Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը: Դատավարության ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ Արամ Սարիբեկյանը և Վահան Ավագյանը, ովքեր երկար ժամանակ չէին կարողանում ներկայանալ դատարան:

Նիստը մեկնարկվեց Արամ Սարիբեկյանի հարցաքննությամբ: Նա գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի դասակից էր եղել: Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին, թե դեպքի գիշերը ինչպես է հիշում Սարիբեկյանը, կարո՞ղ է որոշ մանրամասներ պատմել այդ  օրվա տպավորություններից, վկան պատասխանեց.

 «Մոտավոր է տպավորված, չորս տարի է անցել, չեմ կարող կոնկրետ ինչ-որ բան հիշել»:

Վկան նաև չկարողացավ հիշել, թե դեպքի գիշերը ինքը քուն հրամանից հետո արթնացե՞լ է, դուրս եկե՞լ է ննջարանից, թե ոչ:  Պաշտպանի կողմից հնչեցված և ոչ մի հարցի Սարիբեկյանը հավաստի պատասխան չտվեց՝ պատճառաբանելով, որ երկար ժամանակ է անցել, չի հիշում:

Գործով հաջորդ վկան՝ Արամ Սարիբեկյանը, ով եկել էր Արցախի «Եղնիկներ» զորամասից, որտեղ աշխատում է որպես սպա, ասաց, որ ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին անձամբ ճանաչում է զուտ որպես համակուրսեցիներ, իրենց մեջ ոչ մի թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չեն եղել: Նա պատմեց, որ դեպքի մասին իմացել է միայն առավոտյան, երբ շարքում չի տեսել Հայկազին, ապա ննջարանում տեսել են Հայկազի անկողինը՝ արյունոտ, մտածել են, որ գնացել է բուժկետ: Ավելի ուշ Հայկազին գտել են ֆիզհրապարակում ՝ կախված վիճակում: Վկան խոսքում նաև նշեց, որ ամբաստանյալների և Հայկազ Բարսեղյանի միջև ոչ մի լարված հարաբերություն չի նկատել:

Վաչե Սահակյանի փաստաբան Ա. Նադիրյանը նույն հարցը տվեց նաև  Սարիբեկյանին, թե արդյոք քուն հրամանից հետո նա ննջարանից դուրս է եկել և ինչ-որ արտասովոր բան նկատել է.

«Ինչքան որ հիշում եմ քուն հրամանից հետո ննջարանից դուրս չեմ եկել և արտասովոր ոչինչ չեմ նկատել»,- ասաց վկան:

Վկան նաև չհիշեց, թե ինստիտուտի՝ կուրսանտների տեղաշարժերի մասին  գրանցամատյանում ինքն է ստորագրել՝ դուրս գալու առիթով, թե ոչ՝ «Իմ ստորագրությանը նման է, բայց չեմ հիշում՝ ես եմ ստորագրել, թե ոչ»:

Գնել Թևոսյանի պաշտպանը հարց առաջադրեց, թե դեպքից հետո որևէ արտառոց խոսակցություններ լսե՞լ է կամ դեպքի առթիվ քննարկումներ եղե՞լ են, թե ոչ, վկան պատասխանեց, որ ոչ մի քննարկում կամ խոսակցոություն չի եղել, ոչ մեկ ոչինչ չի խոսել:

 Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը ցանկացավ ճշտել, թե վկան ինչքանով է ճանաչել կուրսանտին, ինչպես կարող է բնութագրել նրան: Ա. Սարիբեկյանը պատասխանեց, որ Հայկազը բացասական ոչ մի հատկանիշ չի ունեցել, լավ էր սովորում, խելացի էր, վատ կողմ չի ունեցել: Նա նաև նշեց, որ Հայկազի և Կարեն Բաղրամյանի միջև ևս լարված հարաբերություններ չի նկատել:

Հիշեցնենք, որ Կարեն Բաղրամյանը այն կուրսանտն է, ում հետ Հայկազը հունավրի 28-ին ճաշարանում վեճի էր բռնվել, ինչն էլ կարող էր սպանության «հիմք» հանիսանալ: Հայկազը նկատողություն էր արել Կարենին «չպչպացնելով» ուտելու համար:

Արկադի Բարսեղյանը՝ կուրսանտի հայրը, Forrights-ի հետ զրույցում ասաց, որ վկաների ցուցմունքները իր համար ենթադրելի էին. «4.5 տարի է անցել սպանության օրվանից, և դժվար թե վկաները մանրամասն հիշեին այդ գիշերը, իսկ հիշելու դեպքում՝ կպատմեին, ուստի նման պատասխաններ էլ սպասում էինք նրանցից»,-  ասաց Բարսեղյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը այսքանով ավարտեց վկաների հարցաքննությունը:  Հերթական նիստը նշանակվեց մայիսի 27-ին:

Հայկազ Բարսեղյանը առանձնակի դաժանությամբ սպանվել էր 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին:

Նշենք, որ կուրսանտի սպանությունից անցել է ավելի քան 4 տարի, սակայն դատավարությունը դեռևս շարունակվում է, դատական նիստերն անվերջ հետաձգվում են, իսկ դատարան բերվող վկաները ոչինչ չեն հիշում:

Լիլիթ Գասպարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest