Վալերի Օսիպյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել միանգամից երկու հոդվածներով

0
216

Քննչական կոմիտեն վերաբացել է 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության դեպքը, որում մասնակցություն է ունեցել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան։

Այս պահին գործով կա 4 մեղադրյալ, որոնցից 2-ը տուժողն ու նրա եղբայրն են, մյուսը ոստիկանապետի եղբորորդին է՝ Սեդրակ Օսիպյանը իսկ չորրորդ մեղադրյալը Սարգիս Հովհաննիսյանն է, ում  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։

Սարգիս Հովհաննիսյանի մայրը և եղբայրը վստահեցնում են, որ հենց Սարգիսը գա Հայաստան՝ նրան կձերբակալեն, քանի որ Օսիպյանը ամեն ինչ կանի իր եղբոր տղայի վրայից մեղադրանքը հանելու համար։ Սարգիսի ընտանիքը համոզված է, որ  գործի վերաբացումը նշանակում է, որ որոշել են իրենց տղային մեղավոր ճանաչել, քանի որ ի սկզբանե Սարգիս Հովհաննիսյանը  վկա էր, իսկ գործի վերաբացումից հետո մեղադրյալի կարգավիճակ է ստացել։

Forrights-ի հետ զրույցում նրանք ասացին, որ Սարգիսը այս պահին գտնվում է ՌԴ-ում։

Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը Forrights-ի հետ զրույցում ասաց, որ գործը վերաբացվել է, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Հարցին, թե ինչու է որոշ վկաների՝ այդ թվում Սարգիս Հովհաննիսյանի կարգավիճակը փոխվել մեղադրյալի Նաիրա Հարությունյանը պարզաբանեց հետևյալը.․

«Վկայից մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Վալերիյ Օսիպյանի եղբորորդին, ընդ որում, նրան մեղադրանք է առաջադրվել միանգամից 2 հոդվածով՝  258-րդ և 112-րդ հոդվածներով, վերջինը անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելն է։ Ինչ վերաբերվում է գործի վերաբացմանը՝ ապա այն վերաբացվել է անցյալ տարվա Օգոստոս ամսին»։

Այժմ Սարգիս Հովհաննիսյանի հանդեպ կրկին հետախուզում է հայտարարված։ Մի քանի ամիս առաջ, Մոսկվայում Սարգիս Հովհաննիսյանին ձերբակալել են և տեղեկացրել, որ հետախուզման մեջ է, սակայն ՌԴ օրենսդրությամբ խուլիգանության հատկանիշներով մեղադրանքի դեպքում հետախուզումը դադարեցվում է 2 տարի հետո, հենց դրա շնորհիվ էլ Սարգիսին չեն արտահանձնել ՀՀ-ին։ 

Այս միջադեպի ժամանակ էլ պարզ է դարձել, որ գործը վերաբացվել է, քանի որ Սմբուլ և Սամվել Հովհանիսսյանների հավաստմամբ, իրենք չեն ծանուցվել։ Սարգիսի ընտանիքը նաև վստահ է, որ գործը վերաբացվել հենց այն ժամանակ, երբ ոստիկանությունը տեղեկացել է, որ Սարգիս Հովհաննիսյանը հեռացել է երկրից՝ անցյալ տարվա սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 5 տարի առաջ՝ 2014 թվականին, Նուբարաշենում։ Սեդրակ Օսիպյանի և Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ դանակահարվել էր Վանուշ Ալեքսանյանը, որից հետո հիվանդանոցում նա վիրահատության էր ենթարկվել և զրկվել փայծաղից։

Ռաֆ Ենգիբարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here