Պաստառը պաշտպանելու ժամանակը

0
322
Վարդգես Գասպարի

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ի հայտ գալը դատավարության մեկնարկից երկու օր առաջ, հասկանալի էր բողոքի ակցիաներին ընտելացած Նոր Հայաստանի համար: Միայն այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը Հայասատնի քաղաքացիների մի հատվածի համար եղել է լեգիտիմ նախագահ, բավական է, որ նա ունենա աջակիցներ, Մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյլալի ազատությունը պահանջող:

Բայց այն, ինչ կատարվեց դատավարության օրը, հեռու է բողոքի ակցիա եզրույթից: Պատահական չէ, որ հանրությունը դժգոհ է։ «Առաջին քայլդ պիտի լինի Օսիպյանին հեռացնելը, որը քո բացակայության ժամանակ դատարանի դահլիճ է թողում միայն երդվյալ (նաեւ նագանի վրա) քոչոյականներին», — այսօր իր ֆեյսբուքյան էջին գրել է Հայ Ազգային Կոնգրեսի համակիր Երջանիկ Աբգարյանը։ «Ոստիկանների անգործությունը որակում չունի», — սա էլ ԱԺ պատգամավոր այանե Աբրահամյանի գրառումն է։

Ամենախաղաղ ցուցարար Վարդգես Գասպարիի շշի հարվածից այլանդակված դեմքը, փաստաբան Սեդա Սաֆարյանի անպաշտպանությունը ԲՏՌ-կանանց գումարտակի առաջ, որոնք կազմակերպված ու լուռ կատարում էին նրա մուտքը դատարանի դահլիճ խոչընդոտելու առաքելությունը, ոստիկանների քրիստոնեական վարքը ակցիայի մասնակիցների ագրեսիվ պահվածքը, տեսնելով, Նոր Հայաստանի բնակիչներս տհաճ դեժավյու ապրեցինք:

Տեսախցիկների առաջ պտտվող սև ակնոցներով տղաները հաշված րոպեներում արթնացրեցին սև հուշեր «Ջիպերի» մասին։ Մեզ վերադարձրեցին 90-ականների վերջը, երբ փոքրիկ ռազմականացված Արցախից Տեր-Պետրոսյանը վարչապետ բերեց մի քիչ ավելի մեծ ու արդեն տասը տարի դեմոկրատական արժեքներով ապրող Հայասատանի հանրապետություն: Նոր վարչապետի հետ Երևան եկան НКР համարներով ագրեսիվ «ճռռոցով» սև «ջիպերը»: Փողի ուժն արագ նվաճեց մեր ազատության Երևանը: Երբ Վազգեն Սարգսյանը փոքրիկ, ռազմականացված երկրամասից բերվածին նախագահ դարձրեց բռնությամբ ու մինչ այդ չտեսնված կեղծիքի գնով, օդում կախվեց արյան հոտը:

Այն ժամանակ դեռ կար «Պապլավոկը», և «Պոպլավոկում» նստած, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը կանխատեսում էր․ «Ես տեսնում եմ, թե ինչպես են Երևանի փողոցներով արյան գետակներ հոսում»։ Նրա ընկերները դեռ ծիծաղում էին՝ ի՞նչ արյան գետակ, ի՞նչ բան: Այդ նույն միտքն էր գրված մայիսի 13-ին Վարդգես Գասպարիի պաստառի վրա, որը ագրեսիվ տղաները խլեցին ու պատառոտեցին․ «Արյունոտ տասնամյակ․ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ը»։

Դատարան բերված պաստառների վրա ավելի կոշտ բառեր կային, նաև «մարդասպան» բառը, բայց ագրեսիվ «աջակիցները» հենց Գասպարիի պաստառը պատռեցին, որովհետև Գասպարին տեսանելի է, նրան նեղացնելը շեֆի աչքն ընկնելու, նրան արջի ծառայություն մատուցելու լավագույն ճանապարհն է, իսկ արջի ծառայությունները, ինչպես հայտնի է, խրախուսվել են քոչարյանական տասնամյակում։ Մեկ այլ դրվագ «Պապլավոկի» ժամանակներից:

2001 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության խորհրդատու, բրիտանացի Ստեֆան Նյուտոնը նստած լինելով այս սրճարանի զուգարանի մոտ գտնվող սեղանի շուրջ, տեսել է, թե ինչպես փողոցի կողմից, որտեղից հենց նոր հեռացել էր այն ժամանակվա նախագահը, 6-9 թիկնապահներ աստիճաններով վազել են ներքեւ եւ մի մարդու ընկերոջ հետ միասին խցկել զուգարան, ծածկել դուռը: Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ալեքս Անդերսենը այս մասին ասել էր ArmeniaWeek պարբերականին: Այդ դռան հետևում Քոչարյանի այլ «աջակիցներ» սպանում էին նրա դասընկերոջը՝ Պողոս Պողոսյանին, որը նախագահին ողջունել էր, «Պրիվետ, Ռոբ» ասելով։ 

Նյուտոնը իրավապաշտպանին նկարագրել է, որ զուգարանի  ներսում տեսել  է մեջքի վրա ընկած տղամարդու: «Պողոսյանի դեմքը սովորականից 20 անգամ ուռած էր, ճակատին եղել է սոսկալի վնասվածք: Ակնհայտ էր, որ նրան դաժան ծեծի են ենթարկել: Բերանը փրփրակալած էր եւ զրկված էր մարդկային կերպարանքից»,- Անդերսենին պատմել է Ստեֆան Նյուտոնը:

Գասպարիի աչքի տակն էլ ուռած, արյուն էր եկել։ Այն ժամանակ, 2002 թվականին ընթացող դատավարության ժամանակ Քոչարյանի աջակից Ռուբեն Սահակյանն արեց ամեն ինչ, որպեսզի Ստեֆան Նյուտոնը դատարանում չհարցաքննվի ու չտա վտանգավոր ցուցմունքները։ Այսօր էլ 18 տարի անց բոլորն իրենց տեղերում են։

Ռուբեն Սահակյանն էլ՝ Քոչարյանի կողքին է: Ոստիկանները չեն ոլորում խուլիգանների ձեռքերը, թողնում են, որ  շշով խփողը փախչի, դատական կատարածոներն իրենց հսկողության տարածքը հանձնել են Քոչարյանի մարդկանց, աչք են փակում ապօրինությունների վրա:  Այդպես հարմա՞ր է, թ՞ե իներցիայի ուժն է:

Դատարանը վարժվել է Քոչարյանի հրահանգները կատարելու հարցում, նոր, անկախ լինելու սովորույթը դժվար է ձեռք բերում։ Ոստիկանները վարժվել են ոչինչ չտեսնել։ Անգամ փաստաբանների միության նախագահը, որը պետք է ի պաշտոնե գոնե պաշտպանի միության անդամներին, ի պատասխան Forrights.am-ի հարցին, թե ինչու չի արձագանքում Սեդա Սաֆարյանի մուտքը դատարանի դահլիճ խոչընդոտելու փաստին, պատասխանում է․ «Ես չեմ տեսել Սեդա Սաֆարանի խոչընդոտման որևէ դրսևորում։ Հակառակը՝ տեսել եմ Սեդա Սաֆարյանին նիստում»։

Բայց այսօր կուզեինք ելնել այլ իրողություններից, կուզեինք տեսնել, որ պաստառի դեմ պաստառով են դուրս գալիս, ոչ թե բռնությամբ, կուզեինք ձևավորել պաստառը, գաղափարը, միտքը պաշտպանելու մշակույթ, որը ունենալու համար Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դեռ մի տասը տարի պետք է պայքարեն ազատության համար:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here