Զինծառայության ընթացքում հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի գործով քրեական վարույթը կարճվել է, եւ իր հրամանատար Ջիվան Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի։ Այս մասին որոշում է կայացրել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժինը։
Մինչ որոշումը ստանալը, Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն արդեն նման համոզմունք ուներ, որ գործը կարճվելու է։ «Գործը քննել է այն նույն բաժինը, որը չորս տարի առաջ այն կարճել էր»,- ասում է Արա Ղարագյոզյանը։
Դեռ 2015 թ Արթուր Հակոբյանը Ագարակի զորամասում ենթարկվել էր խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի, որի արդյունքում ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Դեպքից մեկ տարի անց ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի հոդվածով, հարուցվել էր քրեական գործ, եւ Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող։ Կարճ ժամանակ անց հարուցված քրեական գործը կարճվել էր։
Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոքարկել էր կարճման որոշումը։ Առաջին եւ վերաքննիչ դատարանները մերժել էին բողոքները, փոխարենը Վճռաբեկ դատարանը ճանաչել էր Արթուր Հակոբյանի իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման փաստը։
«Դատարանը գտել էր, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձը պետք է լսված լինելու իրավունք ունենա, ինչպես նաեւ գործով պետք է առերեսումներ կատարվեին, որը չի կատարվել»,- հիշեցնում է Արա Ղարագյոզյանը։
Արթուր Հակոբյանն իրեն խոշտանգելու մեջ մեղադրում է իր հրամանատար Ջիվան Մկրտչյանին։ Նրա հետ սակայն առերեսումներ նախկինում չէին արվել։ Գործի վերաբացումից հետո առերեսում է կատարվել ոչ միայն Ջիվան Մկրտչյանի, այլ նաեւ երկու անձի միջեւ։
Արա Ղարագյոզյանը նշում է՝ խոշտանգման փաստը բացահայտելու ուղղությամբ արդյունավետ քննություն չի կատարվել։ Քրեական գործն էլ հարուցվել է սխալ հոդվածով։ Նա միջնորդել էր նաեւ Ստամբուլյան արձանագրության հիման վրա նշանակել փորձաքննություն՝ պարզելու համար տուժողը ենթարկվել է խոշտանգման, թե՝ ոչ։ Ինչպես քննիչը, այնպես էլ Գորիսի կայազորի դատախազը մերժել են նրա միջնորդությունները։
Արա Ղարագյոզյանը այս որոշումը համարում է ապօրինի եւ չհիմնավորված։ Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է իրականությունը չբացահայտելու համար։ Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմնական պատճառաբանությունն այն է, թե «…կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ջիվան Մկրտչյանի կողմից Արթուր Հակոբյանին վիրավորանք հասցնելու, բռնություն գործադրելու,նրան վիրավորանք հասցնելու դեպքեր չեն եղել»:
Մինչդեռ Արթուր Հակոբյանը որպես տուժող հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ ՊՆ թիվ 50869 զորամասի 1-ին գումարտակի շտաբի պետ, մայոր Ջիվան Մկրտչյանը նրանից պահանջել է ծառերը ջրել, և չջրելու համար քաշել է վերջինիս ականջն ու ձեռքի բաց ափով հարվածել նրա պարանոցին: Բացի այդ մայորն ամեն անգամ իրեն տեսնելիս հարվածել է պարանոցին:
Իսկ 2015թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Ջիվան Մկրտչյանն Արթուր Հակոբյանին ու նրա ընկերոջը տեսել է զորամասի հսկիչ-անցագրակետում, խանութի մոտ եւ զորամասից դուրս գտնվելու համար, կոպիտ հայհոյանքներ տալով եւ Արթուր Հակոբյանին ապտակելով՝ վերջինիս ստիպել է հեռանալ նշված վայրից: Նույն օրը՝ երեկոյան էլ, զորամասի բաղնիքի մոտ ինչ-որ մեկը ձեռքով հարվածել է իր թիկունքին, որից հետո նա ուշագնաց է եղել, ապա ուշքի գալով, հայտնվել է բուժկետում:
Ջիվան Մկրտչյանի հետ առերեսման ժամանակ Արթուր Հակոբյանը պնդել է, որ վերջինս իրեն ենթարկել է խոշտանգման և դաժան վերաբերմունքի։
Վճռաբեկ դատարանի որոշումից հետո էլ վարույթը իրականացնող մարմինը խոշտանգման դեպքը բացահայտելու վերաբերյալ որեւէ գործողություն չի կատարվել։ Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին։
Նա բողոքի մեջ գրել է․«26.03.2019 թ վարույթը իրականացնող մարմնին միջնորդություն եմ ներակայացրել Արթուր Հակոբյանի նկատմամբ Ստամբուլյան արձանագրության հիման վրա փորձաքննությոն նշանակելու մասին՝բանակում խոշտանգման ենթարկված լինելու հանգամանքը պարզելու նպատակով, որի վերաբերյալ ստացել եմ մերժում։
Ստամբուլյան արձանագրության հիման վրա փորձաքննություն նշանակելու մասին նրա միջնորդության մերժման հիմնական պատճառաբանությունն այն է, թե «…կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որ Արթուր Հակոբյանը բանակում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված լինի»։ Արա Ղարագյոզյանը բողոքում նաեւ մի շարք կարեւոր կետերի է անդրադարձել․
⦁ Թե քննիչը, եւ թե դատախազը չեն ցանկանում, որ նշանակվի Ստամբուլյան արձանագրության հիմքով փորձաքննություն պարզելու համար Արթուր Հակոբյանը բանակում խոշտանգվել է, թե՝ ոչ։
⦁ Սույն վերաբացված քրեական գործը հարուցվել է սխալ հոդվածով, այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը ճանաչել է տուժողի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում։
⦁ Այն, որ վերաբացված քրեական գործի նախաքննության ժամանակ որևէ գործուն քայլեր չեն ձեռնարկում պարզելու տուժողը խոշտանգման է ենթարկվել, թե՝ ոչ։
⦁ Այն, որ նախաքննության ժամանակ այնպիսի վկաների հետ են առերեսում կատարում, որոնք որեւէ կարեւոր եւ էական տեղեկատվություն չեն տալիս քննությանը։
Սա փաստ է, որ վարույթն իրականացնող մարմինը խոշտանգման դեպքի վերաբերյալ չի իրականացնում արդյունավետ քննություն, կրկին փորձ է կատարվում կոծկելու խոշտանգման դեպքը, որը կատարվել է բանակում։ Եթե գլխավոր դատախազը չվերացվեց կարճման, ինչպես նաեւ Արթուր Հակոբյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը, փաստաբանը կդիմի դատարան։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: