Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն տարածեց, նշելով, որ Արման Թաթոյանը Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Թաթոյանը Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստում է՝ սա ՄԻՊ-ի կողմից «ուշացած արձագանք էր».

«Մեկ տարուց ավել է, ինչ գործի քննությունն ընթանում է, սակայն ՄԻՊ-ը միայն այսօր է արձագանքում Խաչատրյան քույրերի գործին: Արձագանքներ չեղան, երբ քույրերը ձերբակալվեցին, որևէ արձագանք չեղավ նախաքննության ամբողջ ընթացքում, բայց…լավ է ուշ, քան երբեք: Ընդհանրապես, ՄԻՊ-ը կանանց նկատմամբ բռնության դեպքերին շատ դժվար է արձագանքում»,- Forrights_ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, պետք է ոչ միայն արձագանքել, այլև կոշտ գնահատական տալ բռնության դեպքերին: Իրավապաշտպանը հայտարարում է՝ աղջիկները հիմա հանրության աջակցության կարիքն ունեն:

«Հանրությունը դեռևս մանրամասն չգիտի, թե իրականում ինչ է կատարվել, գիտի այնքան, ինչքան փաստաբաններն են բարձրաձայնել: Գործը բավականին բարդ է, նախաքնության փուլում բազմաթիվ վկայություններ կան աղջիկների բռնության ենթարկվելու վերաբերյալ, որոնց մասին պետք է հանրությունը տեղեկանա»:

Չնայած հանցագործության ծանրությանը, տասնյակ հազարավոր մարդիկ հանդես են գալիս ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի, պնդելով՝ աղջիկներն իրենց հոր բռնարարքներից ինքնապաշտպանվելու իրավունք ունեն: Նրանք մեղադրում և քննադատում են Ռուսաստանի դատաիրավական համակարգին՝ ընտանեկան բռնությունների հանդեպ աչքերը փակելու համար:

Շուրջ 230 հազար մարդ ստորագրել է Ռուսաստանի իշխանություններին ուղղված խնդրագիրը, որով նրանք խնդրում են քրեական պատասխանատվության չենթարկել Խաչատրյան քույրերին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ևս հանրային աջակցության ալիք բարձրացվեց Խաչատրյան քույրերի համար: Ակցիայի մասնակիցները հավաքվեցին Ռուսաստանի դեսպանատան դիմաց և «Կնասպանութունը հեչ, տղամարդու սպանությունը՝ մեջ», «Կանայք հրաժարվում են մահանալ» և այլ գրությամբ պաստառներով իրենց բողոքն էին արտահայտում Ռուսաստանում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման և Խաչատուրյան քույրերի ազատության համար:

«Ակցիաները կլինեն շարունակական, քանի որ հանրության շրջանում աճում է բռնության դեմ պայքարի և քույրերի կողքին լինելու ցանկությունը»,- հավելեց Զառա Հովհաննիսյանը:

Խաչատրյան քույրերի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն այս պահին ուղարկվել է դատարան: Դատաքննության փուլը կսկսվի մոտ ժամանակներս:

Օրեր առաջ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել: Կարճ ժամանակ անց տեղեկությունը հերքվեց Խաչատրյան քույրերի փաստաբանի կողմից:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը  հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։  Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների  հրապարակումների՝ աղջիկները հարցաքննությունների ժամանակ  պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest