Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների պատճառով վեց ամիս առաջ ազատության մեջ հայտնված  ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի բողոքի քննությունը շարունակվում է։

Վերջինս բողոքում է  նախկինում հատուկ կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանի որոշման դեմ, ինչպես նաև պահանջում է, որ գործը կրկին քննվի՝ «անօրինությունները բացահայտելու նպատակով»:

Այսօրվա նիստին չէր ներկայացել նախաքննական մարմին ներկայացուցիչ Սմբատ Մխիթարյանը, ով, ըստ դատախազի, գտնվում է արձակուրդում։ Կողմերը չառարկեցին, որ նիստը շարունակվի առանց նախաքննող մարմին ներկայացուցչի։

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, նախկին ցմահ դատապարտյալը դատարանին ներկայացրեց իր բողոքը, նշելով, որ նոր երևան եկած հանգամանքներ չկան, սակայն  ինքը պատրաստ է պայքարել Անդրանիկ Միրզոյանի «բեզպրիձելի» դեմ։

«Վանաձորի կենտրոնական ոստիկանական բաժանմունք էին տարել, եկան ասեցին՝ Վռամ Խոռխոռունին իրա «բրիգադով» եկել ու հրամայել ա՝ եթե չասի, որ ինքն ա սպանել, քաղմասից հանեք ու խփեք։ Գալիս է քննիչ Անդրանիկ Միրզոյանը, ինձ ստպում են սպանությունը «վիզ» անեմ,  հետո  ինձ խաբում ասում են՝ արի, ստորագրելու բան կա։ Ճանապարհին ինձ զոռով բռնում են, քաղմասից դուրս հանում, ծեծելով բերում աստիճանների մոտ ու գլորում ներքև։ Մի կերպ վեր եմ կենում, էդ պահին կրակում են, ես գլորվում եմ ու ուշափաթվում․․․ մինչև հիմա էդ «գյուլլեն» մարմնիս մեջ ա»,- պատմեց Վահագն Մարուքյանը։

1993 թվականի դեկտեմբերի 23-ին, Անդրանիկ Միրզոյանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Վահագն Մարուքյանը փախուստի փորձ է կատարել, վնասազերծման հետևանքով վիրավորվել է․

«էս ինչ հեքիաթներ ա, ես չգիտեմ։ Որոշման մասին ես իմացել եմ իմ ազատվելուց մեկ ամիս առաջ՝ Դատախազությունից։ Էդ որոշումն աբսուրդ ա, իրականությանը չի համապատասխանում»,-իր վրդովմունքը հայտնեց նախկին դատապարտյալը, մանրամասնելով, որ իր քրգործի նյութերի մեջ որևէ խոսք, անգամ որևէ տառ նույնիսկ չկա իր փախուստի մասին։

Ազատության մեջ գտնվելուց հետո, Մարուքյանն արխիվից ստանում է վերոնշյալ որոշումը, որում չկա ծանուցման ժամկետը, արդյունքում Վահագը հետո է իմանում նման որոշման գոյության մասին,  ինչի արդյունքում՝ հնարավորություն չի ունենում այն բողոքարկելու։

«Որոշման մասին իմանալուց հետո, ես դիմել եմ դատախազություն, եկել ա քննիչ Մխիթարյանը, արձանագրություն ա կազմել ու գնացել: Որոշ ժամանակ անց քննիչն ինձ իմ բառերով, իմ պատմածներով պատասխանում ա, որ որևէ իրավական հիմք իմ պամախները չեն պարունակում»,- պատմեց Վահագն Մարուքյանը։

Նախկին ցմահ դատապարտյալը դատարանին պատմեց, որ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին իրեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ բուժզննման ժամանակ բժիշկը «բացահայտում» է, որ նա առողջ է և իր մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա։ Հատկանշական է, որ փաստաթղթերի մեջ տեղափոխման ամիս ամսաթիվը նշվում է 06․10․1993թ․։

«1993 թվականի «Արթիկ» ՔԿՀ-ի բժիշկական թղթերում առողջականիս վերաբերյալ ոչ մի գրառում չկա, չկա փախուստի մասին, չկա»,- հավելեց Վահագն Մարուքյանը։

Դատախազը առարկեց բողոքի դեմ, նշելով, որ նոր երևան եկած հանգամանքներ չկան, ուստի բողոքը ենթակա է մերժման, վերջինս մեջբերեց մեղադրանքի այն հատվածները, որը վերաբերվում է Վահագն Մարուքյանին կրակելուն, ինչին ի պատասխան՝ նախկին ցմահ դատապարտյալը վրդովվեց․ «Ինչի՞ գործի նյութերում չկա ոչ մի խոսք, որ ես փախուստի եմ դիմել»։ Դատախազն էլ իր հերթին կրկնեց իր դիրքորոշումը։

Նախագահող դատավորը լսելով կողմերին, որոշում կայացրեց  նախկինում հատուկ կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանին դատարան կանչել, քանի որ բողոքի քննությունը անմիջական կապ ունի իր հետ։ Արդյունքում, նիստը հետաձգվեց Անդրանիկ Միրզոյանի ներկայությունն ապահովելու նպատակով։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest