«Մյուս տարվանից բոլոր մարզերում կունենանք ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ»․ Ժաննա Անդրեասյան

0
266

«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։

Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանների ստեղծում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝  մարզպետարանների  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Փոխնախարարը, առանցքային համարելով  համայնքների հետ սերտ համագործակցությունը,  խիստ կարևորել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ կարծիքների և դիտարկումների ներկայացումը․ «Ունենք վեց կենտրոններ, որոնք ընտանեկան բռնության դեպքերով աջակցության գործառույթներ ունեն։ Երեքը Երևանում են, երեքը մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Շիրակում։ Հունիսի 7-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրելու «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ, որի շրջանակում ևս վեց աջակցման կենտրոններ կբացվեն մինչև տարեվերջ»։

Ժ․Անդրեասյանը հորդորել է մարզերում գործող գենդերային հանձնաժողովներում քննարկման օրակարգային թեմա դարձնել գենդերային ռազմավարությունը՝ կոնկրետ առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու ակնկալիքով։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող ոլորտային խնդիրների մասին՝ առաջարկելով հատկապես ուշադրություն դարձնել մասնավոր մանկապարտեզների գործունեությանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը և այլն։ Ժ․Անդրեասյանը, անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, նշել է, որ ապաինստիտուցիոնալացումը նախարարության քաղաքականության հիմնական սկզբունքներից է․ «Մեր առաջնահերթությունը խնամատարության ինստիտուտի զարգացումն է, բայց այս ոլորտում մեծագույն խնդիր կա։ Ունենք ֆինանսավորում պետական բյուջեից, ունենք վերապատրաստված ընտանիքներ, սակայն, իրականում, այդ ծրագրի ցուցանիշները շատ վատ են»։

Փոխնախարարը նաև էական է համարել երեխաների և նրանց ընտանիքների կարիքների որակյալ գնահատման իրականացումը։ Նա փաստել է, որ նախարարության առաջնային նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա կենսաբանական ընտանիքում,  և այս գործում, միանշանակ, պետք է աջակցել․ «Եթե առաջիկայում էլ կլինեն կոնկրետ դեպքեր, երբ աջակցության պարագայում երեխաների՝ ընտանիքներ վերադարձը հնարավոր կլինի, տեղեկացրեք։ Նաև պետք է հստակեցնել, թե այդ ընտանիքները կոնկրետ ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն, և մենք՝ որպես լիազոր մարմին, հնարավորինս կարճ ժամկետում կապահովենք երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here