«Որոշումը կայացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների հիման վրա». տուժող կողմը և Գլխավոր դատախազությունը բողոքարկում են

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետևանքով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատավորի որոշումը: Վերաքննիչ բողոքների հիմքում փաստաբանը նշել է՝ դատարանն ակնհայտորեն որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների հիման վրա.

«Մենք իրավունք ունենք դատարանի այդ որոշումը բողոքարկել ու մենք բողոքարկում ենք։ Որոշումը չի կայացվել մրցակցային դատավարության սկզբունքների համաձայն՝ լսումների ընթացքում։ Այսինքն, դատավորը լսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, նրանց փաստարկները հաշվի առնելով որոշում է կայացրել և որոշման հիման վրա կասեցրել է մի գործ, որը վերաբերում է նաև երեք մեղադրյալի և տասնյակ տուժողների: Որոշման հետ միաժամանակ քրեական գործի 80 հատորներն է ուղարկել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը չի կարող այլևս քննվել, որովհետև գործն ինքը չի ստանալու: Դատարանը պետք է գործն ունենա, որպեսզի կարողանա քննել»,- «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում նշել էր Վահե Գրիգորյանը:

Այսօր վերաքննիչ դատարան 2 բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազությունը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։

2008 թվականին մարտի 1-ի երեկոյան«Չերյոմուխա 7»-ի վիրավորումից մահացած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Forrights-ի հետ զրույցում «խայտառակություն» որակեց դատարանի որոշումը: Քլոյանը նշեց, որ անգամ դատարանի որոշման մասին իրենց չի տեղեկացվել, այդ մասին իմացել են լրատվամիջոցներից.

«Էս խայտառակ որոշում էր, դատավորը գողություն ա արել: Ինքն ամեն ինչ արել ա, որ մենք ոչինչ չիմանանք ու ոչ մի քայլ չձեռնարկենք: Դատարանը պարտավոր էր մեզ տեղեկացնել, որ գործը կասեցվում ա: Էս մշակված ծրագիր էր դատավորի, Քոչարյանի էդ փաստաբանների, ու Արցախի ղեկավարության կողմից»,- կարծիք է հայտնում Քլոյանը:

«Վերաքննիչ դատարանը չի կարող գնահատել Սահմանադրական դատարան դիմելու գործընթացի իրավաչափութունը». պաշտպանական կողմը հակադարձում է

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի համոզմամբ՝ դատարանի որոշումը՝ պարունակական առումով, բողոքարկման ենթակա չէ: Ըստ նրա, մեղադրանքի կողմը ֆորմալ հիմքեր է դրել, որ ենթակա է բողոքարկման, այնինչ պարունակական առումով, Վերաքննիչ դատարանը չի կարող գնահատել Սահմանադրական դատարան դիմելու գործընթացի իրավաչափութունը:

«Վերաքննիչ դատարանն իրավունք չունի, ըստ գործող օրենսդրության, անդրադառնալ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորումներին։ Եթե դատարանը գտել է, որ ինքն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, ապա կասեցումն օրինական է։ Դատարանն ինքնուրույն միանձնյա որոշում է կայացրել, այլ ոչ թե անդրադարձել է մեր միջնորդությանը, չնայած մենք բազմիցս ենք դա ներկայացրել:

Դատական նիստի հենց առաջին օրը, դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ այս փուլում անդրադառնալու են միայն խափանման միջոցի հարցին, ուստի մնացած հայտարարությունների և միջնորդությունների քննությունը հետաձգվում է: Մենք ավարտեցինք խափանման միջոցի հարցը, դատարանն էլ գտավ, որ կա որոշակի սահմանադրոթյան խնդիր,  ուստի գործը կասեցնելու որոշում կայացրեց:»,- Forrights-ի հետ զրուցում նշեց Օրբելյանը:

Դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն մայիսի 20-ին կասեցրել է 2008 թվականի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը, այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Լուրն անակնկալ էր ոչ միայն հանրության, այլև հենց մեղադրանքի կողմի համար: Որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, հետևաբար, դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն չի ընձեռվել դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest