Փաստաբանը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք դատավորների

0
456
Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել է ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արթուր Սմբատյանի, Մարգարիտա Հարթենյանի եւ Կարեն Չիլինգարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ։

Դատավորները ապրիլի 4-ին  որոշում են կայացրել Արայիկ Պապիկյանի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 25.08.2017 թվականի թիվ 249-Ա/ԿԳ-17079 և խորհրդի 13.02.2018 թվականի թիվ ԿԳ/14-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  12.02.2019 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը  մերժել:

Դատարանը որոշում է կայացրել՝

«1. Բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժել:

2. Թիվ ԵԴ/12939/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2019 թվականի հայցն առանց քննության թողնելու /մասին որոշման դեմ Արայիկ Պապիկյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:

Առաջին ատյանի դատարանի որոշումը հայցվոր Արայիկ Պապիկյանը ստացել է  2019 թ. մարտի 7-ին։  Նա դատարանի որոշումը   մարտի 11-ին բողոքարկել է  Վերաքննիչ դատարան, իսկ բողոքին կից ներկայացրել է  միջնորդություն

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ստացել եմ 2019 թվականի մարտի 7-ին միջնորդում եմ հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, այն վերականգնել և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ»,- նշել  է Արայիկ Պապիկյանը։

 Վերաքննիչ բողոքին կից փաստաբանը նաև ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի մեջ նաեւ  նշվել է՝ «Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարի վճարումից ազատելու կամ դրա վճարումը հետաձգելու մասին միջնորդություններին»։

Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբանը մեջբերում է  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական համաձայնագրի  Արդար դատաքննության իրավունքը։  6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

Իսկ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի համաձայն յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

Արայիկ Պապիկյանը հիշեցնում  է՝ իրավական պաշտպանության ապահովման, բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման վերաբերյալ ՀՀ դատական ատյանները կայացրել են բազմաթիվ ակտեր, որոնցով սահմանված կանոնները սույն գործով Վերաքննիչ դատարանի դատավորներ Արթուր Սմբատյանը, Մարգարիտա Հարթենյանը, Կարեն Չիլինգարյանը ակնհայտ և կոպիտ ձևով խախտել են։  

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ ներկայացված հանգամանքները վկայում են, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի վերականգնման մասին միջնորդության բավարարման համար Վերաքննիչ դատարանն ունեցել է ավելի քան բավարար հիմքեր, սակայն այն մերժել է իրավունքի հետ որևէ աղերս չունեցող պատճառաբանությամբ, ինչը դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է։ Առավել ևս, որ Դատարանի որոշման բողոքարկման ժամկետը բաց թողնելու վերաբերյալ դիմողի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ամրագրված է եղել համապատասխան ապացույցներով, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից չեն քննարկվել, ինչը ևս դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է։

«Վերոնշյալի հիման վրա պնդում եմ, որ առկա են բավարար հիմքեր Վերաքննիչ դատարանի դատավորներ Արթուր  Սմբատյանին, Մարգարիտա Հարթենյանին և Կարեն  Չիլինգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»,- եզրափակում է  Արայիկ Պապիկյանը։

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here