Շուրջ 20 օր է, ինչ ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ որի, ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց:

Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

Մինչ ցմահ դատապարտյալները ոգևորված էին փոփոխությունների այս փաթեթով, մի մասն արդեն իսկ բաց ռեժիմ տեղափոխվելու դիմումը էր գրել, Արդարադատության նախարարությունը շտապեց նրանց «թևերը կտրել»: Նախարարությունը պարզաբանում տարածեց, համաձայն որի միայն 20 և ավել տարի պատիժ կրելը դեռևս հիմք չէ բաց ռեժիմ դուրս գալու համար և դատապարտյալները պետք է բաց ռեժիմի անցնեն աստիճանական համակարգով՝ փակից անցնեն կիսափակի, կիսափակից՝ կիսաբաց և միայն վերջում, երբ կանցնեն բոլոր ռեժիմներով, կկարողանան դիմել բաց ռեժիմ տեղափոխվելու համար: 

Այս պահին 91 ցմահներից միայն ինն են դիմել ռեժիմի փոփոխության համար, սակայն նրանցից դեռ ոչ ոք ՀՀ քրեակատարողական ծառայությանը կից Տեղաբաշխման հանձնաժողովից որևէ պատասխան չի ստացել: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանեց.

«Դիմումները դեռ քննարկման փուլում են»:

Դիմումները մերժելու կամ ընդունելու համար Տեղաբաշխման հանձնաժողովն ունի մեկ ամիս ժամանակ, այնինչ ցմահ դատապարտյալներն իրենց դիմումների պատասխանին սպասում են ամեն պահ:

24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը դիմումը գրել է օրերս, այսօր այն արդեն դրված է հանձնաժողովի սեղանին: Ըստ դատարանի որոշման, Արթուրի պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ պետք է փոխվեր դեռ նախորդ տարի օգոստոս ամսից, սակայն Քրեակատարողական ծառայությունը չի շտապում կատարել դատարանի որոշումը: Մինչ օրս դատապարտյալը պահվում է փակ ռեժիմում, օգտվում փակ ռեժիմի համար նախատեսված «բարիքներից»:

Այսօր Արթուրն ընդունել է Արդարադատության նախարարության սահմանած աստիճանական համակարգից և դիմել է կիսափակ ռեժիմից կիսաբաց անցնելու համար: Դատապարտյալն այս անգամ ավելի վճռական է տրամադրված. եթե հանձնաժողովը մերժի իր դիմումը, ապա նա կդիմի դատարան.

«Ըստ նախարարության, ցմահ դատապարտյալի դեպքում ևս պետք է գործի պատժի կրման ռեժիմի փոփոխության չափորոշիչները՝ անձնական գործը, բնութագիրն ու վարքագիծը, կարգապահական տույժերը, խրախուսանքները և այլն: Տեսնենք հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արթուրը:

Ըստ դատապարտյալի, օրենքում կատարված փոփոխությունը կրկին հույս է արթնացրել ցմահների շրջանում: Նրանց ոգևորել է այն հանգամանքը, որ հնարավորություն կունենան օրվա մեջ գոնե մի քանի ժամ անցկացնել ազատության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում ցմահ դատապարտյալների ծնողներն ու հարազատները: Նրանք եկել էին կրկին բարձրաձայնելու իրենց որդիների նկատմամբ տարիներ առաջ իրականացված «անարդարության և օրենքների անգործության» մասին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին՝ վերաբացել ցմահների գործերը, նոր քննություն նշանակել և անմեղ մարդկանց ազատ արձակել:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest