«Մարտի 1-ին մեզ բանտեր ուղարկած դատավորները մերժում են վերանայել գործերը՝ հրաժարվելով ընդունել, որ հանցակից են»

0
1214

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերջերս մերժել է 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահների կողմից խոշտանգված Ռաջու Պետրոսյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերանայել իր դեմ 2008 թվականի ապրիլի 14-ի վճիռը, որով դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման և արդարացնել իրեն՝ ՄԻԵԴ վճռի հիմքով, որով 2008 թվականի Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքը համարվել է խաղաղ:

Հիշեցնենք, որ խոսքը 2008-ին նույն հոդվածով 6 տարվա դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի ՄԻԵԴ վճռի նախադեպի մասին է, որում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակը եղել է Ազատության հրապարակում խաղաղ հավաքը ցրելը։ Նույն վճռով ՄԻԵԴ-ը փաստել է, որ դիմողի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա։

Մարալիկի բնակիչ 41-ամյա Ռաջու Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրավապահների կողմից ծեծի ու խոշտանգման է ենթարկվել նախ Ազատության հրապարակում, հետո՝ ոստիկանական գազելում ու Կենտրոն ոստիկանության բաժանմունքում: Իսկ կալանավորումից հետո Կոշի գաղութում 10 ամսվա բանտարկությունից հետո նրա մոտ ծնկահոդերի խնդիր ու ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդություն է առաջացել, որն այժմ նրան գամել է սայլակին՝ դարձնելով առաջին կարգի հաշմանդամ: Նա վերջերս մեր կայքի միջոցով դիմել էր հանրությանը՝ օգնության ակնկալիքով, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գումարը չունի:

Եթե դատարանը կատարեր ՄԻԵԴ վճիռը և արդարացներ Ռաջու Պետրոսյանին, նա պետությունից փոխհատուցում ստանալու հանարավորություն կունենար՝ առողջությանը պատճառված վնասի համար:

Մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ քանի որ նա ժամանակին չի բողոքարկել վճիռը և չի դիմել ԵԴ, այլևս չի կարող արդարացվել, և չի կարող համարվել նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձ:

«Այդ օրերին էնպիսի իրավիճակ էր, որ ակնհայտ էր, որ բոլորիս նույն հոդվածով, բռնությամբ բանտեր էին ուղարկում՝ առանց գործի մեջ խորանալու, դրա համար անիմաստ էր բողոքարկելը, պատշաճ չէին քննելու: Ինձ մեկ ոստիկանի ցուցմունքով են դատել, էն դեպքում, որ իրականում ես էի ծանր վնասվածք ստացել: Ակնհայտ էր, որ գործերը համատարած կոծկում էին»,-պարզաբանեց Ռաջու Պետրոսյանը:

Ուշագրավ է, որ նախկին ցուցարարի դիմումը մերժող Վերաքննիչ դատարանի դատավորներից երկուսը Մարտի մեկի օրերին ցուցարարների հանդեպ մեղադրական վճիռներ կայացրած դատավորներ են: Ռաջու Պետրոսյանի գործը վերանայելու դիմումը քննել են դատավորներ Մհեր Արղամանյանը, Ալեքսանդր Ազարյանը և տիկին Ն. Հովակիմյանը։

Ընդ որում, Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալաքից ազատած դատավորն է, որը 2008-ին գլխի պատռվածքով հիվանդանոցից դատարան բերված Արամ Բարեղամյանին 6 տարով բանտ էր ուղարկել:

«Նույն դատավորներն են, որ մեզ 2008-ին դատել են, ո՞նց կընդունեն, որ հանցանք են գործել»,-հարց ուղղեց Ռաջու Պետրոսյանը՝ շարունակելով. «Եթե ինձ անհիմն դատել են, ինչպե՞ս կարող են իրենք իրենց սխալ հանել: Եթե ինձ անմեղ ճանաչեն, կստացվի, որ իրենք հանցագործություն են կատարել իմ դեմ, անհիմն ինձ զրկել են ազատությունից՝ ազատազրկելով ու պատճառելով վնաս»:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ՄԻԵԴ վճռի հիմքով 2008-ի մարտի 1-ի գործերի վերաբացման վարույթներով դիմել են Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ: «10-ից ավելի գործերով ենք դիմել: Դրանք բոլորը Քրօրի 316 հոդվածներով գործեր են եղել: Բոլոր դեպքերում մերժումներ ենք ստացել»,-նշեց Խաչատրյանը: Խաչատրյանն ասաց, որ մերժման որոշումները անհիմն ու անհեթեթ են և իրենք դրանք բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:

«Դատավորները միասնական որոշումն ունեն, որ մեր բողոքները պետք է մերժվեն և կալանքի վերաբերյալ որոշումները պետք է թողնվեն ուժի մեջ՝ մի անհեթեթ հիմնավորմամբ»,-ասաց նա:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի մերձակայքից ձերբակալված ու նույն հոդվածով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Վարդգես Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նույնպես անհեթեթ որակեց մերժումները: «Նախապես ՄԻԵԴ վճռով ճանաչվել է անձնական ազատության իրավունքի խախտումը, սակայն մեր դատարանները գտնում են, որ 2008-ին ճիշտ են եղել հայաստանյան դատավորները՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտելով խաղաղ ցույցերի մասնակիցներին»,-նշեց Շուշանյանը՝ շարունակելով. «Պատճառներից մեկը Մարտի մեկի դատավորներին հնարավոր պատասխանատվությունից ապահովագրել է: Ընդ որում, թե կարգապահական, թե քրեական պատասխանատվությունից»:

Փաստաբանի խոսքով՝ հույսը, որ դատական համակարգը ինքնամաքրվելու, ապաշխարելու ու սկսելու էր արդարադատություն իրականացնել, «կարճատեսություն ու մոլորություն էր»:

Գրիգոր Ոսկերչյանի գործի վերանայման դիմումը Վերաքննիչ քրեական դատարանում քննել ու մերժել են նույն դատավորները, որոնք քննել են Ռաջու Պետրոսյանի դիմումը: Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դիմել էր դատավորների ինքնաբացարկի պահանջով, սակայն մերժում է ստացել:

«Պնդել էի, որ դատավորներ Մհեր Արղամանյանը և Ալեքսանդր Ազարյանը պարտավոր էին ինքնաբացարկ հայտնել սույն գործը քննող դատական կազմից՝ հետևյալ հիմնավորմամբ. Երկուսն էլ Մարտի մեկի հետ կապված գործեր են քննել և քաղաքական շարժառիթներով ակնհայտ անմեղ անձանց ազատազրկման են դատապարտել: Այսինքն՝ մասնակցություն են ունեցել քաղաքական հետապնդումների գործընթացին: Հետևաբար, չեն կարող համարվել անաչառ դատարան»,-ասաց Շուշանյանը՝ մերժման որոշման առթիվ հավելելով. «Ակնհայտ է, որ իրենք փորձելու են ինքնապաշտպանվել»:

Մասնավորապես, ըստ Շուշանյանի, դատավոր Ալեքսանդր Ազարյանը, 2008-2009թթ.-ին, լինելով Երևանի քրեական դատարանի և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, քննել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ շինծու քրեական մեղադրանքներով մեղադրվող մի շարք անձանց գործեր՝ խախտելով նրանց հիմնարար իրավունքները:

«6 տարի ընդհանուր ժամկետով ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի գործով 2008թ.-ի հունիսի 14-ին կայացված դատավճռում դատավոր Ա. Ազարյանը անտեսելով, որ Ա. Բարեղամյանը ինքն է հարված և մարմնական վնասվածք ստացել, նրա կողմից ոստիկանին հարվածելու փաստը հիմնավորված է համարել բացառապես ոստիկանների հակասական և անարժանահավատ ցուցմունքներով և Ա. Բարեղամյանի ցուցմունքները բացարձակապես անտեսելու գնով»,-ինքնաբացարկի միջնորդության մեջ գրել է փաստաբանը։

Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակը եղել է Ազատության հրապարակում խաղաղ հավաքը ցրելը։ Նույն վճռով ՄԻԵԴ-ը փաստել է, որ Դիմողի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա։

«Էլ ավելի խայտառակ փաստերի կհանդիպենք դատավոր Ա. Ազարյանի կողմից քննված Մարտի 1-ի այլ գործերով։ Մասնավորապես՝ դատավոր Ա. Ազարյանը «չի նկատել» ոստիկանների կողմից խոշտանգվելու հետևանքով հաշմված Ֆելիքս Գևորգյանի ծանր մարմնական վնասվածքները և նրան դատապարտել է վերջնական 7 տարի ժամկետով ազատազրկման՝ ակնհայտ շինծու և հորինված մեղադրանքով, և հիմնվելով խոշտանգումների ազդեցության ներքո նախաքննության ընթացքում նրանից կորզված «ինքնախոստովանական» ցուցմունքի (դատարանում՝ Ֆ. Գևորգյանը հրաժարվել է այդ ցուցմունքից և պատմել իր գործը «կարելու» հանգամանքները) վրա»,-գրել է փաստաբանը։

Դատավոր Մհեր Արղամանյանը 2008-2009թթ.-ի ընթացքում պաշտոնավարելով որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, մասնավորապես քննել է պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա Մասիս Վազգենի Այվազյանի վերաբերյալ քրեական գործը և մերժել է վերաքննիչ բողոքը, օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի մեղադրական դատավճիռը։ ՄԻԵԴ-ը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրած վճռով ճանաչել է ՄԻԵԿ 5(3) հոդվածով նախատեսված Մ. Այվազյանի իրավունքի խախտումը, այն է՝ Հայաստանի դատարանները նրա կալանավորման համար հիմնավոր և բավարար հիմքեր չեն ներկայացրել։

«Նշվածից հետևում է, որ դատավոր Մ. Արղամանյանը ուղիղ մասնակցություն է ունեցել Մ. Այվազյանի նկատմամբ ՄԻԵԿ 5(3) հոդվածով նախատեսված իրավունքի խախտմանը և նրա քաղաքական նպատակով դատապարտմանը։ Բացի այդ, 2009 թվականի հուլիսի 16-ին դատավոր Մ. Արղամանյանը քննել է Նիկոլ Փաշինյանի կալանավորման դեմ բերված պաշտպանների վերաքննիչ բողոքը և այն անփոփոխ թողնելու մասին որոշում է կայացրել»,-գրել է Շուշանյանը։

Ըստ նրա՝ վերոգրյալները հիմք են տալիս պնդելու, որ դատավորներ Ալեքսանդր Ազարյանը և Մհեր Արղամանյանը «ուղիղ մասնակցություն են ունեցել 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու հետևանքով ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական նպատակներով զանգվածային հետապնդումների գործընթացին, ուստի չեն կարող մասնակցել նշված հետապնդումների որևէ «զոհի» ապօրինի դատապարտումը կամ կալանավորումը վերանայելու ոչ մի վարույթի»:

«Այժմ նրանք ինքնապաշտպանության նկատառումներով՝ զանգվածային ռեպրեսիաների և դրանցում իրենց մասնակցության ճանաչումը և դատապարտումը կանխելու նպատակով, փորձելու են վերահաստատել իրենց նախկինում հաստատած դիրքորոշումները և կանխել բողոքարկված դատական ակտերի բեկանումը/վերացումը»,-նշել է Շուշանյանը։

Ի դեպ, դատավոր Ալեքսանդր Ազարյանը Մուշեղ Շուշանյանի միջնորդության մեջ տեղ գտած գնահատականների առթիվ դիմել է դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել փաստաբանի դեմ:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here