Նախկինում Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ, իսկ ներկայում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թաթուլ Շուշանյանը գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան առ այն, որ խախտվել է իր ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, որը սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետով՝ « Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»: ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել գործը։

Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է այն բանի համար, որ
են 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում սպանված Կամո Փիրուզյանի գործով կաշառք ստանալու և մարդասպանին՝ Վլադիմիր Դավթյանին, համեմատաբար մեղմ մեղադրանք առաջադրելու համար։ Շուշանյանին մեղսագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը: /ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ/:

Վերջին մեկ տարին Շուշանյանին 3 անգամ կալանավորել են:

Դատարանը գտել է, որ՝ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, իր համար բարենպաստ ցուցմունք տալուն ուղղորդելու նպատակով, կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա, որոնց մի մասը հանդիսանում են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության քննիչներ կամ քննչական վարչության տարածքային բաժնի աշխատակիցներ:

Շուշանյանի շահերը պաշտպանող Հայլ Ալումյանը գտնում է, որ սա իր պաշտպանյալի իրավունքի կոպիտ խախտում է և առիթ Շուշանյանի կալանքը ՄԻԵԴ-ում բողոքարկելու համար:

«Դատարանը՝ Թաթուլ Շուշանյանի հետագա վարքագծի վերաբերյալ կանխատեսումներ անելիս, հաշվի չի առել, թեև պարտավոր էր հաշվի առնել ազատման օրվանից՝ 21.09.2018 թվականից մինչև 26.11.2018 թվականն ընկած ժամանակահատվածում Թաթուլ Շուշանյանի վարքագիծը: Մասնավորապես, Դատարանը պետք է հաշվի առներ, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել փաստեր կամ նյութեր, որոնք վկայեին, որ նշված ժամանակահատվածում Թաթուլ Շուշանյանը փորձ է կատարել խոչընդոտելու քննությանը: Իսկ ինչ վերաբերում է այս առումով Դատարանի կողմից ներկայացված միակ փաստարկին, կապված Թաթուլ Շուշանյանի նախկինում զբաղեցրած պաշտոնի հետ, ապա այս առումով Դատարանը խախտել է ազատության կանխավարկածը», — գտնում է Հայկ Ալումյանը:

Առաջին անգամ Թաթուլ Շուշանյանին կալանավորել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի փետրվարի 07-ի որոշմամբ՝ երկու ամսով:

Մայիսին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեց երկու ամսով՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 7-ը և նույն որոշմամբ դատարանը բավարաերց Շուշանյանի պաշտպան Ա.Մակինյանի միջնորդությունը և այլընտրանքային խափանման միջոց կիրառեց 5.000.000 ՀՀ դրամ գրա վի դիմաց:
Բայց դատախազությունն ու տուժողի փաստաբան Լուսինե Սահակյանը բողոքարկեցին այս որոշումը վերաքննիչ դատարանում: Գրավի կիրառումը բեկանվեց, ու Շուշանյանին կրկին կալանավորեցին:

Օգոստոսի 16-ին Շուշանյանի կալանքի ժամկետը կրկին երկարացվեց մինչև հոկտեմբերի 20-ը: Մի պահ նրա մասին, թվում է, մոռացան:
Հոկտեմբերի 21-ին <<Վարդաշեն>> քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանը ազատ արձակեց քննչականի նախկին պետին, քանի որ կալանքի ժամկետն ավարտվել էր:

Բայց դատախազ Հ.Պետրոսյանը 5 օր անց նոր միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրյալ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Այսպիսով, Թաթուլ Շուշանյանը երեք անգամ կալանավորվել է մի գործի շրջանարներում,

Նրա եղբայրը՝ Մկրտիչ Շուշանյանը, գտնում է, որ իր եղբոր նկատմամբ իրականացվում է ակնհայտ անձնական հետապնդում: Forrights.am-ի հարցին, թե ովքեր են նրան հետապնդում, Շուշանյանը պատասխանեց.

«Նրանք, ովքեր կազմակերպում են ապօրինի կալանքները: Կալանքի որոշումներն ընդունվել են կոպիտ խախտումներով, առանց հիմքերի, առանց ապացույցների: Մանավանդ ապօրինի էր երրորդ կալանավորումը, որովհետեւ օրենքն արգելում է կալանքից ազատված անձին նույն գործով կրկին կալանավորվել: Այդքան ժամանակ նա դրսում է եղել և չի խոչընդոտել քննությանը: Ո՞նց կարելի է քննությանը խոչընդոտելու մասին ենթադրություն անել ապագայի մասին ու նորից կալանավորել»:

ՄԻԵԴ գանգատում, նաև ներպետական ատյաններին հղված բողոքներում Թաթուլ Շուշանյանի փաստաբան Հայկ Ալումյանը բազմաթիվ խախտումներ է նշել, մասնավորապես այն, որ Շուշանյանին կալանավորելով, դատարանն ակնհայտ ու կոպիտ կերպով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը, համաձայն որի՝

«1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե … 4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու դատարանի կողմից սահմանված ժամկետը.

  1. Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»:

«Տվյալ դեպքում Թաթուլ Շուշանյանը ազատ է արձակված եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և ազատվելուց հետո նրա մեղադրանքը փոխված չի եղել: Միաժամանակ ի հայտ չեն եղել ու Դատարանի որոշման մեջ մատնանշված չեն նոր էական հանգամանքներ, որոնք ի հայտ եկած լինեն նրա ազատ արձակումից հետո: Հետևաբար, Թաթուլ Շուշանյանը չէր կարող կրկին կալանավորվել», — նշել է Հայկ Ալումյանը:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest