«Ես ցմահների նկատմամբ ակնկալում էի հեղափոխական մոտեցում…».բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ

0
1081

«Ցմահ ասելով ՝ժողովուրդը չպետք ա հասկանա, որ բոլորը հանցագործներ են…»

Այսօր վաղ առավոտից ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ծնողներն ու հարազատները: Նրանք եկել էին կրկին բարձրաձայնելու իրենց որդիների նկատմամբ տարիներ առաջ իրականացված «անարդարության և օրենքների անգործության» մասին:

Ակցիայի մասնակիցները վկայակոչում էին 2011 թվականին ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մշակված և ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում է ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն: Օրենքի հիշյալ դրույթը մեղմացում էր նախատեսում հենց ցմահ դատապարտյալների պարագայում:

«Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն»,- նախագծի հիմքում նշել էր Դատախազությունը:

Օրենքի ընդունումը կրկին հույս էր արթնացրել ցմահների մեջ և 42 ցմահ դատապարտյալներ դիմել էին դատարաններ՝ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ դրական առաջընթաց չկա:

«Ինչ ա, մարդիկ մահանալո՞ւ են բանտի պատերի մեջ, հենա միանգամից գնդակահարեիք վերջացնեիք»

Ջավահիր Մկրտչյանը 24 տարի անազատության մեջ գտնվող Արթուր Մկրտչյանի մայրն է: Արթուրին 1996թ-ին մեղադրել էին հինգ ծառայակիցների սպանության մեջ՝ մեկ վկայի իրարամերժ ցուցմունքների և Արթուրի ինքնախոստովանական ցուցմունքը հիման վրա, որը նա տվել էր խոշտանգումների և բռնությունների արդյունքում։

Այսօր տիկին Ջավահիրը բարձրաձայնում է՝ եթե գրված օրենքները չեն աշխատում դատապարտյալների համար, ապա ինչ իմաստ ունի մարդկանց դիվադադար անել և սին հույսեր արթնացնել.

«Եկել ենք խնդրեք, որ իրենց գրած օրենքն աշխատեցնեն: Գործերի վերանայում չկա…մեղավոր-անմեղ, էդ մարդիկ նստել են, գոնե օգտագործեն իրենց գրած օրենքներն ու ցմահներին ինտեգրեն հասարակության մեջ: Ինչ ա, մարդիկ մահանալո՞ւ են բանտի պատերի մեջ, հենա միանգամից գնդակահարեիք վերջացնեիք»,- Forrights-ի հետ զրույցում իր բողոքն արտահայտեց Արթուրի մայրը:

Ըստ նրա, հավանականությունը շատ ցածր է, որ ծանր հանցագործություն կատարած մարդը կրկին հանցագործություն կգործի.

«Ենթադրությունով օրենք չեն աշխատացնում»,- նշում է Ջավահիր Մկրտչյանը:

Դատապարտյալի մայրը հստակ նշում էր իր պահանջը՝ վերաբացել ցմահների գործերը և անմեղ մարդկանց ազատ արձակել

15 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը, բողոքի ակցիայի ժամանակ պարբերաբար կրկնում էր որդու խոսքերը՝ եթե գործիս վերանայման արդյունքում պարզվի՝ մեղավոր եմ, թող տուժող կողմն ինձ հրապարակավ գնդակահարի: Դատապարտյալի մայրը հստակ նշում էր իր պահանջը՝ վերաբացել ցմահների գործերը, նոր քննություն նշանակել և անմեղ մարդկանց ազատ արձակել.

«Իմ երեխեն 15 տարի ա նստած ա, բայց ինքն էլ չգիտի, թե ում հանցանքի համար: Մի հոգու ցուցմունքի հիման վրա ցմահ տվեցին, հաշվի չառան, որ էդ 15 հատորանոց գործից, եթե A4 ֆորմատի մի թուղթ հանեն, իմ տղու անունն ամբողջ գործից դուրս կգա: 19 տարեկան երեխուն ի՞նչ իրավունքով են ցմահ դատապարտում, որ ինքը գնացել հայրենի՞ք ա պաշտպանել, դրա՞ համար: Ես պահանջում եմ գործի վերանայում»,- հայտարարեց տիկին Ֆենյան:

«Ասում են՝ սպասեք, լավ կլինի, սպասում ենք, արդեն 12 տարի սպասում ենք»

Կառավարության շենքի առաջ հավաքված բազմության մեջ էր նաև 82-ամյա Մանիկ Վարդանյանը: Forrights-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր 32-ամյա թոռը՝ Գևորգ Բադալյանը, արդեն շուրջ 12 տարի է անազատության մեջ է. 2007 թվականին Գևորգը ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Տիկին Մանիկի խոսքով՝ թոռն անմեղ է և ուրիշի կատարած հանցանքն է իր վրա կրում.

«Ուրիշը մարդ ա խփել, բայց իրա վրա են գցել: Էս 12 տարի ա գնացել անմեղ նստել ա: Մի հատ պատասխան էլ չեն տալիս՝ ազատվելո՞ւ ա, թե չէ: 2 երեխեքն էլ մոր վզից կախված սպասում են…»,- հուզված պատմում էր տիկին Մանյան:

Դատապարտյալ Բադալյանն ու իր տատիկը պարբերաբար դիմում-խնդրանքներ են գրել, սակայն՝ անօգուտ:

«Երեխես զանգում, ասում ա՝ տատ ջան, գնա ստեղ, գնում եմ, բայց ոչ մեկ հաշվի չի առնում մեր գնալն ու դիմում գրելը: Ասում են՝ սպասեք, լավ կլինի, սպասում ենք, արդեն 12 տարի սպասում ենք»:

«Բանտերում լիքը մարդիկ կան, որոնք այսօր անտեղ չպետք ա լինեին»

Բողոքի ակցիա իրականացնողներից միայն Կարինե Նազարյանի տղա՝ Խաչիկյան Արամն էր ընդունել, որ կատարել է իրեն մեղսագրվող սպանությունը և զղջացել դրա համար: Ըստ դատապարտյալի մոր խոսքերի՝ իր տղան սպանությունը կատարել է հուզական բարձր ֆոնի վրա, ինչն արձանագրել է նաև քննչական խումբը.

«Կնոջը դավաճանելիս բռնացրել ու խանդի հողի վրա հարվածել ա, էդ ժամանակ կնոջ տատն ա միջամտել, տղես էլ իրա ամբողջ բարկությունը թափել ա տատի վրա: Դատարանն էդ ամեն ինչը ֆիքսել ա, բայց հաշվի չի առել, թե ինչ պայմաններում ա դեպքն եղել, ինչ հուզական վիճակում ա կատարել: Անչափահաս 1 տարեկան երեխա էլ ա ունեցել, ու էս ամեն ինչը հաշվի չառնելով, տվել են ցմահ»,- պատմում է տիկին Կարինեն:

Նրանք հույս ունեն, որ 2011 թվականի օրենքի փոփոխումը գոնե այսօր կգործի և Խաչիկյանի համար մի որևէ պատժաչափ կնշանակեն.

«Ես ուզում եմ խնդրել, որ էդ օրենքի ընդունումը գոնե օգնի, քանի որ լիքը մարդիկ կան, որոնք այսօր անտեղ չպետք ա լինեին»:

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը, միանալով բողոքի ակցիա իրականացնող ցմահ դատապարտյալների հարազատների պահանջներին, մատնանշեց՝ որ քրեական գործերի վերաբացումն այսօր որքան էլ հրատապ է, սակայն այն իր հետ որոշակի դժվարություններ կառաջացնի.

«Պետք է հնարավորություն լինի վերանայել քրեական գործերը, բայց այստեղ էլ մեծ դժվարության առաջ ենք կանգնելու, քանի որ գործով անցնող ապացույցները պահպանված չեն, դրանք լրացուցիչ հետազոտելու հնարավորություն չենք կարող ունենալ»,- նշեց իրավապաշտպանը:

Ըստ նրա, 1990-ականներին Հայաստանը չի ունեցել դատական համակարգ, որը թույլ կտար իրաանացնել արդար դատաքննություն: Կարապետյանցը փաստեց՝ այդ դատավարությունները տևել են 2 շաբաթից 1 ամիս, ուստի նման պայմաններում անձին ցմահ ազատազրկման դատապարտելն առնվազն անտրամաբանական է:

«Ես ցմահների նկատմամբ ակնկալում էի հեղափոխական մոտեցում, քանի որ դա ասել էր անձամբ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը խոստանալով՝ առանձին մոտեցում կլինի ցմահների համար, այն էլ…»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը դրական գնահատեց բողոքի ակցիա իրականացնողների պահանջները: Իրավապաշտպանը նշեց՝ Կառավարությունը պետք է ընդունի և լսի ինչպես հարազատներին, այնպես էլ հենց ցմահ դատապարտյալներին.

«ԱԺ-ն վերջերս օրենք ընդունեց, որով նախատեսվում է ցմահ դատապարտյալների ռեժիմի փոփոխություն՝ աստիճանական, բայց ցմահները պահանջում են նաև գործերի վերանայում: Այդ աստիճանական փոփոխությունը սահուն չէ, կարող են կամայական լինել որոշումները, մեխանիզմներ չկան մշակված: Միշտ կա կամայական մոտեցում չինովնիկների կողմից»,- ասաց իրավապաշտպանը:

Ակցիայի մասնակիցները փոքրիկ զրույց ունեցան Կառավարության շենք մտնող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Վերջինս խոստացավ նիստից հետո հանդիպել և լսել ցմահ դատապարտյալների հարազատներին:

Ռոզա Վարդանյան

Լուսանկարն ու տեսանյութերը՝ Ազնիվ Սիրադեղյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here