53-ամյա Տիգրան Գևորգյանն արդեն 9 տարի 6 ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում, դեռ ևս 1,4 տարի էլ պետք է անցկացնի կալանավայրում: Սակայն դատապարտյալն իր դրական վարքագծի շնորհիվ տևական ժամանակ է, ինչ պատժի կրման կիսաբաց ռեժիմում է գտնվում:

Տիգրանն օգտվում է կիսաբաց ռեժիմի արտոնություններից. վաղ առավոտից մինչև ժամը 14:00-ն աշխատում է հացի արտադրամասում: Մեզ հետ խոսելու ընթացքում էլ գտնվում էր աշխատավայրում, որտեղ իր դրսևորած բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է խրախուսանքների, բացի դրանից՝ մինչ օրս ոչ մի կարգապահական տույժի չի ենթարկվել:

Դատարանը, սակայն, արդեն հինգերորդ անգամ մերժում է Տիգրան Գևորգյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը:

«Հայաստանում միակ դատապարտյալն եմ, ով իրա ոտքով, առանց պահակախմբի, գնում ա աշխատանքի ու հետ գալիս, բայց դատարանն ու Պրոբացիոն ծառայությունը հաշվի չի առնում էս ու մյուս դրական հանգամանքներն ու դիմումներս մեկը մյուսի հետևի անհիմն, առանց որևէ փաստարկի մերժում ա: Ոչ մի հիմնավորում չի տալիս, ոչ մի բան հաշվի չի առնում Պրոբացիոն ծառայությունը, ոչ մի սանդղակ չկա, թե դատապարտյալն ինչ պետք ա անի վաղաժամկետ ազատ արձակվելու համար»,- Forrights-ի հետ զրույցում ասում է դատապարտյալը:

Տիգրանի համար անհասկանալի է, թե ինչպես պետք է Պրոբացիոն ծառայության աշխատակիցներն իմանան՝ ինքն ուղղվե՞լ է, թե ոչ: Ըստ նրա, այդ մասին միայն կարող է խոսել քրեակատարողական հիմնարկի պետը, ռեժիմի փոփոխության պատասխանատուն կամ ՔԿՀ աշխատակիցը.

«Մենք ուղղվել ենք ախր, էդ դուք չեն ուղղվել…Դուք ի՞նչ գիտեք՝ ես ուղղվել եմ, թե չէ, դուք էդ ինչի՞ց եք վերցնում, որ ես վաղաժամկետ չեմ կարա ազատ արձակվեմ: Ախր եթե հրահանգ կա, որ պետք ա օբյեկտիվ լինեք, ինչի՞ չեք լինում»,- պատկան մարմիններին է վերացական դիմում դատապարտյալը և հորդորում. «Հերիք ա մարդուն տանջեք էլի»:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Տիգրան Գևորգյանը վաղը կրկին դատարանի առջև կկանգնի ու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդություն կներկայացնի, հույս ունի՝ վերջին անգամ:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest