«Սա ի սկզբանե Հարությունյան Վահագի սարքած գործն է եղել իմ դեմ»․ Ալավերդու Վահագը մեղադրում է

2
864

Այսօր Ալավերդի քաղաքում լուր էր տարածվել, որ հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանն ազատ է արձակվել: Ալավերդցիները զանգում էին Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանին ու հարցնում էին նրան, թե արդյոք ճիշտ է լուրը: Ճարոյանն էլ ստիպված էր հերքել ասեկոսեները: Հիշեցնենք, Վահագն Աբգարյանը մեղադրվում է իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու և մարզային քննչականի այն ժամանակվա պետ Թաթուլ Շուշանյանին կաշառք տալու համար, իսկ սպանության համար մեղադրվում է Աբգարյանի սանիկ Վլադիմր Դավթյանը /Քր. օր-ի 104 հոդված, մաս 2/:

Երեկ դատարանը արդեն երրորդ անգամ չկարողացավ ապահովել տեխնիկական պայմաններ, որոնք հնարավորություն կտային ներկաներին լսելու ԱԱԾ կողմից արված Վահագն Աբգարյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունները:

Երկու նախորդ նիստերը հետաձգվում էին այն պատճառով, որ դահլիճ բերված համակարգիչներն անորակ էին: Երեկ կրկին հեռախոսազրույցի փոխարեն անորոշ խշխշոցներ էին լսվում: Դատավոր Սուսաննա Գզոգյանը ստիպված էր թույլ տալ կողմերին տեղավորվել համակարգչի մոտ, դատավորի կողքին, որ նրանք գոնե ինչ որ բան կարողանան լսել, սակայն դահլիճում հավաքվածները վրդովված էին: «Սա ի՞նչ բաց դատ է: Մենք էլ ենք ուզում լսենք, մենք ուզում ենք համոզվենք, ասել է Վահագը Վլադին՝ գնա, խփի, թ՞ե չի ասել: Մնացածը ինձ համար կարևոր չի», — ասում էր Աբգարյանի ընկերներից մեկը: Այսպիսով, դատավարության ժամանակ խախտվեց հրապարակայնության սկզբունքը:

Մի քանի նախադասություն Վահագն Աբգարյանի հեռախոսազրույցից լսվեցին, որոնցից ակնհայտ է, որ Աբգարյանը խորհուրդներ է տալիս ինչ-որ մեկի, թե ինչպես պատասխանել քննիչների հարցերին: Օրինակ, ասում է ինչ-որ մեկին, ենթադրաբար, սպանության կատարողին. «Պետք է ասես ես Վահագի հետ շփում չեմ ունեցել»:

Վլադիմիր Դավթյանը սրա հետ կապված հայտարարեց, որ ինքն այդ ժամանակ գտնվել է կալանավայրում, հեռախոս չի ունեցել և Վահագի հետ չի խոսել: «Ստեղ իմ ձենը չկա», — ասաց Վլադ Դավթյանը:

Ի պատասխան, տուժողի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ եթե համեմատեն Վլադ Դավթյանի ցուցմունքներն ու Վահագն Աբգարյանի խորհուրդները, թե ինչ պատասխաններ է նա տվել քննիչին, ապա դրանք իրար համապատասխանում են: «Եթե ինքը չի եղել խոսակցության մյուս կողմը, ապա ինչպե՞ս է լինում, որ նա անմիջապես փոխում է ցուցմունքները, այն տարբերակով, որ Վահագն Աբգարյանը իրեն խորհուրդ է տալիս», — ասաց Սահակյանը:

Վահագ Աբգարյանը հայտարարեց, որ ձայնագրություններում, որոնք արվել են սպանությունից 10-11 ամիս հետո, «բաներ կան», որոնցից ինքը չի հրաժարվում: «Իմ բոլոր բառերի համար պատրաստ եմ պատասխան տալու», — ասաց ալավերդցի հեղինակությունը: Նա հայտնեց նաև, որ իր դեմ քրեական գործը «սարքել» է քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալներից Վահագն Հարությունյանը, որը ճնշումներ է գործադրել իր գործով անցնող վկաների վրա:

«Մտահոգված եղել եմ, որ սա ի սկզբանե Հարությունյան Վահագի սարքած գործն է եղել: Այլ քրեական գործ կա, որով իմ գործով անցնող վկաները հիմա տուժողներ են ճանաչվել, որովհետև նրանց բոլորին Վահագն Հարությունյանը ստիպել է իմ դեմ ցուցմունքներ տալ: Այս ձայնագրությունները աղավաղված են: Մոտ 40-50 դիսկերից իրենք «փազլի» նման հավաքել են այն, ինչ իրենց պետք է եղել: Անձնական խոսակցություններ են եղել շանտաժի տեսքով: Շատ բան կա, որի մասին ես դեռ կխոսեմ: Դատապաշտպանը ոչ թե էս տուժողի, այլ Հարությունյան Վահագի դատապաշտպանն է, դա կապացուցվի, ես կհորդորեմ տիկին փաստաբանին, որ կամեռաների առաջ շոուներ չսարքի: Ամեն ինչ կպարզվի ու կտեսնեք, որ այս ձայնագրությունների մեջ ոչ մի բան չկա», — նետեց Վահագն Աբգարյանը տուժող կողմի փաստաբանին:

Լուսինե Սահակյանը հակադարձեց. «Վահագն Հարությունյանից շատ դժգոհ են, որովհետև ի տարբերություն այլ քննիչների, որոնց նրանք փոձել են կաշառել ու արդյուք ստանալ, Վահագն Հարությունյանի հետ դա չի ստացվել»: Փաստաբանը իր հերթին զգուշացրեց, որ եթե կան անձինք, որոնք ուզում են իրենց ընկերոջ համար սուտ ցուցմունքներ տալ, որ հասնեն Վահագն Աբգարյանի ցանկացած արդյունքի, ապա նրանք այդ արդյունքը չեն ունենա:

Այստեղ պայթեց դահլիճում ներկա Գուրգեն Խեչիկյանը, որը մի քանի օր առաջ ցուցմունք էր տվել ՀՔԾ-ում ընդդեմ Վահագն Հարությունյանի: Նա տեղից բացականչություն արեց. «Ես խ՞ի պետք ա սուտ ցուցմունք տամ»: Դատավորը նրան դուրս արեց դատական դահլիճից:

Միջանցքում Գուրգեն Խեչիկյանը պատմեց Forrights. am-ին. «2018 թվականի հունվարի 18-ին, Վահագն Աբգարյանի ձերբակալելու օրը Ազգային անվտանգությունը մասկեքով մտել ա իմ տուն, մինչև հիմա երեխեքս խելքի չեն գալիս: Ես մթոմ, խմբի մեջ եմ: Բայց սաղ գիտեն, ես 11 տարի Երևան-Ալավերդի տաքսի քշող, խելոք մարդ եմ, ես ի՞նչ գործ ունեմ Վահագն Աբգարյանի հետ»: Ի՞նչ էր անում Վահագն Հարությունյանը, որ ասում եք՝ ճնշում էր: «Վահագն Հարությունյանը մեր էր քրֆում, ուշունց էր տալիս, քֆուրով, ծեծելով, որ գրի, որ Վահագի հետ խմբի մեջ ես: Էս ինչի տղեն էլ Ալավերդին չի տենալու: Ասում եմ՝ հարգելիս, ես չեմ կարա գրեմ էդ մարդու վրա: Հիմա ինձ ասում ա, ես սուտ ցուցմունք եմ տվել», — ասաց Խեչիկյանը մեր հարցերին պատասխանելով:

Վահագն Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնեց դատարանին, որ 2018 թվականի հունվարին մոտ 20 անձ բերման ենթարկված անձինք ցուցմունքներ են տվել ՀՔԾ-ում այն մասին, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը նրանցից կոպիտ սեռական հայհոյանքներով, բռնությամբ, ծեծով փորձել է ցուցմունքներ կործել իր պաշտպանյալի դեմ: Այդ անձանցից 4-ի շահերը ներկայացնում է Հակոբ Ճարոյանը:

Նա հայտարարեց, որ ավելի վաղ իր պաշտպանյալ Վահագն Աբգարյանն է իրեն պատմել, որ Վահագն Հարությունյանը հայհոյանքներով, ուժ կիրառելով իրենից էլ փորձել է կեղծ ցուցմունքներ ստանալ: «Քանի որ միակ հիմքը նրա պատմածն էր, ես չունեի այլ ապացույց, ես այն ժամանակ ընթացք չտցվեցի», — ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը հարցրեց, թե ինչպես ստացվեց, որ այդ անձինք դիմեցին հենց Վահագն Աբգարյանի փաստաբանին: Ճարոյանն էլ պատասխանեց. «Ես ալավերդցի եմ, և բոլոր վկաները նույնպես ալավերդցի են, ու ինձ էին ճանաչում»:

Այսօր դատարանում խոսեց նաև Վլադ Դավթյանը: Նա ասաց. «Թող ցույց տան ինձ մի փաստ, որ Վահագն Աբգարյանը ինձ ասում ա՝ գնա, սրան խփի, կամ առ էս 10 հազարը, գնա, սպանություն արա: Ես ապահովված տղա, երեք հատ մեքենա ունեմ, ծնողներս 25 տարի է Եվրոպայում են, ամեն ամիս ինձ երեք հազար եվրո են ուղարկում, ես ինքս եկել եմ, խոստովանել սպանությունը: Ինչի՞ց իմացաք, որ ես պատվեր եմ կատարել: Եթե կա կոնկրետ փաստ, ապացույց, ես ինքս կպահանջեմ, որ ինձ դատապարտեն ցմահ ազատազրկման»:

Սյուզան Սիմոնյան

2 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here