«2019-ից առ այսօր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է 13 մահվան դեպք»,- «Մահվան դեպքեր բանտերում․ բուժսպասարկման հասանելիության խնդիրները ՔԿՀ-ներում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը: Հիմնականում մեծ թիվ են կազմում սիրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերը:

«Գլխուղեղային արյան շրջանառության մեկ դեպք է գրանցվել, ինքնասպանության երկու դեպք է գրանցվել, սուր լեյկոզ՝ ուռուցքային հիվանդություններով՝ մեկ դեպք, գազտրոէնտերոլոգիական հիվանդություններով՝ երկու դեպք և այլ հիվանդություններով երկու դեպք»,-մանրամասնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալը:

«Դատապարտյալի հիվանդությունն արձանագրվել է, բնականաբար համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո դրական արդյունք չի գրանցվել, և արդյունքում նա մահացել է»,-նշեց նա, հավելելով, որ ինը մահացության դեպքերն արձանագրվել են  դատապարտյալների հիվանդանոցում՝ երկու դեպք, Արմավիր ՔԿՀ-ում գրանցվել է չորս դեպք, Հրազդանում՝ մեկ դեպք:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալը ներկայացրեց նաև նախորդ տարիների վիճակագրական տվյալները՝  2018 թվականին ունեցել ենք 18 մահվան դեպք, 7-ը՝ քաղաքացիական բուժհաստատություններում, 2017-ին՝ 17 մահվան դեպք՝ ութը քաղաքացիական բուժհաստատությունում: 2011-ին ունեցել ենք հինգ մահվան դեպք՝ կիսամյակային, 2012-ին 3 մահվան դեպք՝ կիսամյակային:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի գնահատմամբ՝ այս պահին մահացության դեպքերի հետ կապված իրավիճակ շատ մտահոգիչ է.

«Միայն 2019-ի հուլիսի դրությամբ մենք ունենք 13 դեպք, 2018-ի 18 դեպքերի փոխարեն: Իրավիճակը ցույց է տալիս, որ մահվան դեպքերի աճ է տեղի ունեցել: Կան ակնհայտ ու տեսանելի պատճառներ, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք»,- նկատեց Հասմիկ Հարությունյանը, նշելով, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ պետք է ունենա այնպիսի բժշկական օգնության հասանելիություն, ինչ մեզնից յուրաքանչյուրը։

Նա անդրադարձավ նաև մահվան դեպքերի քննությանը, նշելով, որ այն արդյունավետ չի իրականացվում և իրական պատճառները չեն բացահայտվում․

«Պատճառների վերահանումը թերի է: Մենք կարող էինք արձանագրել դեպքեր, որորոնց պատճառը հնարավոր է՝ բուժանձնակազմի կողմից բուժօգնության ուշացում է եղել կամ պարզվի, որ անձը չպետք է այդ առողջական վիճակով պահվեր անազատության մեջ»,-նկատեց նա։

ԱնդրադառնալովՆուբարաշենում հացադուլից հետո գրանցված մահվան դեպքին, դիտորդների խմբի ղեկավարն ընդգծեց, որ ժամանակին ու պատշաճ սպասարկում չի իրականացվել։ Ինքնասպանության դեպքերի հետ կապված, Հարությունյանը կարևորեց ՔԿՀ-ներում հայտնված անձանց անհրաժեշտ  հոգեբանական օգնության տրամադրումը։ Հոգեբանական ոչ պատշաճ օգնությունը հաճախ հանգեցնում է դատապարտյալների ինքնասպանության.

«Օրինակ՝ միջինը 500-600 ազատազրկված անձ ունեցող հիմնարկի համար ունենում ենք հոգեբանի մեկ հաստիք, իսկ դա չի կարող արդյունավետ լինել, գոնե հարյուր հանձի համար մեկ հոգեբանի հասանելիություն մշտապես պետք է լինի 24-ժամյա ռեժիմով»: 

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն անդրադարձավ  գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված մահվան դեպքերին, նշելով, որ դրա հիմնական պատճառը կապված է ՔԿՀ-ներում օդափոխության համակարգերի հետ, օրինակ՝ Արմավիրում և Նուբարաշենում։ 

Դիտորդների խմբի անդամի խոսքով՝ բժիշկների պակաս կա հիմնարկներում, ինչը պայմանավորված է նաև ցածր աշխատավարձով ու սոցիալական ցածր երաշխիքներով։ 

ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության  բաժնի պետ Դիանա Հովսեփյանի փոխանցմամբ՝ որքան էլ ՊՈԱԿ-ում բուժանձնակազմի վերապատրաստում անցկացվի, եթե ՔԿՀ-ներում համապատասխան տեխնիկական հագեցվածությունը չկա, ապա ավելին հնարավոր չէ անել։ 

Վերոնշյալ բարձրացրած խնդիրներին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը հակազդեց, նշելով որ բոլոր հիմնարկներում կա բժշկական  24-ժամյա հերթապահություն, սակայն համաձայնեց բերված այն փաստերի հետ, որ առկա են թերություններ։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest