Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, իսկ նիստերի դահլիճ վերջինիս բերեցին անվասայլակով։

Նիստի մեկնարկից մի փոքր անց, վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանն իրեն վատ է զգում՝ խնդրելով դատավորին թույլ տալ ամբաստանյալին թթվածին տրամադրել։ Արդյունքում, Մանվել Գրիգորյանին բուժօգնություն ցուցաբերեցին հենց նիստերի դահլիճում։

Միաժամանակ Արսեն Մկրտչյանը փաստաթուղթ ներկայացրեց դատարանին՝ ըստ որի, թույլատրվում է Գրիգորյանի մասնակցությունը դատական նիստին, սակայն բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին ԱԺ պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest