Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում տեղի ունեցավ «news.am» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «1in.am» կայքի լրագրող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանի գործով ևս մեկ նախնական նիստ։

Հիշեցնենք, որ Սոնա Հարությունյանը նախորդ տարվա օգոստոսի 30-ին, իր Ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը, ինչն էլ նրա դեմ հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել․

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ «news.am» կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։  Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր։

Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Այսօրվա նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցչի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ երբ Սոնա Հարությունյանը պնդում է, որ իր գրառման համար հիմք է հանդիսացել «armtimes.com» կայքի հոդվածը, իսկ կայքն էլ, որը հոդվածը հրապարակել է Կարեն Մանասյան անունով օգտատիրոջ գրառման հիման վրա, իր նյութում հղում չի տվել այդ անձին, չկա նաև հղում սույն գործով պատասխանողի կողմից։

«Իսկ մենք գիտենք, որ այն պետք է վկայակոչվի հենց հայտարարության մեջ։ Բայց այնուամենայնիվ մենք ուզում ենք ներկայացնել այս ապացույցը, որպեսզի ցույց տանք, որ  այս սուբյեկտը չի կարող հանդես գալ, որպես տեղեկատվական աղբյուր, որովհետև ինքը չի համապատասխանում տեղեկատվական աղբյուրի որևէ շափորոշիչի»,- ասաց Արամազդ Կիվիրյանը։

Պատասխանողի կողմի ներկայացուցչի փաստաբան Վահե Հովսեփյանն ասաց, որ իրենց դիրքորոշման մեջ նշել են, որ Սոնա Հարությունյանը հիմք է ընդունել «armtimes.com» կայքում տեղ գտած հոդվածը։

«Այն, թե ինչն է հիմք  հանդիսացել armtimes.com» կայքի հոդվածի համար, Սոնա Հարությունյանը ո՛չ իմացել է, ոչ էլ կարող էր իմանալ։ Այս տեսանկյունից գտնում ենք, որ այս ապացույցը կոնկրետ սույն գործով վերաբերելի չի կարող հանդիսանալ, ինչպես նաև վերաբերելի չի  լինի «news.am» ՍՊԸ-ի հայցադիմումի պատասխանը։

«Իմ կողմը տեսել է այս հոդվածը, դրա հիման վրա ոչ թե հոդված է գրել, այլ ընդամենը գրառում է կատարել, իր կարծիքը բարձրաձայն արտահայտել է։ Գտնում եմ, որ այս ապացույցները վերաբերելի չեն»,- ասաց Վահե Հովսեփյանը։

Արձագանքելով՝ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ կողմն իր հայտարարության մեջ հղում չի կատարել աղբյուրին։

Վահե Հովսեփյանն էլ իր դիրքորոշումը ներկայացնելով ասաց, որ որևէ մեկը ֆեյսբուքում գրառում կատարելիս կամ կարծիք արտահայտելիս, պարտավոր չի հղում կատարել, թե ինչի հիման վրա է իր կարծիքը արտահայտում։

Ինչ վերաբերում է, նրան, որ հայցվորն իր դիմումում նշում է  վիրավորանքի ու զրպարտության մասին, Վահե Հովսեփյանն ասաց, որ տվյալ դեպքում գտնում է, որ պետք է նախ քննարվվի այն հարցը, թե առկա է արդյոք վիրավորանք և զրպարտություն տվյալ հրապարակման մեջ, որովհետև միայն այդ հարցին անդրադառնալուց հետո արդեն պարզ կդառնա, եթե առկա է վիրավորանք ապա ինչպիսի փաստեր պիտի ապացուցվեն, եթե առկա է զրպարտություն, ապա ինչպիսի փաստեր պետք է ապացուցվեն։

Դատավոր Արմեն Դանիելյանն էլ արձագանքելով ասաց, որ հայցվորը հստակ առանցնացրել է, թե ինչն է համարում վիրավորանք՝ նշելով հետևյալ նախադասությունը՝ «բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ գնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է գնորդը», սա հայցվոր կողմը հիմնավորել է որպես վիրավորանք, սակայն դա վիրավորանք  է, թե ոչ դատավորը պետք է եզրահանգման գա՝ դատական ակտ կայացնելիս։

Սոնա Հարությունյանն էլ ասաց, որ պետք է հստակ տարանջատել լրատվամիջոցը ֆեյսբուք սոցիալական ցանցից  և այստեղ պետք չէ առաջնորդվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքով։

Արձագանքելով՝ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հրապարակային խոսքին, որն ըստ Կիվիրյանի վիրավորանք և զրպարտություն է պարունակում և էական չի, թե Սոնա Հարությունյանը հանդես է եկել որպես լրագրող, թե ոչ։

Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա հունիսի 26-ին, ժամը 15․00-ին։

  Լիլիթ Թադևոսյան

Pin It on Pinterest