Ոստիկանության բաժիններ են բերվել քրեական հեղինակություններ և «օրենքով գող»

0
142

Ոստիկանության մարզային ստորաբաժանումները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում բերման են ենթարկվել իրավախախտներ, քրեական հեղինակություններ և «օրենքով գող», տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց, ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է շուրջ 139 արձանագրություն:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Աշտարակում, Ապարանում, Թալինում և այլուր իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։

Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 66 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ոստիկանույան ծառայողները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 5 քրեական հեղինակության և 13 նախկինում դատապարտված անձանց։ Բերման են ենթարկվել նաև անձինք, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 14 վարորդի, որոնց մեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածքներ։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման են ենթարկվել ու բերվել 147 անձ։ Մի քանի դեպքով հարուցվել է վարչական վարույթ։

Ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես և Լոռին սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 54 խախտում։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ապօրինի փայտանյութով բեռնված մեկ բեռնատար։

Շիրակի մարզում կարգազանց 155 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային ստորաբաժանումներ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել բազմաթիվ անձինք, այդ թվում ՝ քրեական հեղինակություններ։ Հայտնաբերվել են սառը զենքեր ու մեկ հետախուզվող անձ։ Ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» բնակության հասցեներում։

Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, 4 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է նաև լռության կանոնների խախտման մեկ դեպք, որի փաստով կազմվել է արձանագրություն։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Գեղարքունիքում մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 155 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերմանն են ենթարկվել ավելի քան 80 անձ, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել թմրամիջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Տավուշում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաև մի խումբ անձինք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here