«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը որևէ դատական ատյանում չի վիճարկվել, հետևաբար, Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը նրա կողմից իրավական որևէ խնդիր չի առաջացնում»,- այս մասին այսօրլրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ԲՀԿ պատգամավորների բարձրացրած այն հարցին, որ Արմեն Սարգսյանը 2 անգամ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել է Վահե Գրիգորյանին այն դեպքում, երբ Գրիգորյանը նախագահ Սարգսյանին անվանել էր ոչ լեգիտիմ:

Անդրանիկ Քոչարյանն այստեղ իրավական տեսանկյունից որևէ խնդիր չի տեսնում. Վահե Գրիգորյանը ժամանակին պարզապես ներկայացրել է իր տեսակետը.

«Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնի լիազորությունների շրջանակում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի այլ թեկնածու, որն այս պահին Վահե Գրիգորյանն է»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով լուրերին, որ Վահե Գրիգորյանը գործող իշխանության սիրելի թեկնածուն է, և մեծ է հավանականությունը, որ հենց իրեն էլ կընտրեն այդ պաշտոնում, նա ասաց, որ Վահե Գրիգորյանը իր գիտելիքներով բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել.

«Վահե Գրիգորյանը իր ապրած կյանքով, գիտելիքներով բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել, «Մարտի 1-ի» տուժողների սիրելին, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ իրեն փորձել են մեկուսացնել: Որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Վահե Գրիգորյանի թե՛ պրոֆեսիոնալ ունակությունները, թե՛ բարոյական նկարագիրը: Վահե Գրիգորյանի պես անձնավորությունը այսօրվա դատաիրավական համակարգի բարեփոխումների համար, իմ պատկերացմամբ, շատ կարևոր գործընթաց է, և այդ տեսակը պետք է տնօրինի իր բարոյական նկարագրով մեր իրավական համակարգը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկել Վահե Գրիգորյանին:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որի մեջ մասնավորապես նշված էր․

«Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: »

Pin It on Pinterest