Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ այսօր մերժել  է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչից պահանջում էր վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի) մարտի 11-ի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը:

Պողոսյանը Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը անօրինական է համարում․

«Օրենքով սահմանված կարգով հետախուզում չի հայտարարվել․ խափանման միջոց կիրառված չի եղել, և քննիչը հետախուզում է հայտարարել: Դա մեկ: Երկրորդ, վարույթն իրականացնող մարմինը ողջամիտ որևէ գործողություն չի իրականացրել, որպեսզի հանգի հետևության, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Դեռ ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը հենց էդ հետախուզում հայտարարելու ժամանակ կոնկրետ և հստակ իմացել է Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը և էդ հանգամանքին որևէ ուշադրություն չի դարձրել»:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թ. հոկտեմբերին, նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո:

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest