Լուսանկարում Արամ Բարեղամյանն է

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ պնդումների կապակցությամբ մենք 2018թ-ի օգոստոսի 8-ին պատրաստեցինք այս հրապարակումը, ցույց տալով որ դատավոր Ազարյանը մարտի 1-ի գործերով կայացրել է ապօրինի դատական ակտեր: Եվ քանի որ դեռ կան պնդումներ, որ նա ամենա ամենա դատավորն է, անհրաժեշտություն առաջացավ ևս մեկ անգամ հանրության դատին ներկայացնել այս հրապարակումը:

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալաքից ազատած դատավորն է:
2008-ին նույն դատավորը գլխին ուժեղ հարվածից պատռվածք ստացած Բարեղամյանին դեպքից 7 օր անց հիվանդանոցից կալանելու որոշում է կայացրել: Իսկ հետո դատապարտել է 6 տարի ժամանակով, որից Բարեղամյանը նստել է 3,2 տարին:

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել, նույնիսկ էդ հարցն էլ չպետք է տայիք: Ի՞նչ է նշանակում՝ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդուն դատապարտել 6 տարի ժամանակով»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղկալանավորը՝ շարունակելով. «Առավոտ շուտ ինձ էին հարվածել, ինձ հարվածողին փոխանակ դատեին, ինձ դատապարտեցին: Գլխիս յոթ կար էին տվել: Ես երեկոյան քաղաքապետարանի դեպքերին չեմ էլ կարողացել մասնակցել, հիվանդանոցում պառկած եմ եղել»:

Դատավարության ընթացքում Արամ Բարեղամյանը դատավոր Ազարյանին հարցրել է, թե ինչու իր գլխին հարվածողին չեն դատում, Ազարյանը վստահեցրել է, թե դա առանձին քրեական գործ է, հետո իրեն էլ կհարցաքննեն: «Տենց էլ մինչև հիմա չեն հարցաքննել: Վերջերս կանչել են ՀՔԾ, ես ամեն ինչ ասել եմ իրենց»,-պատմեց Բարեղամյանը:

Դատավոր Ազարյանի իրականացրած արդարադատությունից տուժված Բարեղամյանն ապշած է, որ որոշ գործիչներ Ազարյանին համարում են լավ դատավոր, լավ իրավաբան: «Ազարյանը նախկին իշխանությունների բութ գործիքն էր և կա: Իրեն չի հետաքրքրում՝ հետևում մարդ կա, ընտանիք կա: Ոնց հրամայում են, տենց անում է, դրա լավը ո՞րն ա, դրա ուժեղ իրավաբանը ո՞րն ա»,-հարց բարձրացրեց Բարեղամյանը՝ հավելելով. «Այն ժամանակ էլ ես այդ դատավճիռը համարում էի քրեական հանցագործություն: Ուղղակի ոչինչ չէինք կարող անել, 10 տարի պայքարել եմ դրա համար»:

«Բարձրագույն դատական խորհուրդը ու դրա ղեկավար Գագիկ Հարությունյանը, լուռ են ՀՔԾ պետ-Ազարյան փոխհրաձգության առթիվ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են մեղադրող և պաշտպանական կողմերը: Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել:

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս, խոսելով Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման մասին, ասել է, թե նա Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել և այնպիսի ձևակերպումներով, որոնք վկայում են Ազարյանի կանխակալ վերաբերմունքի մասին, ուստի այդ պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել կամ պարտավոր էր ներկայացնել այս փաստերը, որից հետո դատախազության ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին:

Բացի դա, Սասուն Խաչատրյանի խոսքով, Ազարյանը Վերաքննիչ դատարանի նախագահի արձակուրդում գտնվելու պայմաններում, ժամանակավոր պաշտոնակատար լինելով, սույն քրեական գործը մակագրել է ինքն իրեն: Ուստի ՀՔԾ պետը կրկին հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշումն ապօրինի էր, «քանի որ ոչ լեգիտիմ կազմի, բացարկման ենթակա դատավորի կողմից է կայացվել»:

Դատավոր Ազարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մինչդեռ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում Ալեքսանդր Ազարյանը հակադարձել է ՀՔԾ պետին՝ ասելով. «Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը»:

Ապա հավելել է . «Իմ կողմից քննված, այսպես ասած, «Մարտի 1»-ի գործերից մի քանիսի վերաբերյալ վերջին օրերին անդրադարձ կատարվեց որոշ անձանց կողմից: Բոլոր գործերով մեղադրական դատավճիռներ կայացրել եմ՝ օրենքի տառը պահպանելով, այլ կերպ չէր կարող լինել: Նույն օրենքի տառը պահպանելով էլ կայացրել եմ նաև «Մարտի 1»-ի գործերով արդարացման դատավճիռներ, որոնց մասին, չգիտես ինչու, չի խոսվում: Համոզված եմ՝ դարձյալ միտումնավոր»:

Փաստ է, որ Ազարյանը ընդդիմության որևէ ներկայացուցչի չի արդարացրել: Տեղեկություն կա նաև, որ հենց նա է քննել Մխչյան գյուղից խանութների թալանի համար եկած անձանց գործերը, որոնց դատապարտել է պայմանական ազատազրկման:

Բարձրագույն դատական խորհուրդը ու դրա ղեկավար Գագիկ Հարությունյանը, ինչպես տեսնում եք, լուռ են ՀՔԾ պետ-Ազարյան փոխհրաձգության ու Ռոբերտ Քոչրայանին կալանքից ազատելու որոշման առթիվ: Մեր հարցին ի պատասխան դատական դեպարտամենտի լրատվական բաժնից փոխանցեցին, թե ԲԴԽ-ն կարող է քննել դատավորի վարքագիծը, միայն եթե համապատասխան միջնորդություն լինի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմիններից՝ կարգապահական հարցերի հանձնաժողողը և արդարդատության նախարարությունը: Վերոնշյալ մարմինները քննում են դատավորի վարքագիծը, թե ոչ, հայտնի չէ:

«Նման իրավիճակում դատավորի փոխարեն միանշանակ ինքնաբացարկ կհայտնեի». Հովհաննես Մանուկյան
2008 թ-ի մարտի 1-ի դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու՞ մեղադրանքի կողմը ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել։

«Նման միջնորդության ներկայացման համար անհրաժեշտ տեղեկատվությունն առկա է մատչելի աղբյուրներում և դատավոր Ազարյանի կողմից նման գործերի քննությանը մասնակցելու փաստը նորություն չէ։ Որքան տեղյակ եմ, դատավորը նույնիսկ քննության մասնակիցներին հարցրել է ինքնաբացարկի միջնորդություն ունենալու մասին և այդպիսիք չեն եղել»,- նշեց Մանուկյանը։

Ըստ նրա՝ ՀՔԾ ղեկավարի կողմից դատարանի որոշման «ապօրինի» որակումը ընդունելի չէ։ «Ես վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում պաշտոնավարման տարիներին լրջագույն կոնֆլիկտներ եմ ունեցել քրեական հետապնդման մարմինների ղեկավարների, մասնավորապես գլխավոր դատախազի հետ, դատական ակտերի վերաբերյալ ոչ կոռեկտ արտահայտությունների պատճառով։ Հուսով եմ պարզապես իրավիճակային է եղել»,-ասաց Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանված են Դատական օրենսգրքում, համաձայն որի՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։

«Ակնհայտորեն տեսնում ենք, որ նորմը գնահատողական է և գնահատողը դատավորն է։ Անկեղծ ասած ես նման իրավիճակում դատավորի փոխարեն միանշանակ ինքնաբացարկ կհայտնեի»,-նշեց Մանուկյանը։

«Նախկինում իր կայացրած դատական ակտերով Ազարյանն արդեն իսկ օրինական է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի գործողությունները

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը Forrights.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատման որոշումը բեկանման ենթակա է, որովհետև կատարվել է դատավարական նորմի խախտում:

«Գործը լսել է մի դատավոր, որը տեղյակ է եղել իր կողմից գործի քննությունը անցկացնելը բացառող հանգամանք: Մասնավորապես՝ այն փաստը, որ նա օրինակ Մարտի մեկին դատապարտված Արամ Բարեղամյանի կամ Ֆելիսքս Գևորգյանի գործերով հաստատված հանգամանք է համարել այնպիսի փաստեր, որոնք հակասության և հակադրության մեջ են գտնում այս պահին հարուցված քրգործի հետ»,-մանրամասնեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախկինում իր կայացրած դատական ակտերով Ազարյանն արդեն իսկ իրավաչափ և օրինական է ճանաչել նախկին իշխանությունների՝ այսինքն նաև Ռոբերտ Քոչարյանի գործողությունները մարտի մեկի թե առավոտյան, թե երեկոյան: «Այս պարագայում, նա արդեն ունի կանխակալ կարծիք սույն գործով, ինչն իրեն հայտնի էր: Պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, սակայն լինելով Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնակատար, ըստ էության, ինքն իր վրա է մակագրել այդ գործը և առաջին ատյանի դատարանի օրինականության ստուգումն անցկացրել է ինքը»,-ասաց իրավաբանը:

Խաչատրյանը շեշտեց, որ դատավորը գիտեր երկու անհերքելի հանգամանքի մասին, որոնք խոչընդոտ էին գործին իր մասնակցությանը և կարող էին ողջամտորեն ազդել նրա անկողմակալության վրա. «Մեկը, որ ինքն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, մյուսը՝ վերը նշված փաստերը: Վճռաբեկը պետք է բեկանի որոշումը՝ առանց մտնելու անձեռնմխելիության դաշտ»:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ այսօր դատական համակարգում խորքային փոփոխություններ են պետք: «Ամբողջ դատական համակարգը նշանակված է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից: Դա հին Հայաստանի դատական համակարգն է: Մենք պետք է ուսումնասիրենք միջազգային, օրինակ, վրացական փորձը և դատական համակարգում արմատական, վիրահական միջամտություն կատարենք»:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, մինչդեռ, անթույլատրելի է համարում հասարակական նման ճնշումը դատավորի վրա:

«Անթույլատրելի է նման հասարակական ճնշումը դատարանի ու դատավորի վրա: Վերաքննիչ դատարանի դատավորները կարող են վախեցած նման ճնշումից արդեն այս իշխանության սրտով վճիռներ կայացնել: Ազարյանի որոշումը կարող է և ապօրինի լինի, բայց դա պետք է քննվի դատարանում, ոչ թե սոցցանցերում: Եթե մենք ուզում ենք նորմալ, անկախ դատական համակարգ ստեղծել, նման հասարակական ճնշում չպետք է լինի դատավորների վրա»,-եզրափակեց փաստաբանը:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest