Շուրջ մեկ տարի է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում  է Ալավերդի քաղաքում հայտնի գործարար Վահագն Աբգարյանի և նույն քաղաքի բնակիչ Վլադիմիր Դավթյանի գործը:

Մեղադրանքններն առնչվում են նրանց համաքաղաքացի 2017 թվականին սպանված Կամո Փիրուզյանի մահվանը: Դատախազությունը հիմնավորված է համարում, որ Աբգարյանը ապօրինի զենք և փամփուշտներ է ձեռք բերել և հանձնել է Վլադիմիր Դավթյանին, կազմակերպելով Փիրուզյանի սպանությունը, ապա կաշառել է Լոռու մարզային քննչական վարչության նախիկին պետ Թաթուլ Շուշանյանին և նույն վարչության երկու քննիչներին, որպեսզի նախաքննությունը վարեն իր օգտին:

Վլադիմիր Դավթյանն էլ համապատասխանաբար, մեղադրվում է որպես պատվերով սպանության կատարող / քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով/: Վահագն Աբգարյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա վստահեցնում է, որ որևէ առնչություն չունի սպանության կազմակերպման և կաշառքի հետ։ Վլադիմիր Դավթյանը չի ժխտում, որ սպանել է Փիրուզյանին, քանի որ վերջինս վիրավորել է իրեն և սպառնալիքներ է տվել, սակայն վստահեցնում է, որ ինքը քիլլեր չի և որ իր համար սա պատվի հարց է։

Ամբաստանյալները դատավարության սկզբից ևեթ վստահեցնում էին, որ իրենց  դեմ որևէ ապացույց չկա, իսկ Փիրուզյանի կնոջ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, հայտնել էր Forrights.am-ին, որ ապացույցները բավարար են, որ գործում կան գաղտնալսումներ, որոնցից հստակ երևում է, որ Աբգարյանը սպանության պատվեր է տվել, ապա կաշառք է փոխանցել քննիչներին:

Ալավերդու բնակիչներն արդեն մեկ տարի է, սպասում են, որ վերջապես կլսեն երկու տարի առաջ ԱԱԾ կողմից իրականացված այդ ձայնագրությունները: Արդեն երկու նիստ է, ինչ դատարանն ապացույցներ է հետազոտում: Ձայնասկավառակները բերել են դատարան, միացրել են, սակայն ոչինչ չի լսվում:

«Վերջին երկու նիստերի ժամանակ՝ մայիսի 8-ին դատարանն անցավ ապացուցների գնահատման փուլին, սակայն, քանի որ գործում կան ձայնագրություններ, որոնք չէին լսվում, նիստը հետաձգվեց, որպեսզի դատարան նոր համակարգիչ բերեն։ Մայիսի 22-ի նիստին արդեն նոր համակարգիչն օգտագործեցին, սակայն կրկին ոչինչ չէր լսվում, և ստիպված եղան նիստը հետաձգել մինչև հունիսի հինգը», — ներկայացնում է Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան Հակոբ Ճարոյանը։

Վերջին նիստից հետո հերթական տհաճ միջադեպն է ծագել Աբգարյանի ընկերների ու հարազատների և տուժողի իրավահաջորդների միջև։ Դատավորը դուրս է արել դահլիճից Աբգարյանի կողմնակիցներին, այդ թվում Ալավերդու բնակիչ Աշոտ Խաչատրյանին։ «Մեր ընկերը ասեց, որ բան չի լսվում, որ Հարությունյան Վահագի սարքածն ա սա, իրան պատասխանեցին էն կողմից, թե Վահագի դեմը դուք կարա՞ք տենց խոսաք, ասեցին, դատարանին վարկաբեկում եք։ Ես էլ ասեցի՝ դատարանը ինչ կապ ունի, մենք Հարությունյան Վահագի մասին ենք ասում, ու դատավորը ինձ դուրս հանեց նիստից», — պատմում է Ալավերդու բնակիչ Աշոտ Խաչատրյանը։

Աբգարյանի ընկերներից Գուրգեն Խեչիկյանին դատավոր Սուսաննա Գզոգյանը նույնպես դուրս է հանել դահլիճից տեղից խոսելու համար։ Դուրս գալուց նա արել է «Վահագն Հարությունյանի «կաշելյոկներ» արտահայտությունը, որից հետո դատավորը հարցրեց, թե ում էր դա վերաբերվում։

«Մենք պահանջում ենք, որ Վահագն Հարությունյանը գա դատարան, — ասում է նա, — ինձ համար շատ կարևոր ա, որ ես լսեմ, էն բանը, որ ինքը ասում ա Վլադ Դավթյանին, գնա Կամոյին սպանի։ Ու դա բոլորի համար կարևոր է, որ լսեն, բայց արդեն երկու նիստ ա, չենք կարում լսենք։ Դատարանում մենակ տրուբի ձեն ա լսվում՝ հուււււ, ու ոնց որ մեկը հազա։ Ոչինչ չի լսվում դատարանում, իսկ տուժողի կողմը նստած՝ քմծիծաղ ա տալիս, նա մահացածի պաշտպանն է, բայց ծիծաղում էր դահլիճում», -ասում է Խեչիկյանը։

Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց, որ ապացույցները հասանելի են նաև պաշտպանական կողմին և ցանկացած սովորական համակարգչով լսելի են։ «Պաշտպանական կողմը հանգիստ կարող է լսել այդ ամբողջը», — ասաց նա:

Դատավարության ձգձգումները ծանր են տանում ամբաստանյալները, մասնավորապես Վլադիմիր Դավթյանը, որը երկու տարի կալանքի տակ է, անորոշ վիճակում։ Նա չի ընդունում, որ պատվերով սպանություն է կատարել։ Երեկ իր ընկերների միջոցով մեզ փոխանցեց հետևյալը.

«Նույնիսկ էն, որ մեր հարազատները մոտենում են դատից հետո մեզ համբուրում են, ավելորդ մեկնաբանությունների տեղիք ա տալիս։ Ասում են՝ թե տեսեք, քրեական հեղինակությանը համբուրեցին։ Առանց էն էլ ներվային վիճակում ենք։ Իմ առաջ ոչ մի կոնկրետ փաստ չեն դնում։ Ես դատավորին ասում եմ՝ եթե կոնկրետ փաստ կա, մարդկանց մոտ ես թղթի վրա գրեմ, որ խնդրեմ՝ ինձ դատեք ցմահ։ Ես իմ արարքից չեմ հրաժարվում։ Բայց ես իմ ինքնասիրության համար եմ արել, ոչ թե մեկի թելադրանքով, ասելով, եթե վերջում էլ ասեն, ինչ ունես ասելու՝ ասելու եմ, ես տղա եմ, ինձ «Սռոկով» չեք կարող վախեցնեք, ինձ փողով չեն կարող առնել։ Թող դատեն 29 տարի, 30 տարի, հարցը «սռոկը» չի »։

Ըստ Հակոբ Ճարոյանի, Վլադիմիր Դավթյանը պատճառ չուներ պատվերով սպանություն կատարելու, քան որ նա ապահովված երիտասարդ էր։ «Նրա ծնողները Լեհաստանում են, և նրանք իրեն գումարներ են ուղարկել, որպեսզի նա այստեղ կարողանա հոգալ իր կարիքները։ Դատախազության կողմից սա դիտվում է որպես պատվերի ապացույց, իսկ մենք մեկնաբանում ենք սա որպես պատվերն անիմաստ դարձնող փաստ։ Ինչո՞ւ պետք է ապահովված երիտասարդը պատվեր կատարեր», — ասում է նա։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest