2008 թվականի Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների քրեական գործով հիմնական մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով դատավարության առաջին նիստերի ժամանակ դատարանը հնարավորություն տվեց միակողմանիորեն խոսել մեղադրանքի շուրջ, իր դիրքորոշումները հայտնել նախաքննությամբ ձեռք բերված տարբեր փաստերի վերաբերյալ: Ոչ դատախազությունը, ոչ տուժողի ներկայացուցիչները Քոչարյանի կալանքի քննարկման փուլում նույն հանգամանքների շուրջ տեսակետներ հայտնելու հնարավորությունից զրկված էին:

Այն, ինչ նրան այնուամենայնիվ թույլ չտվեցին ներկայացնել դատարանում, օրինակ, տեսանյութը, որից, ինչպես Քոչարյանն է վտահեցնում, երևում է, թե ինչպես են ցուցարարները իբր՝ նռնակ նետում ոստիկանների վրա, նրա պաշտպանները ցուցադրեցին մայիսի 17-ի ասուլիսի ժամանակ:

«Քաղաքացիները ագրեսիվ միջոցներ են կիրառել ոստիկանների դեմ…բազմաթիվ ոստիկաններ այրվածքներ են ստացել… ոստիկանների խիտ շարքի մեջ այդ նռնակը պայթում է, հետագայում արդեն գործի նյութերից տեսնելու ենք, որ մի քանի տասնյակ ոստիկաններ բեկորային վնասվածքներ են ստացել, դրանից հետո արդեն ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները այդ նռնակի պայթյունից հետո արձագանքում են կրակահերթով», — ասում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Մարտի 1-ի գործին ծանոթ անձինք հերքում են Քոչարյանի պաշտպանի հայտնած այս տեղեկությունները: Ըստ նրանց, նռնակը, որը հայտնի տեսանյութում երևում է և որը ըստ Արամ Օրբելյանի, նետում են ցուցարարները, իրականում ոչ թե մարտական նռնակ է եղել, այլ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, որի պայթյունից մահացել է ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանը:

Մասնավորապես, ՀԱԿ իրավաբանական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, որը 2008 թվականի դեպքերի ժամանակ համաժողովրդական շարժման իրավական պատասխանատուներից էր, վստահեցնում է, որ Քոչարյանը և նրա պաշտպանները ի հայտ չեն բերել ոչ մի տեսանյութ, որը հայտնի չի եղել փաստահավաք խմբին և որը ուսումնասիրված չի եղել: Տեսանյութը, որը ներկայացրել են Քոչարյանի պաշտպանները և որի վրա նրանք վերջերս տարածեցին, կենտրոնացնելով դրա վրա հանրության ուշադրությունը, նույնպես հայտնի է ու ուսումնասիրված:

«Տեսանյութից ընդհանրապես չի երևում, որ նռնակը քաղաքացին է գցում: Երևում է պայթյունը, որի հետ կապված փաստահավաք խումբը ներկայացրել է Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներով զեկույցը», — ասում է իրավաբանը: Ըստ նրա, փաստահավաք խմբի փորձագետները, մանրամասն ուսումնասիրելով դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունները, եկել է հստակ եզրակացությնա , որ դա եղել է «Զարյա» տիպի լուսաձայնային նռնակ, և դիտարկվել է վարկածը, որ այն պայթել է քաշքշուկի մեջ Համլետ Թադևոսյանի մարմնին կպած վիճակում:

«Այն վարկածը, որ Թադևոսյանն իր մարմնով փակել է նռնակը, չի ապացուցվել: Թադևոսյանի մասով գործի քննությունից, եթե հիշում եք, պակասում էր նրա զրահաբաճկոնը, որի զննության արդյունքում ավելի ակնհայտ կլիներ, թե ինչ է եղել իրականում: Պատահական չի, որ այդ զրահաբաճկոնը կորել էր», — հիշեցնում է իրավաբանը, ենթադրելով, որ նռնակը կպցրած է եղել հենց Թադևոսյանի վրա: Այս վարկածը սակայն չի ապացուցվել, և գոյություն ունի զուտ որպես ենթադրություն:

Այդ տեսանյութը ուսումնասիրել է նաև 2008 թվականին քրեական գործի նախաքննության ընթացքում: Սակայն թե ով է նետել նռնակը, այն ժամանակ էլ չի բացահայտվել, քանի որ դա, ըստ Արմեն Խաչատրյանի, կլիներ ընդամենը ենթադդրություն, իսկ ենթադրությունը հետագայում չէր կարող դրվել դատական ակտի հիմքում: Եթե անգամ այն սխալ է, և նռնակ նետողը եղել է ցուցարարներից, ապա սա ընդամենը կարող է ապացուցել, որ ընդդիմադիր ժողովրդի շրջանում եղել են սադրիչներ:

«Այդ օրն այնքան օպերատիվ նկարահանումներ են արվել, որ զենքով մարդուն իրենք անպայման կֆիքսեին, — վստահեցնում է ՀԱԿ իրավաբանական հանձնաժողովի անդամը Forrights.am-ին, — նաև հատուկ ծառայությունների գործակալները կֆիքսեին այդ անձի ով լինելը, և եթե ցուցարարների մեջ իրենք կարողանային զենքով որևէ մեկին ֆիքսել, դա կլիներ նվեր այն ժամանակվա իշխանություններին: Հենց այն փաստը, որ որևէ կրակողի, զինված ցուցարարի նրանք չեն ֆիքսել, անուղղակիորեն հաստատում է սադրիչների մասին մեր պնդումը: Այդ օրը եղել են սադրիչներ, որոնք փորձել են իմիտացիա ստեղծել, թե խաղաղ հավաքի մասնակիցները կրակել են, կամ նռնակ են նետել»:

Ռոբերտ Քոչարյանը մարտի մեկի գործով դատարանում նաև հայտնեց, որ կարծել է, թե Մարտի 1-ի առավոտյան ոստիկանները Ազատության հրապարակում տեղազննություն են իրականացնում: Մինչդեռ քրեական գործում կան բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներ, մասնավորապես, այն ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի վկայությունն այն մասին, որ Ազատության հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններին հստակ հրահանգված է եղել ցրել ցույցը:

Արմեն Խաչատրյանը եղել է այն իրավապաշտպաններից, ովքեր 2008 թվականի ցույցերի, մարտի մեկին և դրանից հետո ոստիկանական գործողություններից տուժած բազմաթիվ քաղաքացիներին աջակցություն է ցույց տվել, ուստի նրան հարց ուղղեցինք. Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ կարծել է, թե Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած ոստիկանական գործողությունը, բայց հարցաքննված ոստիկանները ասել են, որ գնում էին ցույց ցրելու: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասությունը:

«Իշխանություն ունեցել է պլան, որի համաձայն ինքը Օպերայի հրապարակում ցույցը պետք է ցրեր, ու ամեն ինչ վերջանար, ինչպես, օրինակ, եղել է 2004 թվականի ապրիլի 12-ին: Ցույցը ցրեցին, ժողովուրդը գնաց տներով, վախի մթնոլորտ, տեռոր, ձերբակալումներ ու կալանավորումներ, շարժման առաջնորդները կամ անցան ընդհատակ, ձերբակալվեցին ու ամեն ինչ մեկ օրում վերջացավ: Բայց այս դեպքում ժողովուդրը շարունակեց պայքարը, տեղափոխվելով քաղաքի մեկ այլ հատված: Երբ որ առավոտյան իրենց պլանը չաշխատեց, նրանք անցան «պլան B-ին, Պլան-C-ին, գործը հասցնելով սեփական ժողովրդի դեմ մահաբեր ուժի կիրառման, որը ևս ինչ-որ պահից սկսած պլանավորված էր:

Եթե չկիրառեին, ապա կլիներ այն, ինչ եղավ 2018 թվականի ապրիլ ամսին: Երբ որ համաժողովրդական շարժումը՝ ոչ թե 1000, կամ 2000 մարդ, այլ կրիտիկական զանգված աննկուն կանգնում է, ժողովրդավարական պահանջներ դրած, իշխանությունն ուզի, թե չուզի, պետք է ընկրկի: Նրանք պետք է արյան մեջ խեղդեին այդ կրիտիկական զանգվածը, մնացածը՝ դետալներ են», — ասաց իրավաբանը:

Առաջին քրեական գործը ցուցարարների դեմ հարուցվել էր հավաքը ցրելուն խոչընոտելու հիմքով: «Այն պահից, որ գլխի ընկան, որ հավաքը ցրելը իրավաչափ գործողություն չի դիտարկվի, նրանք առաջ քաշեցին խուզարկության վարկածը: Եվրոպական դատարանի վճիռներով արձանագրվելու է, որ դրանք շինծու հիմքեր են եղել, Մուշեղ Սաղաթելյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումներով արդեն ապացուցվել է, և մյուսներով էլ նրանք պարտվելու են», — նշում է Արմեն Խաչատրյանը:
Նա կասկածելի է համարում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը, որը մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը պաշտոնավարել է որպես ՀՀ նախագահ, չի իմացել այդ շինծու գործերի մասին, այն դեպքում, երբ ապրիլի 9-ին արդեն եղել են դատավճիռներ այդ գործերով: «Այստեղ երկու տարբերակ կա, — եզրակացնում է իրավաբանը, — կամ Քոչարյանը առաջնորդվում է գողական «ատկազով դատվելու սկզբունքով, կամ՝ շատ լավ գիտակցում է իր կողմից իրականացված հանցանքները»:
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մայիսի 17-ի ասուլիսի ժամանակ, պատասխանելով մեր հարցին՝ թե ինչո՞ւ, տեսնելով, թե ինչ ողբերգական ձևով զարգացան դեպքերը մարտի 1-ին Օպերայի բակի «տեղազննությոնից» հետո ներողություն չխնդրեց ժողովդրից, ասել էր.
«Մենք այդ հարցին կանդրադառնանք դատաքննության ինչ որ մի փուլից հետո, թե ով ինչ ծավալով պետք է ներողություն խնդրի։ Մենք էլի ի սկզբանե գալիս ենք այն կանխավարկածից, որ ամեն ինչի համար, ինչ կատարվում է երկրում, մեկն է, մի նախագահն է մեղավոր։ Ամսի մեկ ա տեղի ունեցել, որը բոլորիս համար ողբերգություն է։ Ինչո՞ւ անձը դրանից հետո ներողություն խնդրեց, ի՞նչ գործընթաց արեց, չարեց, ովքե՞ր են մեղավորները, որոշ մարդիկ գիշերը լավ են քնել դրա պատճառով, որոշ մարդիկ վատ են քնել՝ դա դուրս է գալիս իրավական գործընթացի շրջանակներից»:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest