Երեկ տեղի ունեցած «Հանուն անկախ դատարանի» ակցիան կրկին ոտքի հանեց քաղաքացիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղ առավոտից դատարանների աշխատանքը պարալիզացնելու կոչին հետևելով, մի խումբ քաղաքացիներ փակել էին դատարանների մուտքերն ու ելքերը, թույլ չտալով դատավորներին, փաստաբաններին և այլ աշխատակիցներին մտնել դատարան:

Ժամը 12:00-ին Նիկոլ Փաշինյանն ուղերձով հանդես եկավ․ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Նա դատաիրավական խնդիրների լուծման համար մի քանի ուղիներ առաջարկեց: Մասնավորապես, Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի(զտման), ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակները պետք է հեռացվեն համակարգից, իսկ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան: Բացի վերոնշյալից, արդեն իսկ կա անցումային արդարադատության կենսական նշանակություն կարիք:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Forrights_ի հետ զրույցում նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ ակցիան իր համար անընդունելի է, սակայն Փաշինյանի ներկայացրած հայեցակարգային մոտեցումներն ամբողջությամբ կիսում է.

«Երեկվա ակցիան իրավաչափ չէր. ուղղակի ուզում էին ցույց տալ, որ ժողովրդի իշխանություն է տիրում Հայաստանում, և եթե ժողովուրդն անվստահություն է հայտնում դատական իշխանությանը, ապա պետք է գործադիրը որոշակի քայլեր ձեռնարկի: Այս հայտարարությունները կարելի էր անել առանց այդ ակցիայի, քանի որ դա առավելագույնս նվեր էր Քոչարյանի գործով: Այս հանգամանքը շատ հմտորեն կօգտագործվի նրա պաշտպանական թիմի կողմից ՄԻԵԴ-ում: Սա բավականին բացասական ազդեցություն կունենա ոչ միայն այդ գործի վրա, այլև պետության հեղինակության վրա»,- կարծիք հայտնեց փաստաբանը:

Ըստ Գյոզալյանի, իրենք այս հայեցակարգային փոփոխություններ մասին բարձրաձայնում էին դեռևս մեկ տարի առաջ և պնդում, որ դրանք պետք է տեղի ունենային հեղափոխությունից օրեր անց: Չնայած դրան, փաստաբանը հույս է հայտնում, որ այն մեխանիզմները, որոնք կառաջարկվեն Ազգաին ժողովի կողմից, կլինեն ժողովրդավարական հասարակությունների բնորոշ և չեն խախտի իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը:

«Այստեղ շատ զգույշ պետք է գործել, որպեսզի դատական իշխանության նկատմամբ ճնշում ուղղակի չլինի: Հիմա էլ չընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ և ստացվի այնպես, որ Ազգային ժողովը, որի մեծամասնությունը կազմում է իշխող ուժը, որը նաև ձևավորել է գործադիրը, չափից ավելի ճնշեն դատական իշխանության ճյուղին»:

Forrights-ի հարցին՝ նմանօրինակ ակցիա հրահրելով, արդյո՞ք վարչապետը գործել է իր լիազորությունների շրջանակում, Գևորգ Գյոզալյանը պատասխանեց.

«Եթե մենք նայենք օրենքի ձևական իմաստով, վարչապետը նման լիազորություն չուներ: Բայց բովանդակային առումով, դա խնդիր չէ, քանի որ վարչապետն իշխանությունը ստացել է ժողովրդից և ցանկացած պարագայում նա իր «մեջքն ամուր զգալու համար» իրավունք ունի կոչով դիմելու քաղաքացիներին և, ինչու չէ, նաև ազատ հավաքներ կազմակերպելու: Իրավական առումով, երբ նայում ենք, ունենք գործադիր իշխանություն, որն այսպես ասած ճնշում է դատական իշխանությանը: Ես համաձայն եմ, որ դատական իշխանության 80%-ին պետք է ուղարկենք տուն, սա չի քննարկվում, ուստի նման ակցիան, եթե չի ողջունվում, ապա չի էլ դատապարտվում»,- հավելեց փաստաբանը:

Ի տարբերություն գործընկերոջ կարծիքին, փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար «Հանուն անկախ դատարանի» ակցիան ընդունելի էր, ուղղակի մի քիչ ուշացած: Նրա համոզմամբ, եթե ակցիան լիներ 6 ամիս առաջ, ապա այսօր բավականին մեծ առաջընթաց կամ գոնե ավելի հստակ ուղիներն գծված կլինեին: Իրավապաշտպանը նշեց, որ զուտ օրենքով այս համակարգը փոխել հնարավոր չէր, ուստի իրավունքի ուժն օգտագործելը տեղին էր.

«Բոլոր այն դատավորները, որոնք ժամանակին ակնհայտ անօրինական և անարդար որոշումներ են կայացրել, նրանք բոլորն օրենքով պետք է պատասխանատվության ենթարկվեն: Դա է լինելու միակ երաշխիքը, որ այսուհետև որևէ դատավոր իրեն չի վերապահի անօրինական կամ ինչ-ոչ մեկի զանգով որոշում կայացնել: Եթե դատավորներն ինքնակամ չգրեն ազատման դիմումները, ժողովուրդը կրկին իր իրավունքի ուժով կպարտադրի դատական համակարգին գնալ փոփոխությունների: Հակառակ դեպքում, նրանք կներկայացնեն իրենք ունեցվածքների ու կալվածքների մասին տեղեկություններ, որոնք էլ կարող են կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Forrights-ն իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ փորձեց հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվելու դատավորների կողմից կայացված անարդար որոշումների շտկումը, պատասխանատվության կենթարկվեն միայն դատավորները, թե՞ այնուամենայնիվ քրեական գործերի վերաբացում կլինի.

«Ամենակարևոր հարցերից մեկն է քրեական գործերի վերանայումը: Տարիների ընթացքում մեր աշխատանքի ընթացքում բազում դեպքերի ենք հանդիպել, հատկապես ցմահ դատապարտյալների մոտ, երբ քրեական գործի շրջանակներում կայացվել է անօրինական և անարդար որոշումներ կամ տեղի է ունեցել թերի նախաքննություն և դատաքննություն: Վարչապետը և Արդարադատության նախարարը պետք է լրջորեն և հետևողական վերաբերմունք դրսևորեն այդ գործերին, որ արդյունքում ոչ միայն պատասխանատվության ենթարկվեն անօրինական որոշում կայացրած դատավորները, այլև իրենց արդյունքն ունենան վարչապետի մատնանշած հայեցակարգային փոփոխություններում»,- նշեց իրավապաշտպանը:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest