մի քանիսը:

«Սասնա Ծռեր»-ի քայլը մեծ իրարանցում առաջացրեց ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հանրության շրջանում: Մարդկանց կարծիքները հակասական էին՝ մի մասի համար նրանք ապստամբեր էին, մյուս մասի համար՝ խումբն ահաբեկչական նկրտումներ ուներ: Ի վերջո ժողովրդի մի մասը կանգնեց «Սասնա Ծռեր»-ի կողքին և շտապեց Էրեբունու ոստիկանական պատնեշի մոտ…Սկսվեցին լարված օրերը:

Կեսօրին այն ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը գունդ է մտնում, որպեսզի բանակցի խմբի անդամների հետ, սակայն պատանդառվում է: Ծռերը հայտարարում են, որ իրենց մոտ է գտնվում նաև Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը:

Ամեն ինչ խաղաղ է ընթանում մինչև հուլիսի 20-ը. լարված դրություն, ապա բախումներ է տեղի ունենում ոստիկանների և ցուցարարներիր միջև: Ոստիկանները և ցուցարարները մահակներով, քարերով և շշերով հարվածում են միմյանց։ Ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային համակարգ և արցունքաբեր գազ։ Բախման արդյունքում վիրավորվում է 51 մարդ, որոնցից 27-ը ոստիկան, 24-ը քաղաքացիական անձ:

Օրեր անց միջադեպ է տեղի ունենում նաև զինված խմբի ու ոստիկանների միջև, որի արդյունքում վիրավորվում են զինված խմբի երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Ապստամբերի համաձայնությամբ նրանք տեղափոխվում են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հաջորդ օրը «Հաց Բերող» Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով բեռնված սնունդով մուտք է գործում ՊՊԾ գնդի տարածք, ոստիկանները կրակելով փորձում են կասեցնել մեքենան, սակայն դա անել չի հաջողվում։ Ամիսներ անց Սարգսյանը մահանում էր 40-օրյա հացուլից օրեր անց:

Հուլիսի 26-ի գիշերը՝ ոստիկանության և զինված խմբի մեջ նոր բախում է տեղի ունենում: Ոստիկանության հարձակման արդյունքում սկսվում է հրաձգություն, որի արդյունքում վիրավորվում է խմբի 4 անդամ և մեկ ոստիկան։ Խմբի անդամներից վիրավորվել են Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ովքեր անմիջապես տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Նույն գիշերը ոստիկանները բերման են ենթարկում Խորենացի փողոցում խմբին աջակցող ցուցարարներին:

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա՝ մահակներով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Վիրավորում էր ստացել 60 անձ, ծեծի ենթարկվեցին նաև մի շարք լրատամիջոցների ներկայացուցիչներ:

Հաջորդ օրը ոստիկանական մեքենայում սպանվեց ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Հուլիսի 31-ին Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Քիչ հետո ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց «ահաբեկիչ», իսկ գործողությունն անվանեց՝ «հակաահաբեկչական»։

Դատական նիստեր՝ 3 տարի և ավելի. համաներման խտրական օրենքի ընդունում

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը: Մեղադրանք առաջադրվեց 32 անձի, որոնցից 4-ին կալանավորեցին խմբին աջակցելու մեղադրանքով: Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրեց Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Դատական նիստերն անցնում էին բավականին լարված և բուռն մթնոլորտում: Քրեական գործից 2 մաս անջատվեց և գործը սկսեց քննվել 3 տարբեր դատավորների կողմից: «Սասնա Ծռեր» խմբի անդամներն առաջին իսկ օրվանից հայտարարեցին, որ իրենք քաղբանտարկյալներ են և շեշտեցին.

«Մենք իրացրել ենք ապստամբելու մեր իրավունքը»:

Շուրջ մեկ տարի նիստերը հետաձգվում կամ ընդմիջվում էի դատական տեխնիկական թերացումների պատճառով. մեկ փաստաբանին թույլ չէին տալիս դատարան մուտք գործելու, մեկ արգելում՝ պայուսակ տանել դահլիճ, մեկ էլ ուղղակի դահլիճի հակառակ կողմում է բացակայում դատական նիստի ձայնը:

2018 թվականի  հունիսի 28-ի դատական նիստին՝ հենց դատարանի նկուղում դաժան ծեծի ենթարկվեցին խմբի չորս անդամներ՝ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը: Հետագայում այս ծեծն անհետևանք չմնաց. ամիսներ անց՝ սրտի կաթվածից մահացավ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը:

Դատական նիստերը փոքր-ինչ կանոնավորվեց նախորդ տարվա հեղափոխությունից հետո: Դատարանը սկսեց ոչ միայն կանոնավոր կերպով նիստեր անցկացնել, այլև չխորշեց փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանքը:

Մեկը մյուսի հետևից ազատության մեջ հայտնվեցին խմբի անդամները. նրանցից ոմանց նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարիվեց ստորագրությամբ, գրավով և պատգամավորական անձնական երաշխավորությամբ: Դատարանը մինչ օրս այդպես էլ չփոխեց սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի կալանավորումը:

Ի նշան Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը համաներում հայտարարեց: Համաներումն ազդում էր նաև «Սասնա Ծռեր» խմբավորման վրա, սակայն ունեցավ տարբերակված մոտեցում. համաներումը կազդի, եթե տուժողները կամ նրանց հարազատները չեն առարկի դրա դեմ: Հատկանշական է, որ Համաներման մասին օրենքում խուսափել էին օգտագործել «Սասնա Ծռեր» անվանումը:

Դատական նիստերի ընթացքում՝ գործով անցնող տուժողների կամ նրանց իրավահաջորդների մեծ մասն առարկեցին, որ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի.

«Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,- իր առարկության հիմքում նշել էր Վալերիյ Օսիպյանը:

Այսօր՝ կատարված դեպքերից 3 տարի անց, դեռ շարունակվում է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը: Այս պահին շարունակվում է գործով անցնող տուժողների և վկաների հարցաքննությունը: Նրանց թիվն անցնում է 100-ից:

Հավելենք, որ դատական նիստերը շարունակվում են միայն մեկ դատավորի՝ Մեսրոպ Մակյանի մոտ, մյուս մասերից մեկի նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը տևական ժամանակ նիստեր չգումարելուց հետո, վերջին մեկ ամիսում փորձեց  «քավել մեղքերը», սակայն անարդյունք. նիստերը պարբերաբար հետաձգվում են: Մյուս մասով գործի շրջանակներում փոխվեց 4 դատավոր: Այս պահին այդ մասով քննություն չի ընթանում:

Այսօրը…««Սասնա Ծռեր գործողության» կարիքը չկա. զենքի էջը փակված է»

Forrights-ը դեպքերից 3 տարի անց խոսեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

-Եթե 3 տարի հետ գնայիք, արդյո՞ք կրկին կանեիք այդ քայլը:

Զինված ապստամբությունն այն ժամանակ ազգային աղետը կանխելու միակ տարբերակն էր: Դրա նպատակը միայն ռեժիմին տապալելը չէր, այլ, առաջին հերթին, Արցախի հանձնումն ու դրան օբյեկտիվորեն հաջորդելիք պետականության ու hայրենիքի այս վերջին կտորի կորուստը կանխելը: Ռեժիմին տապալելն աղետը կանխելու միջոց էր:

Այսօր ոմանց ձեռնտու է մոռանալ այդ հանգամանքը և ձևացնել, թե տեսաք, դուք ասում էիք առանց զենքի չի լինի, մինչդեռ 2018-ին եղավ: Իրականում 2018-ը 2016-ի և նախորդ ընդվզումների շարունակությունն էր: Եվ 2018-ը խաղաղ տարբերակով եղավ, որովհետև 2016-ին ռեժիմը սպառեց բռնության ռեսուրսը: Յուրաքանչյուր հայ մարդ և քաղաքացի պարտավոր էր այն ժամանակ զենք վերցնել, ես էլ նրանց թվում:

-Ի՞նչ տվեց «Սասնա Ծռեր» խմբի գործողությունները ձեզ, Հայաստանին, հայ ժողովրդին:

-Մենք, ընդհանուր առմամբ, բավարարված ենք «Սասնա Ծռեր»-ի hուլիսյան ապստամբության արդյունքով, քանի որ հաջողվեց վիժեցնել Արցախի և պետականության կորուստը, ինչպես նաև հող նախապատրաստել 2018-ին ազգադավ ու ոճրագործ ռեժիմին հեռացնելու համար: Մեր ժողովրդի մեջ այն վերածնեց իր կամքով ու գործով իր ճակատագիրը տնօրինելու վստահությունը, իսկ հակառակորդին ցույց տվեց, որ ստիպված է հարգել մեզ ու հաշվի նստել մեզ հետ:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին Հուլիսյան ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ: Համոզված եմ, որ Հուլիսի 17-ը մոտ պագայում պաշտոնապես կդառնա ազգային տոն:

-Այսօր «Սասնա Ծռեր գործողության» կարիքը կա՞:

Ո՛չ: Այսօր մեր ժողովուրդն արդեն վերահաստատել է իր կամքը: Տրամագծորեն տարբեր իրավիճակ է հիմա: Մենք 2018 թվականի ռեժիմի հեռանալուց հետո դեռ բանտից հայտարարեցինք, որ զենքի էջը փակված է: Եվ այսօր ու հետագայում էլ համոզմունքով մնում ենք այդ դիրքում:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest