Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Վաղ առավոտից Վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջև ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ ևս իրականացնում, ովքեր պահանջում են դարձյալ կալանավորել Ոռբերտ Քոչարյանին։

Ոստիկանները և դատական կարգադրիչները տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում դատարանի բակում։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նշենք, որ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նրա պաշտպանական խումբը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest