Յուրիկ Բրոյանին անգիտակից վիճակում տարան ռազմակաման ոստիկանություն․ Պն հաշվեհարդարը զինծառայողի նկատմամբ

0
778
Յուրիկ Բրոյան

20 տարեկան եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանի մոտ մեկ տարվա չարչարանքները կարծես, ավարտվում էին: Յուրիկը նյարդային համակարգի հետ կապված ծանր հիվանդություն ունի, որը բժիշկները չեն կարողանում ոչ ախտորոշել, ոչ բուժել: Նա դժվարությամբ է տեղաշարժվում, անընդհատ ցնցումների մեջ է, պահվում է ՙՙՆուբարաշենի՚՚ հոգեկան առողջության կենտրոնում: Նրա առողջական վիճակը մեկ տարվա պայքարից հետո վերջապես արձանագրվել է: Կա բժշկական եզրակացություն, որով Յուրիկ Բրոյանը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Այսօր նրա մորը՝ Մարինե Բրոյանին բժիշկները վերջապես թույլ տվեցին, որ որդուն տանի տուն: Սակայն հասնելով տուն, մայրը տեղեկանում է, որ որդու նկատմամբ պաշտպանության նախարարությունը հետախուզում է հայտարարել:

«Զիծառայողը բուժումն ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս, — մի քանի ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջին գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, —

Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս: Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»:

Նախարար Դավիթ Տոնոյանը, կարծես, նպատակադրված հալածում է հոգեխախտ երիտասարդին, որին մեկ տարի առաջ նախարարը իր խոսնակի շուրթերով հրապարակավ սիմուլյանտն էր անվանում:
ՙ
ՙՄեկ շաբաթ առաջ բժիշկները ասեցին, որ դուրս են գրում Բրոյանին, — ասում է փաստաբան, ՙՙԼրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության խորհդատու Հայարփի Սարգսյանը, — ես խնդրել էի «ՙՆուբարաշեն՚՚ հոգեկան առողջության կենտրոնի պետին, որ դուրս գրումը մի քիչ ուշացնեն, որպեսզի պաշտպանության նախարարությունը հասցնի կազմակերպել նրա ազատումը ծառայությունից: Ինձ ընդառաջեցին, երկուշաբթի կանչեցին, ասեցին՝ դուրս ենք գրում, թղթերը կուղարկենք նախարարություն, դուք կարող եք տանել տուն: Բայց այսօր առավոտյան Մարինե Բրոյանը զանգեց և ասեց, որ ռազմական ոստիկանությունը փնտրում է որդուն»:

ՊՆ խոսնակի գրառումը նա ապատեղեկատվություն է համարում:ՙ

«Նախ, նա բուժում չի ստացել, նա անդառնալի վնաս է կրել, և խոսնակը թյուրըմբռնում է ստեղծում հասարակության մեջ: Երկրորդ՝ նա անհայտ ուղղությամբ չի գնացել: Նախարարությունում բոլորը տեղյակ են, որ նա դուսր է գրվել: Ես անձամբ խոսել եմ ռազմական ոստիկանության պետի հետ, նաև զորամասի ռազմական ոստիկանությունում բոլորը տեղյակ են, որ ինքը մոր հետ տուն է գնացել: Եթե մորը զանգում են, ասում են՝ տղայիդ դուրս են գրում, այդ մայրը ի՞նչ անի, տանի ռազմական ոստիկանությու՞ն: Նրան պետք է տանեին հոսպիտալ ու այնտեղից առավոտյան պետք է տանեին ռազմաբժշկականի նիստին ու արդեն պարզ է, որ էլ պիտանի չի նա, դուրս կգրվեր կգնար տուն», — նշում է Բրոյանի փաստաբանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունից Յուրիկի պատմությանն անտեղյակներին կարող է թվալ, թե գործ ունեն ոչ թե հիվանդ, ծեծված, ռազմական ոստիկանությունում և զորամասում բռնությունների ենթարկված երիտասարդի, այլ չարամիտ դասալիքի հետ: Մինչդեռ հենց այս պահին Յուրիկը անգամ չի հասկանում, ինչ է կատարվում իր շուրջ: Նա ուժեղ դեղերի ազդեցության տակ է, որոնք հնարավորություն են տալիս գոնե մի քանի ժամով թեթևացնել երիտասարդի գլխի ցնցումները:

Պատմում է Բրոյանի մայրը՝ Մարինեն:

«ՙԵրեխին ձեռիցս հանեցին, քնած վիճակում տարան ռազմական ոստիկանություն: Տարել էի, լողացրել էի, բժիշկը ասել էր՝ ուշադիր կլինես, ինքը արդեն անջատված ա, ոչ մի բան չի զգում: Քնած վիճակում դրել եմ տաքսի, տարել եմ տուն, գրկած վիճակում իջեցրել ենք մեքենայից: Մի պահ զարթնեց, կերակրեցի, լողացրեցի, էլի բերի Մուրացանի հիվանդանոց: Ոչ ոք նրան չընդունեց: Մի բոյով, լիքոտ բժիշկ դուրս եկավ, ասեց՝ ձեր երեխուն ստուգել եմ, իրա մոտ ամեն ինչ նորմալ ա, տարեք զորամաս: Տարան ռազմական ոստիկանություն: Վաղը կտեսնեն, պիտանի է, թե չէ: Չթողեցին, որ հոգեբուժարանում տված դեղերը դնեմ հետը: Ասեցին՝ մենք չենք կարող էդ դեղերը տանք: Շատ վատ վիճակում էր երեխեն»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, որը մեկ տարի շարունակ իր տեսադաշտում է պահում Յուրիկ Բրոյանին, խնդրեցինք իր կարծիքը հայտնել ստեղծված արտառոց իրավիճակի շուրջ:

« Այսօր Մուրացանի հոսպիտալի բակում ՊՆ-ն ռազմական ոստիկանության միջոցով ահաբեկության մթնոլորտ էր ստեղծել հիվանդ զինվորի և նրա մոր համար, սպառնում էին Մարտակերտ տանել անօգնական հիվանդ զինվորին, իսկ Մարտակերտ տանելն իրոք սպառնալիք է, այնտեղ են խոշտանգել հիվանդ տղային։ Սա հաշվեհարդար է հիվանդ զինծառայողի նկատմամբ։ ՊՆ-ն ամենաբարձր մակարդակով պնդում էր, որ Յուրիկը սիմուլյանտ է, սակայն դատահոգեբուժական փորձաքննությունները չհաստատեցին նրանց վարկածը։ Շարքային զինծառայողը արժեք չունի բանակում, նրա հետ ինչպես ուզեն կվարվեն, իսկ կարող են նրանց զավակների հետ այդպես վարվել, իհարկե ոչ։ Ոչինչ չի փոխվել, նույն անմարդկային վերաբերմունքն է»։

Տեսանյութը՝ news.am

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here