10 տարի անց դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակվեց

0
944

10 տարի 6 ամիս անազատության մեջ գտնվող դատապարտյալ Վազգեն Կարապետյանը քիչ առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից.

«Առաջինն աղջկան կողքին եմ լինելու, ինքը հիմա իմ կարիքը շատ ունի»,-ազատության մեջ հայտնվելուց րոպեներ անց Forrights-ին փոխանցեց նախկին դատապարտյալը:

Վազգենի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի համար հիմք էր հանդիսացել Պրոբացիոն ծառայության դրական բնութագիրը: Ի տարբերություն Գլխավոր դատախազության և «Վարդաշեն» ՔԿՀ—ի, Պրոբացիոն ծառայությունը նշել էր, որ դատապարտյալը պատժի կրման ընթացքում համագործակցել է իրենց հետ, դրսևորել պատշաճ վարքագիծ, մասնակցել մշակութային և ստորտային միջոցառումների, արժանացել պատվոգրերի: Բացի դրանից, նա այս պահին անհատույց աշխատում է:

«Վազգեն Կարապետյանն իր խնամքին ունի 3 երեխա, որոնցից մեկն անցած տարի առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել 4-րդ հարկից ցած ընկնելու հետևանքով»,- պայմանական վաղաժամկետ միջնորդության վերաբերյալ հավելում արեց Կարապետյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:

Դատապարտյալը դատարանին տեղեկացրեց, որ իր քրեական գործով դատապարտված մյուս 3 անձիք արդեն իսկ գտնվում են պայմանական վաղաժամկետ ազատ արձության մեջ, ուստի ինքը ևս ունի այդ իրավունքը.

«Հիմա առաջնայինն աղջկաս առողջականն ա: Ազատ արձակվելուց հետո փորձելու եմ ամեն հնարավորն անեմ, որ իր կողքին լինեմ ու որևէ ձևով օգնեմ: Դրա համար էլ խնդրում եմ՝ մի՛ մերժեք միջնորդությունս ու ինձ ազատ արձակեք»,- դատարանին դիմեց Վազգենը:

Մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Պապոյանը որոշում կայացրեց բավարարել դատապարտյալի միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատ արձակել հենց դատարանի դահլիճից:

Ազատության մեջ հայտնվելու լուրը Կարապետյանը մեծ ոգևորությամբ չընդունեց, ամբողջ ժամանակ պահպանում էր դեմքի մտահոգ արտահայտությունը: Միայն վերջում նա բացատրեց, որ իր անտրամադիր լինելը կապված է աղջկա առողջական վիճակի հետ:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here