Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 47-ամյա բնակչի հետ՝ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ, որպես կաշառք պահանջել խոշոր չափի՝ 487 հազար 290 դրամին համարժեք 1000 դոլար գումար, փոխանցում է Քննչական կոմիտեն: 2017 թվականի նոյեմբերի 13-ին 47-ամյա տղամարդու դուստրը աշխատանքի է ընդունվել հիշյալ դպրոցում, իսկ պայմանավորված գումարը դպրոցի տնօրենին պարտավորվել է փոխանցել աղջկա ամուսինը: Այդ նպատակով 2018-ի հունվարին նա հանդիպել է դպրոցի տնօրենին, տվել 200 հազար դրամ կաշառք, իսկ մնացած մասը հետագայում հրաժարվել է վճարել, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը», իսկ կնոջ հորն ու ամուսնուն՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «խոշոր չափերով կաշառք տալը»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest