32 օր հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանն իր իսկ գործով դատական նիստի օրն այդպես էլ դատարան չբերվեց. նիստը 12 օրով հետաձգվեց։ Դատապարտյալը դեռ շարունակում է հացադուլը։

Առավոտյան՝ Forrights-ի զանգին ի պատասխան, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրին, որ Արկադի Պապյանի առողջական վիճակը ծանր է, վերջինս բավականին թույլ է և հյուծված, ուստի քրեակատարողական հիմնարկը դատապարտյալին հորդորել է մոտ 250 կմ ճանապարհ չգնալ։ Անտեսելով բժիշկների հորդորները, Պապյանը ցանկություն էր հայտնել ներկա գտնվել նիստին։

14:30-ին նշանակված դատական նիստին դատավարական բոլոր կողմերը ներկայացել էին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատապարտյալին դատարան բերող ուղեկցող գումարտակը դեռ ճանապարհին էր։ Դատարանին տեղեկացրին, որ մոտ 1 ժամ կուշանան։ 16:00-ն լրացավ, սակայն դատապարտյալին դեռ դատարան չէին ներկայացրել։ Գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանը հայտարարեց, որ քիչ անց ինքն այլ գործով նիստ ունի, ուստի Պապյանի գործով նիստը ենթակա է հետաձգման։ Արկադի Պապյանին տեղափոխող գումարտակն այդպես էլ դատարան չհասավ. ճանապարհի կեսից ոստիկանական մեքենան հետ ուղևորվեց քրեակատարողական հիմնարկ։

Դատապարտյալի պաշտպան Ամրամ Մակինյանը դեռ ամիսներ առաջ էր դիմումով դիմել Քրեակատարողական ծառայությանը, որ Պապյանը տեղափոխվի «Վանաձոր» ՔԿՀ։ Նա փաստել էր, որ դատական նիստերն ընթանում են Վանաձորի դատարանում, ուստի առավել նպատակահարմար է նրա տեղափոխումը.

«Ուղեկցող գումարտակը Վանաձորից գնում է Երևան, Պապյանին տեղափոխում Վանաձոր, ապա կրկին հետ տանում Երևան ու վերադառնում Վանաձոր։ Այդքան երկար ճանապարհը նաև պետության միջոցների վատնում է»,- նշում է պաշտպանը։ Սակայն Քրեակատարողական ծառայությունը, անհայտ պատճառաբանությամբ մերժում է միջնորդությունը։

Այսօր պաշտպան Մակինյանը դատարանին դիմեց, որ վերջինս իր հերթին միջնորդի Պապյանին տեղափոխեն «Վանաձոր» ՔԿՀ, բացի դրանից, փաստաբանն այս իրավիճակի մասին տեղյակ կպահի նաև Արդարադատության նախարարին։

Քրեակատարողական ծառայությունը, Forrights-ի այն հարցին, թե ինչո՞ւ է դատապարտյալի տեղափոխումն ուշ կատարվել, հայտնեց, որ ուղեկցող գումարտակը միայն 13:25-ի է դուրս եկել ՔԿՀ-ից։ Նկատենք, որ դատական նիստը նշանակված էր 14:30-ին, իսկ Երևանից Վանաձոր ավտոմեքենան հասնում է մոտ 2 ժամում։

Ոստիկանությունն իր հերթին տեղեկացրեց, որ ուղեկցող գումարտակի ուշ դուրս գալը պայմանավորված է դատապարտյալի բուժզննում անցնելու հանգամանքով։ Forrights-ը փորձեց հստակեցնել՝ դատապարտյալը հաստա՞տ բուժզննում անցել է, քանի որ վերջինս տևական ժամանակ է հրաժարվում է ցանկացած տեսակի բուժօգնությունից։

«Կառավարություն 1128N որոշման պահանջներին համապատասխան, ուղեկցում իրականացնողները պահանջել են, որ բուժզննում անցկացվի»,- կրկնեցին Ոստիկանության լրատվության բաժնից՝ չհստակեցնելով՝ անցե՞լ է բուժզննումը, թե ոչ։

Դատապարտյալ Արկադի Պապյանի աղջիկն ու կինը Forrights-ի հետ զրույցում նշեցին, որ Պապյանն իրենց արգելել է հացադուլի դադարեցման մասին խոսել.

«Մի քանի օր առաջ էլ, երբ էլի խոսեցի հետն ու կրկին հորդորեցի դադարեցնել հացադուլը, ինձ արգելեց այլևս այդ թեմայով խոսել։ Պապան հստակ ասում ա, որ հացադուլից դուրս կգա, երբ իրա վրայից հանեն կեղծ մեղադրանքը»,- նշեց Պապյանի աղջիկը՝ Անահիտը։

Հավելենք, որ դատապարտյալն ընդամենը 3 օր առաջ է դուրս եկել 23-օրյա ջրադուլից՝ պաշտպան Մակինյանի հորդորով.

«Ջրով լի շշով մտա խուց ու հստակ պահանջ ներկայացրի՝ եթե ջրադուլից դուրս չգաս, դատարան չեմ ներկայանա»,- ասաց փաստաբանը։

Այս պահին դատապարտյալ Պապյանի հացադուլի 32-րդ օրն է, թույլ է և հյուծված, ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հրաժարվում է դադարեցնել հացադուլը, քանի դեռ դատական նիստը չի կայացել ու իր վրայից չի հանվել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին արդեն իսկ անազատության մեջ գտնվող Արկադի Պապյանին մեղադրեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել: Պապյանը, սակայն հենց սկզբից էլ չի ընդունել մեղսագրվող արարքը և ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարել:

Պաշտպան Մակինյանը նշում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է և գործում բացակայում է ապացույցների համակցությունը.

«Նախաքննության փուլում մեկ անձի ցուցմունքի վրա են մեղադրում նրան, այն դեպքում, երբ այդ անձն այս պահին հրաժարվել է նախկինում տված ցուցմունքներից: Ենթադրությունների վրա մարդուն ծանր մեղադրանք առաջադրելն անընդունելի է։ Բացի դրանից, քրեական գործը մեկ տարուց ավելի է դատաքննության փուլում է, նախապատրաստական փուլը դեռ չենք հաղթահարել, բուն դատաքննություն՝ չենք մտել, փաստացի՝ տեղից չենք շարժվում: Գործը բազմահատորանի է, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվի:

Քրեական գործով անցնող վկաները բազմաթիվ են, որոնք պետք է հարցաքննվեն երկու գործերում էլ, այսինքն ստացվում է՝ դատական գործընթացն ինքստինքյան կրկին երկարում է: Այս տեմպերով դատավարությունը մեկ տարի կգնա, այնինչ դատապարտյալը մեղադրանքի դեմ իր կյանքի գնով է պայքարում»,- նշեց Ամրամ Մակինյանը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest