«Պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու Քրեակատարողական ծառայության  կողմից մշակված, հետո Արդարադատության նախարարության վերամշակված, 14 կետից բաղկացած  չափորոշիչների գնահատման համակարգը սույն թվականի հունիսի 4-ից փորձարկման փուլում է։

Չափորոշիչները կայանում  են հետևյալում. դատապարտյալները հիմնականում բողոքում էին քրեակատարողական ծառայության կողմից տրված եզրակացություններից, ըստ որոնց՝ նրանց հիմնականում տրվում է բացասական բնութագիր և վերջիններս չէին կարողանում դիմել դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Բողոքների հիման վրա Քրեակատարողական ծառայությունը մշակեց չափորոշիչներ՝ գնահատման համակարգով։

Խնդիրն այն է, որ վերոնշյալ համակարգով կազմվում է նույն  տոկոսային հարաբերականությունը,ինչի արդյունքում՝ դատապարտյալները չեն կարող դիմել պայմանական վաղաժամկետի համար։

«Կոպիտ ասած, Արտակ Զեյնալյանի վերջին վատությունն էր դատապարտյալներին, որովհետև նույն էդ տոկոսային հարաբերակցությունը, որ նախկինում կար, հիմա էլ նույն է և ստացվում է, որ թե՛ Սերժի, թե՛ դրանից հետո կրկին վաղաժամկետի ինստիտուտը չի գործում»,-Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց դատապարտյալներից մեկը։

«Վարդաշեն» ՔԿՀ-ում 30 և ավել դատապարտյալից, որոնք պայմանական վաղաժամկետի համար  պետք է դիմեն, ազդում է ընդհամենը  4-5 հոգու վրա. «Այդ 28 բալանոց սանդղակը հավաքում են ընդամենը 4-5 հոգի»,-նշեց դատապարտյալը:

Դատապարտյալները համամիտ են օրինակ հենց քրեական ենթամշակույթին դրական և բացասական վերաբերվելու պարագայում տրված միավորների հետ, սակայն չափորոշիչների մեջ աբսուրդին հասնող կետեր կան, որոնք, ըստ դատապարտյալների, խտրական մոտեցման դրսևորումներ են։

Ըստ գնահատման համակարգի, եթե դատապարտյալը երիտասարդ տարիքում է հանցագործություն կատարել՝ մինչև 28 տարեկանը՝ միավոր չի ստանում, եթե 28-55 տարեկանում է հանցանք կատարել կատարել՝ 1, եթե 65-ից բարձր՝ 2 միավոր։ Թե ինչով է պայմանավորված այս խտրական վերաբերմունքը, դատապարտյալներին մնում է ենթադրել։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի կարծիքով այս խտրական վերաբերմունքը սահմանափակ է և զուտ կամայական վերաբերմունքի դրսևորման արդյունք.

«Չափորոշիչները չեն կարող լինել աբստրակտ և իրականությունից կտրված ու թույլ չտան ազատազրկված անձի իրական գնահատումն իրականացնել»,-ասաց նա, հավելելով, որ շատ հաճախ, այնպիսի չափորոշիչներ են նախատեսված լինում, որ ուղղակի հնարավոր չէ դրա հիման վրա ազատազրկված անձի գնահատումն իրականացնել. եթե համակարգը հնարավորություն չի տալիս նման միջոցառումների մեջ ներգրավվել, հետո ինչպե՞ս է այդ ամեն ինչը դրվելու գնահատման հիմքում։

Անակնկալն ու աբսուրդը 10-րդ կետն է. տուժողին հանցագործության պատճառած վնասի փոխատուցման պարագայում ստանում է համապատասխանաբար, եթե ամբողջ վնասն է փոխատուցել 4, եթե կեսն է հատուցել կամ պարտավորվել է հատուցել մնացածը՝ 2, եթե առնվազն 20%-ն է հատուցել՝ 1 միավոր, իսկ եթե չի հատուցել համապատասխանաբար 0 միավոր.

«Սա աբսուրդ է: Եթե ես նենց հանցագործություն եմ կատարել, որ վնասի փոխհատուցման հարց չկա, պետք է միավոր չստանա՞մ, բայց ով որ կատարել է, օրինակ՝ մեկին ռազբոյ է արել ու վերականգնել է, 4 միավո՞ր է ստանում»,-իր վրդովմունքն արտահայտեց դատապարտյալը:

«Խրախուսանքն էլ դառել ա մի հատ արիության մեդալին համարժեք  բան»

«Այդ գնահատման սանդղակի միտումը այնպես է դրված, որ ամեն ինչ կախված է աշխատանքից և իրանց խրախուսելուց: Դատապարտյալների 60-70 %-ը բռնում ա 24-26 բալ, այսինքն իրանց պակասում է մի հատ խրախուսանք կամ աշխատանք: Աշխատանքն իրանք բոլորին չեն կարող ապահովել, որովհետև  հիմնարկում էդքան աշխատատեղ չկա. ահագին մարդ դիմել ա՝ չեն կարում ապահովեն: Խրախուսանքն էլ դառել ա մի հատ արիության մեդալին համարժեք  բան»,- դժգոհեց դատապարտյալը, նշելով, որ ոչ գործ են տալիս, ոչ էլ կրթական միջոցառումներ են կազմակերպում՝ բա դատապարտյալը ո՞նց խրախուսվի:

Դատապարտյալները բողոքում են, որ ՔԿՀ-ներում կրթական, սպորտային և այլ միջոցառումներ չեն կազմակերպում, սակայն պահանջում են, որ դատապարտյալը մասնակցի և խրախուսական միավորներ վաստակի։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի խոսքով՝ գնահատման համակարգի հեղինակներն ամեն ինչ արել են, որ պատասխանատվությունը գցեն դատապարտյալի վրա:

«Այն չափորոշիչները, որ դրված է հատկապես կրթական, մարզական  մշակութային միջոցառումների ծրագիր ՔԿՀ-ն չունի: Մեկը հարցնող լինի՝ «Նուբարաշեն» , «Վանաձոր» «Հրազդան» ՔԿՀ-ների պայմաններում  ի՞նչ միջոցառումներ են կազմակերպելու, որ այդ խեղճերը մասնակցեն։ Իրավունք չուներ Քրեակատարողական ծառայությունը նման չափորոշիչներ  մշակել, երբ ինքն ունի 0 համակարգ: Ես բանտային համակարգի այսօրվա գործունեությունը գնահատում եմ 0»,-Forrights-ի հետ զրույցում նշեց նա։

Իրավապաշտպանը վստահ է, որ չափորոշիչների գնահատման համակարգը սխալ են կազմել է, քանի որ  հիմնված է կարգապահական խախտումների և բալերի վրա․

«Արդարադատության նախարարությունում այնպիսի մարդկանցով են այս մեխանիզմը մշակել, ովքեր չգիտեն ի՞նչ է վաղաժամկետ ազատումը, գաղափար չունեն միջազգային փորձից և  երբևէ դատապարտյալի երես չեն տեսել»,- ասաց նա, հավաստիացնելով, որ գնահատման վերոնշյալ մեխանիզմը  թե՛ սոցիոլագիան, թե՛ բանտային մասնագետի տեսակետից անգրագետ գործիք է և չպետք է դա կիրառվի մեր բանտերում. «Ոչ մի դատապարտյալ այս մեխանիզմով չի ազատվելու»:

«Քրեակատարողական համակարգ ուղղակի գոյություն չունի»

Արշակ Գասպարյանի խոսքով՝ հեղինակներն Արդարադատության նախարարի հրամանի կարգադրմամբ արել են ամեն ինչ, որպեսզի դատապարտյալները չազատվեն․

«Այն ժամանակ, երբ ձեռքով գրում էին բնութագիր՝ դատարանն հարցնում էր՝ որևէ բան կազմակերպե՞լ եք, որին դատապարտյալը չի մասնակցել։ Իրանք ուղղակի իրանց բացթողումները, իրանց 0 վիճակը չերևալու համար միավոր են գրել։ Հիմա Քրեակատարողական համակարգ ուղղակի գոյություն չունի»,-ասաց Արշակ Գասպարյանը։

Մեղքն ընդունելու հարցը և  պայմանական վաղաժակետ ազատում։

Ըստ մշակված չափորոշիչների՝ դատապարտյալին մեղսագրված արարքն ընդունելու պարագայում տրվում է 2 միավոր, իսկ չընդունելու պարագայում՝ 0։ Արդյունքում դատապարտյալին հնարավորություն չի տրվում այլընտրանքային տարբերակի և ստիպում է ընդունել։

Դատապարտյալները բարձրաձայնում են մի խնդիր ևս. եթե դատապարտյալը մեղքն ընդունում է կիսով չափ, ինչո՞ւ տվյալ պարագայում միավոր չկա․

«Հիմա, եթե ինձ դատել է հանցավոր ռեժիմին սպասարկող դատարանը ու ես մեղքը չեմ ընդունում, ուրեմն նշանակում է պետք է պայմանական վաղաժամկետ դուրս չգա՞մ»,-հարցրեց դատապարտյալը:

Այս հարցի վերաբերյալ համապատասխան հարցում ենք կատարել Արդարադատության նախարարություն, սակայն պատասխան դեռ չենք ստացել։ Հարցման պատասխանը ստանալու պարագայում, այն կհրապարակենք։

Այս հարցի վերաբերյալ համապատասխան հարցում ենք կատարել Արդարադատության նախարարություն, Forrighst-ի հարցմանն ի պատասխան ԱՆ-ն նշել է, որ հաշկանշական է համարում, որ գնահատման հստակ ու չափելի չափորոշիչների սահմանումը ըստ էության լուծում է շատ կարևոր երկու հարց․

1․ գնահատման հստակ ու չափելի չափորոշիչների սահմանմամբ լիարժեք ապահովվում է զեկույցի կազմման օբյեկտիվությունը, հիմնավորությունն ու միատեսականությունը,

2․ դատապարտյալի համար ստեծվում են բավարար կանխատեսելի պայմաններ՝ գնահատելու ու գիտակցելու համար, թե ինչպիսի չափանիշներ են անհրաժեշը ապահովել դրական զեկույցի արժանանալու նպատակով։

Ըստ Արդարադատության նախարարության՝ չափորոշիչները գնահատվում են 0-ից մինչև 5 միավորով՝ հաշվի առնելով կոնկրետ գնահատման ենթակա հանգամանքի կարևորությունը։ Չափորոշիչների մավորների գումարման արդյունքում ստացված առավելագույն միավորը կազմում է 43 միավոր։

Զեկույցը դրական գնահատելու համար անհրաժեշտ է, որ չափորոշիչների գումարման միջոցով հավաքված միավորների չափը կազմի 28 և ավելի միավոր, այսինքն՝ հնարավո առավելագույն միավորների 65 %-ը։

Հատկանշական է, որ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2019թ․հունվարի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության կողմից կազմած պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ 551 զեկույցներից դրական են եղել 9-ը, իսկ գնահատման նոր չափորոշիչների հիմքով հունիսի 14-ից մինչև հունիսի 19-ը, նոր կանոնակարգումներով կազմված 21 զեկույցներից դական է եղել 3-ը։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest