Անկախ Հայաստանի գրեթե ողջ պատմության ընթացքում Սահմանադրական դատարանը ղեկավարած, իսկ վերջին մեկ տարում Բարձրագույն դատական խորհուրդը նախագահած Գագիկ Հարությունյանն այսօր հրաժարական տվեց:
Հարությունյանը գրել է, որ հրաժարական է տալիս «նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները»: Նա նաև խոստացավ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենակիցներին «տարիներով կուտակ» ասելիքը ներկայացնել հաջորդիվ:

«Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի»,-խոստացավ Գագիկ Հարությունյանը:

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում ոչ դրական գնահատեց Գագիկ Հարությունյանը աշխատանքը հատկապես ՍԴ նախագահի պաշտոնում: «Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ՍԴ-ն Հայաստանի բոլոր ընտրություններում պաշտպանել է իշխանությանը՝ հաշվի չառնելով խախտումները: Բացի 1998 թ-ից, երբ Կարեն Դեմիրճյանը չբողոքարկեց, Հայաստանի ընտրությունների արդյունքները վիճարկվել են Սահմանադրական դատարանում ու իր նախագահած դատարանը որոշում է կայացրել ի օգուտ իշխանության՝ չնայած ակնհայտ կեղծիքներ»,-շեշտեց ՀԺԿ փոխնախագահը:

Նա առավել աբսուրդային համարեց 2003 թ ընտրությունների արդյունքներով ՍԴ որոշումը: «Ընտրախախտումների վերաբերյալ բավարար նյութեր էինք ներկայացրել ՍԴ, որ պարտավոր էին ընտրություններն անվավեր ճանաչել, բայց ՍԴ-ն ընդունեց որոշում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում պետք է վստահության հանրաքվե անցկացնի ու հետամուտ չեղավ այդ որոշման իրագործմանը»,-հիշեցրեց Հարությունյանը՝ հավելելով. «Գագիկ Հարությունյանի դերակատարությունն այդպիսին է եղել»:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, մինչդեռ, մասնագիտական գիտելիքների առումով միայն դրական ու բարձր կարծիք ունի Գագիկ Հարությունյանի մասին: «Այլ հարց է, որ ցավոք, ինքը և ոչ միայն ինքը, գուցե նաև ես ժամանակին, ստիպված ենք եղել ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պաշտպանել գործող իշխանության իրավունքները»,-ասաց նախկին դատավորը:

2008-ի մարտյան դեպքերից հետո ընտրությունների արդյունքները բողոքարկվեցին Սահմանադրական դատարանում և Պարգև Օհանյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներից էր: «Ակնհայտ էր, որ կային խախտումներ, որոնք իհարկե ազդել էին ընտրությունների արդյունքների վրա և ՍԴ-ն բավարար հիմքեր ուներ անվավեր ճանաչեր ընտրության արդյունքները»,-նշեց Պարգև Օհանյանը՝ հավելելով. «Բայց եղավ այն, ինչ եղավ: Այդ ժամանակ կային խոսակցություններ, որ ՍԴ վերևի հարկում զինվորներ կային, ինչը կարող էր ազդել ՍԴ որոշման վրա»:

Պարգև Օհանյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Գագիկ Հարությունյանը կայացրել է Սահմանադրական դատարանը և դա չի կարելի անտեսել:

«Պարզվեց, որ Գագիկ Հարությունյանն այդպես էլ իր պատասխանատվությունը դատական համակարգի նկատմամբ անվստահության խնդրում չի տեսնում, ոչ անցյալի, ոչ ընթացիկ իրավիճակի շուրջ, նա հրաժարական է տվել՝ «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները» ձևակերպմամբ: Շատ ափսոս»-իր ֆեյսբուքյան էջում ափսոսանք է հայտնել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ Խառատյանի՝ ճիշտ կլիներ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ողջ կազմով հրաժարական տար: «Տեսնենք՝ նրա հրաժարականով դատական համակարգում իրավիճակ կփոխվի՞, ինչում անձամբ ես կասկածում եմ, քանի դեռ ԲԴԽ-ն իր կազմով նույնն է մնում: Դա կախված կլինի նաև ԲԴԽ-ի նոր նախագահի անձից»,-գրել է Խառատյանը՝ շարունակելով. «Մեզ, իմ կարծիքով, խիստ անհրաժեշտ է իշխանության մյուս թևերից իսկապե՛ս անկախ, միայն օրենքի իրավունքով աշխատող դատական իշխանություն, որը կարողանա հակակշռել ընթացիկ ցանկացած իշխանության աչառություն»:

«Իմ քայլը» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Գագիկ Հարությունյանը չէր անցնի վեթինգը. «ԲԴԽ նախագահը պետք է առաջնահերթ նշանակվեր դատավորների ընդհանուր ժողովից առաջադրված անդամը, այնուհետև հերթը պիտի անցնել ԱԺ-ի թեկնածուին: Իսկ Գագիկ Հարությունյանը հենց ԱԺ-ի կողմից ընտրված ԲԴԽ անդամ է եղել: Սա կգնահատվեր որպես խախտում»:

Ուշագրավ է, որ Գագիկ Հարությունյանի հրաժարկանից հետո հրաժարական տվեց նաև նրա եղբայր, ԱԱԾ պետի տեղակալ, ԱԱԾ հնաբնակ Արզուման Հարությունյանը:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest