Արդարադատության նախարարությունը «մի կողմից դեղում է, մի կողմից՝ եղում»

Վաղվանից ուժի մեջ կմտնի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ որի, ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց:

Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

Մինչ ցմահ դատապարտյալները ոգևորված էին փոփոխությունների այս փաթեթով, մի մասն արդեն իսկ բաց ռեժիմ տեղափոխվելու դիմումը էր գրել, Արդարադատության նախարարությունը շտապեց նրանց «թևերը կտրել»: Նախարարությունը պարզաբանում տարածեց, համաձայն որի միայն 20 և ավել տարի պատիժ կրելը դեռևս հիմք չէ բաց ռեժիմ դուրս գալու համար:

Ռեժիմների փոփոխությունը պետք է սահուն անցումով լինի՝ աստիճանական, չի կարող փակ ռեժիմում գտնվող դատապարտյալը դիմի բաց տիպ անցնելու համար և միանգամից տեղափոխվի, այլ պետք է փակից անցնի կիսափակ, կիսափակից՝ կիսաբաց և միայն վերջում, երբ կանցնի բոլոր ռեժիմներով, կկարողանա դիմել բաց ռեժիմ տեղափոխվելու համար: Սակայն դա էլ դեռ կախված է լինելու ցմահ դատապարտյալների դրսևորած վարքագծից: 

Ըստ ԱՆ պարզաբանման, այս ամենն արվում է «ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունից», մինչդեռ նախարարությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Հայաստանում մինչ այս չի եղել կիսաբաց ռեժիմ, հետևաբար 91 ցմահ դատապարտյալներից և ոչ ոք կիսաբաց ռեժիմում չէ:

Փաստացի, ստացվում է, որ 20 և ավել տարի փակ ռեժիմում գտնվող դատապարտյալը դեռ պետք է պատժի կրման 2 ռեժիմ էլ անցի, որ վերջում հասնի բաղձալի բաց ռեժիմին: Ստացվում է՝ ցմահները դեռ երկար տարիներ պետք է սպասեն, որ աստիճանական համակարգով հայտնվեն հասարակության մեջ:

«Երևի չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 24 տարի լինել ցմահ դատապարտյալ և կյանքիդ մեծ մասն անցկացնել Հայաստանի բանտային անմարդկային պայմաններում»

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը փաստում է, որ այս անգամ էլ Արդարադատության նախարարությունը չդավաճանեց իր սկզբունքներին և մի խտրական մոտեցում ցուցաբերեց առաջադրած օրենքներում: Իրավապաշտպանի հավաստմամբ իդեան լավն է, բայց խտրական դրսևորումներ առաջացրեց մի շարք անձանց նկատմամբ.

«Ուղղակի անթույլատրելի է այն մարդկանց նկատմամբ, ովքեր 20 և ավել տարի գտնվելով անազատության մեջ, մի հատ էլ հավելյալ աստիճանական համակարգով պետք է անցեն: Կարելի էր գոնե անցումային որոշակի դրույթներ առաջարկել, որը հնարավորություն կտար խտրականությունը բառացել: Այս գործընթացը պետք է կարգավորվի անձնային հատկանիշներով, մարդուն հնարավորություն տրվի վերադառնալ հասարակություն: Հավերժ անազատության մեջ մնալը ճիշտ մոտեցում չէ»,- Forrights-ի հետ զրույցում շեշտում է իրավապաշտպանը:

Ըստ Նինա Կարապետյանցի, գործընթացում նման թերացումների հնարավոր պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ փաթեթը մշակել են մարդիկ, որոնք գուցե աշխատում են համակարգում, սակայն որևէ պատկերացնում չունեն, թե ինչի մասին են գրում.

«Երևի չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 24 տարի լինել ցմահ դատապարտյալ և կյանքիդ մեծ մասն անցկացնել Հայաստանի բանտային անմարդկային պայմաններում»:

«Պատժի կրման ռեժիմի փոփոխությունը պետք է պայմանավորված լինի անձի վարքագծի փոփոխությամբ, այլ ոչ թե տարիներով»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ ռեժիմի փոփոխությունը պետք է պայմանավորված լինի անձի վարքագծի փոփոխությամբ, այլ ոչ թե տարիներով: Ըստ իրավապաշտպանի՝ պետք է գերակայեր անհատական մոտեցման սկզբունքը:

«Անձի անհատական մոտեցումը հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր դրսևորած վարքի, նրա հետ կատարված աշխատանքների շնորհիվ որոշել՝ դատապարտյալը պատրա՞ստ է ավելի մեղմ ռեժիմ փոխվելու համար: Դա ինդուվիդուալ է՝ մեկի մոտ կարող է 5 տարին բավարար լինել, մյուսի մոտ՝ 10 տարին: Այս ամենը չպետք է կապեին կամ պայմանավորեին ազատազրկման ժամկետով, այլ պետք է դրվեր այնպիսի ցուցանիշներ, որին համապատասխանելու և անձի դրսևորած պահվածքի դեպքում, կարող էր փոխվել պատժի կրման ռեժիմը: Փակ ռեժիմը որևէ կերպ չի կարող նպաստել անձի սոցիալականացմանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ պետք է մշակել վարքագիծը բնութագրող ցուցանիշներ, որի համապատասխանելիության դեպքում՝ անկախ ազատազրկման ժամկետից, ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա.

«Արդարադատության նախարարությունը շատ հրաշալի օրենսդրական փաթեթով է ներկայացել, սակայն այս գործընթացը պետք է շատ ճկուն լինի, ոչ թե կոշտ սահմանափակիչ»,- հավելեց իրավապաշտպանը:

Ինչպես նշեցինք, օրենքն ուժի մեջ է մտնելու հունիսի 29-ից: Առաջիկայում Forrights-ը կփորձի խոսել ցմահ դատապարտյալների հետ և լսել նրանց կարծիքը՝ Արդարադատության նախարարության տարածած պարզաբանման շուրջ:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest