Քրեակատարողական ծառայության կամայականությունը․ցմահ դատապարտյալը զրկված է հարազատներին տեսնելու հնարավորությունից

0
824

«Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արտյոմ Սաֆարյանը չի կարողանում օգտվել օրենքով սահմանված իր իրավունքներից` հանդիպել հարազատներին։ Նրա ընտանիքը՝ հայրը մայրը և կինը ապրում են Վանաձորում, սոցիալական ծանր պայմաններում և չեն կարող այդ երկար ճանապարհը կտրել ու հասնել Արմավիր։ Արտյոմի թոշակառու ծնողները  ունեն նաև առողջական խնդիրներ և սա ևս լուրջ խոչնդոտ է նրանց տեղաշարժման համար։ Հարազատների մասին խոսելիս գունատ, նիհարակազմ Արտյոմը հուզվում է, նրա ձայնը դողում է․

« Մորս ու եղբորս վերջին անգամ տեսել եմ 2017 թվականի դեկտեմբերին,  2018-ին երկարատև տեսակցություն չեմ ունեցել, միայն հայրս է մեկ անգամ եկել ինձ տեսակցելու՝ իր թոշակից խնայած գումարով․․․»,- Forrights-ին պատմում է  արդեն 14 տարի բանտում ապրող Արտյոմը։ Անգամ խիստ վիճելի դատավճիռը, որով դատապարտվել է ցմահ ազատազրկման, նրա համար առաջնահերթ հարց չէ։ Արտյոմի համար առաջնահերթ հարցը հարազատների հետ հանդիպումն է։

Արտյոմ Սաֆարյանը ազատազրկման է դատապարտվել 2005 թվականին։ Մինչև 2016 թվականի ապրիլը պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, այնուհետև նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ և գտնվում է մինչ օրս։ Նա արդեն մեկ ու կես տարի է ցանկանում է տեղափոխվել Արմավիրից «Վանաձոր» ՔԿՀ, հարազատներին ավելի մոտ լինելու համար։

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  այս տարվա փետրվարին  մերժել է Արտյոմի՝ «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխվելու մասին  դիմումը, սկզբնական պատճառաբանությունը եղել է Վանաձորում  ցմահ դատապարտյալների համար նախատեսված պայմանների բացակայությունը իսկ հետո՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում Արտյոմի հանդեպ առկա թշնամանքը, որը ինքը՝ Արտյոմ Սաֆարյանը, անհիմն է համարում։

Forrights-ը ևս հարցում ուղարկեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն,   տեղափոխվելու դիմումի մերժման պատճառները հասկանալու համար։ Քրեակատարողական ծառայաությունից նույն պատասխանը ստացվեց, որ Արտյոմ Սաֆարյանի նկատմամբ առկա է թշնամանք ոչ միայն «Վանաձոր» ՔԿՀ-ում այլև հենց Վանաձոր քաղաքում, ինչը կապված է նրա կատարած սպանության հետ, հետևաբար Արտյոմ Սաֆարյանը չի կարող ապահով մնալ «Վանաձոր» ՔԿՀ-ում: Սակայն քրեակատարողական ծառայությունը անուններ չի վկայակոչում․

«Եթե իմ հանդեպ թշնամանք կա «Վանաձոր» ՔԿՀ-ում, ապա թող ասեն ով է այդ թշնամին, բայց ոչինչ չեն ասում, որովհետև դա սուտ է, ընդամենը պատճառ է ինձ չտեղափոխելու համար։ Բայց անգամ եթե ունենայի թշնամիներ, ապա դա ի՞նչու պետք է խանգարեր տեղափոխմանը, եթե  ես համաձայն եմ միայնակ բնակվել խցում։ Ես ցմահ դատապարտյալ եմ, ինձ ընդամենը պետք է մեկ ժամով հանեն զբոսանքի ու էլի հետ բերեն խուց»։

Արտյոմը տպավորություն ունի, որ ինչ-որ մեկը քրեակատարողական ծառայությունում ամեն ինչ անում է, որպեսզի իր տեղափոխությունը Վանաձոր չստացվի, չնայած նրան, որ Արտյոմի պահանջը ամբողջովին օրենքի սահմաններում է։

« Ես համոզված եմ, որ իմ տեղափոխմանը խոչընդոտում է տեղաբաշխման հանձնաժողովը,  բայց չգիտեմ, թե որն է պատճառը, ես ընդամենը ուզում եմ  ընտանիքիս ավելի մոտ լինել, որ հաճախ կարողանան ինձ տեսակցության գալ»

Արտյոմ Սաֆարյանը բողոքել է դատարանի որոշման դեմ, ինչից հետո ՄԻՊ-ը քննության է առել բողոքը։ ՄԻՊ որոշմամբ հստակ արձանագրվել է, որ խախտվել են Արտյոմ Սաֆարյանի արտաքին աշխարհի և ընտանիքի հետ կապի հետևաբար նաև անձնական կյանք ունենալու հիմնարար իրավունքները։ ՔԿՀ ղեկավարությունը ճի սիրում, որ դատապարտյալները բողոքում են և սա կարող է լուրջ պատճառ դառնալ մերժման, կամ պատժվելու բողոքելու համար։ Արտյոմ Սաֆարյանի օրինակը հենց այդ դեպքն է՝ տեղաբաշխման հանձնաժողովի կամայականությունը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես կարծում է, որ տեղաբաշխիչ հանձնաժողովը մտացածին պատճառ է հորինում Արտյոմ Սաֆարյանին չտեղափոխելու համար:

« Առաջին դեպքը չէ, որ Քրեակատարողական ծառայությունն ու բաշխիչ հանձնաժողովը նման անհիմն պատճառներ են բերում դատապարտյալների օրինական պահանջները չկատարելու համար։ Անհասկանալի է, թե ինչպես է Վանաձոր քաղաքում առկա թշնամանքը սպառնալու Արտյոմ Սաֆարյանի անվտանգությանը, բայց դա նույնիսկ կարևոր էլ չէ, պետությունը պարտավոր է ապահովել դատապարտյալների անվտանգությունը անկախ ամեն ինչից։ Սա ուղղակի ևս մի դեպք է, երբ դատապարտյալի համառության համար նրան պատժում են այս ձևով»։

Արտյոմի տեղափոխության հարցից բացի նաև շատ խնդրահարույց է նրա նկատմամբ սահմանված պատիժը։ 2005 թվականին Առաջին ատյանի դատարանը Արտյոմ Սաֆարյանի դատապարտել է 15 տարվա ազատազրկման

«Դատավորը ցանկանում էր 13 տարի պատժաչափ տալ, բայց տուժող կողմը կտրուկ չհամաձայնեց դրան և ինձ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման» հիշում է Արտյոմը։

 2 տարի հետո՝ 2007 թվականին, Վճռաբեկ դատարանը Արտյոմի օգտին բեկանել է տուժողի իրավահաջորդների բողոքը՝ ցմահ պատիժ սահմանելու վերաբեյալ, սակայն գործով քննիչը քրգործի մեջ   փաստեր չպարունակող հատկանիշներ է ավելացրել և պատիժը փոխվել է  ցմահի։

Ինչպես բոլոր ցմահ դատապարտյալները, այնպես էլ Արտյոմ Սաֆարյանը հույս ունի, որ վարչապետ Փաշինյանի կարգադրությունը՝ ցմահ դատապարտյալների գործերի անհատական վերանայման մասին կիրագործվի և վերջապես արդար քննություն կլինի։

« Հիմա երբ ինչ-որ մարմնի բողոք կամ դիմում ենք գրում, գիտենք, որ նախ դիմումը դուրս է գալիս այս (ՔԿՀ) պատերից և հետո, որ հասնում է հասցեատիրոջը։ Առաջ մեր դիմումները ուղղակի պատռում էին հենց ՔԿՀ-ի ներսում կամ եթե չէին պատռում, դրանք այդպես էլ անպատասխան էին մնում»

Չնայած նման կասկածելի հանգամանքներում տրված պատժին՝ Արտյոմի միակ նպատակը հիմա իր ընտանիքին մոտ լինելն է։

Ռաֆ Ենգիբարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here