Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը։ Դատարանի դիմաց լարված մթնոլորտ է։ Հավաքվե են Քոչարյանի համակիրները և նրա դեմ բողոքի իրականացնող տասնյակ քաղաքացիներ։ Հակադիր խմբերից յուրաքանչյուրն իր հերթին «ռեպլիկներ» է թողնում դատավարության մասին։

Նիստը մեկնարկելուն պես, նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ չհայտնեց. նա մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։


Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն ըստ պաշտպան Ալումյանի՝ այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ, սակայն նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։
Ըստ Հայկ Ալումյանի՝ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնի․
 
«Մեր հարցին ի պատասխան դատավորը չժխտեց, որ, ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։ Հայտնի չէ նաեւ, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,–ասաց Ալումյանը՝ հայտարարելով, որ իրենք այս պայմաններում որևէ հնարավորություն չունեն Քոչարանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար։
 
Միջնորդության երրորդ հիմքն ըստ պաշտպանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում առկա կարգապահական վարույթն է։
 
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ պատճառաբանելով, որ այդ օրը նա հերթապահ չի եղել։ Այս հիմքով ԲԴԽ–ում նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել․
 
«ԲԴԽ–ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագորվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։ Այս հանգամանքը կարող է կաշկանդել ձեզ»,-նկատեց փաստաբանը։
 
Մինչ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում դատավորին, ԲԴԽ–ն հաղորդագրություն տարածեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ՝ նրան նախազգուշացում հայտատարելով։
 
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և գործով մյուս մեղադրող կողմերը առարկեցին պաշտպանական կողմի միջնորդության դեմ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest