Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը:

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն: ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ:

Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա: Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը:

Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ:

Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձևակերպելու պահանջը բխում է նաև դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված և արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայում է տվյալ դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest