«Մնջոյանը «Մարդ» հասկացողության տիպիկ օրինակ էր. ծանր էր մահը, չգիտեմ…»

24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին հանդիպեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կիսաքանդված սենյակներից մեկում: Այսօր իր մասին խոսել չցանկացավ. ամիսներ առաջ էր կորցրել իր խցակցին՝ Արմենակ Մնջոյանին, ում հետ նույն խցում էր անցկացրել 10 տարի (55-ամյա Արմենակ Մնջոյանը մահացավ հունվարի 6-ին՝ 23 տարի փակի տակ մնալուց հետո):

«Մնջոյանը «Մարդ» հասկացողության տիպիկ օրինակ էր: Տասը տարի իմ աչքի առաջ ա եղել, բացի հոգևոր արժեքներից ու բոլորի հանդեպ ազնիվ լինելուց, ես ուրիշ բան չեմ տեսել իրենից: Մնջոյանը, բացի Աստվածաշնչից ու իր աղոթքներից, ուրիշ ոչնչով չէր զբաղվում: Եթե իրեն էին ասում, որ հավանականություն կա հանցանք գործելու, էլ մենք ինչ խոսենք: Ծանր էր մահը, չգիտեմ…»,- ցածր ու հանդարտ էր ընկերոջ մասին խոսում Արթուրը:

Դատապարտյալին ամենից շատ վրդովեցնում է դատարանների այն պնդումը, թե պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դեպքում, դատապարտյալները դեռևս նոր հանցանք կատարելու վտանգ են ներկայացնում հանրության համար: Ըստ Մկրտչյանի, Մնջոյանին նոր հանցանք գործելու մեջ կասկածելն ուղղակի անհեթեթություն էր.

«Գալիս ա դուրս գալու ժամկետը, ասում են՝ նոր հանցագործություն կատարելու վտանգը մեծ ա: Կոտրում են, հասկացնում, որ երբևէ դուրս գալու հնարավորություն չի լինելու: Ախր դու ի՞նչ գիտես, որտեղի՞ց ես նման հիմնավորում գտնում, եթե էդ մարդուն չես ճանաչում, 20 տարի և ավելի հետը չես ապրել»,- նշում է Արթուրը:

Տարիներով լինելով քրեակատարողական հիմնարկի պատերի ներսում, բանտերի պետերն ու աշխատակիցները միշտ հարգանքով և դրական մոտեցում են ցուցաբերել ցմահներին: Արթուրի պնդմամբ՝ այդ ամենն իրենք վաստակել են, քանի որ ամեն օր ու ժամ գտնվելով նրանց աչքի առաջ, որևէ ավելորդություն թույլ չեն տվել:

Դատարանը փոխել է պատժի կրման ռեժիմը, սակայն ԱՆ ՔԿԾ-ն չի կատարում այն

Դատապարտյալ Արթուր Մկրտչյանը չցանկացավ կրկին վերհիշել ամիսներ շարունակվող իր դեմ կատարվող անօրինականության մասին:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա օգոստոսի 1-ին դատարանն ապօրինի էր ճանաչել Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ: Դատարանը պարտավորեցրել էր Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները և պատժի կրման ռեժիմը փակից դարձնել կիսափակ։ Ըստ Արթուրի, «Նուբարաշեն»-ը նախատեսված չէ կիսափակ ռեժիմի համար։ Դատապարտյալին դեռ ամիսներ առաջ պետք է տեղափոխեին կիսափակ ռեժիմի համար նախատեսված «Արմավիր» ՔԿՀ, այնինչ նա մինչ օրս «Նուբարաշեն»-ում է:

Արդարադատության նախարարությունից Forrights-ին հայտնել էին, որ դատապարտյալի պատժի կրման ռեմինը փոխվել է կիսափակի, իսկ վարչությունն էլ հավելել էր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն համապատասխանում է կիսափակ ռեժիմի կրման պայմաններին։

«Կիսափակ ռեժիմի անցումն իրենից էական փոփոխություններ չի ենթադրում։ Հնարավոր է, որ անգամ դատապարտյալը չզգա տարբերությունը։ Նույն խցային պայմաններ է, գրեթե նույն կարգավիճակը։ Ուղղակի, հիմա մոտ մի 2 ժամ հնարավոր է անցկացնել խցից դուրս՝ նախատեսված տարածքում։ Դե հիմա մի օր 10 րոպե ավել, մի օր 10 րոպե պակաս մնալն իրենից չի ենթադրում, որ Արթուր Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը չի փոխվել»,- Forrights-ին ասել էին Քրեակատարողական ծառայությունից։

Ցմահ դատապարտյալ Մկրտչյանը կտրուկ հերքում է նախարարության և վարչության հայտարարությունները։ Նա շեշտում է, որ իր պատժի կրման ռեժիմի փոփոխությունն արձանագրվել է միայն թղթի կտորի վրա, քանի որ իր բանտային կենցաղում ոչինչ չի փոխվել:

Ներումը շնորհվել է 2003թ.-ին, ուժի մեջ մտել՝ 2006թ-ին. «3 տարի մենք եղել ենք անօրինական փակի տակ»

Արթուր Մկրտչյանն այսօր մշտապես հետևում է քաղաքական անցուդարձին: Նա նշում է, որ հեղափոխության օրերին մեծ հավատ ունեին, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա ցմահների խնդիրներին: Դատապարտյալը հիշեցնում է, որ հանրահավաքներիրց մեկի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր՝ այլևս ոչ մի ճնշում չի լինելու դատարանների վրա. հաստատելով, որ առաջ նման դեպքեր եղել են.

«Ո՞ւմ էր պետք էդ հեղափոխությունը, եթե իշխանութունը պետք ա միայն իրա դարդուցավի մասին մտածի: Խոսում են, բայց մնում ա օդում կախված: Եթե դուք ընդունում եք, որ դատարանների վրա ճնշումներ եղել ա, ինչի՞ հետ չեք գնում ու վերաբացում գործերը: Մենք չենք ասում՝ դուք դատարան եղեք, ասում ենք՝ օրենքի ուժով լուծեք էդ կատարված անօրինականությունը»,- ասում է Արթուրը:

Ցմահ դատապարտյալն անդրադառնում է անցյալում կատարված անօրինականություններին: Մասնավորապես, 2003 թվականին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահապատժի դատապարտված անձանց պատիժը փոխարինեց ցմահ ազատազրկմամբ, այդ ներման հրամանն անօրինական է եղել:

«Քոչարյանը ներումը տվեց, մահապատիժը դարձրեց ցմահ, բայց դատական որոշումն ուժի մեջ մտավ միայն 2006 թվականին: Երեք տարի մենք եղել ենք անօրինական փակի տակ: Երեք տարի դատական ակտ չի եղել: Երեք տարի մարդը բերդում էր, բայց՝ անօրինական»,- արձանագրում է Մկրտչյանը:

«Սա ՀՀ արդարադատության արնահոսող վերքերից մեկն է, որը պետք է անհապաղ լուծում ստանա»

Փաստաբան Վահե Գրիգորյանը ևս երկրորդ նախագահի որոշումն անօրինական է համարում: Ըստ նրա՝ տեղի է ունեցել կոպիտ իրավախախտում. «Սահմանադրական և քրեական իրավունքի դասագրքային սկզբունք է. գործադիր իշխանությունը պատիժ չի սահմանում: Պատիժները սահմանվում և մշակվում են արդարադատության մարմինների կողմից, գործադիրն ընդամենն ի կատար է ածում դրանք»,- նշում է նա:

Վահե Գրիգորյանի խոսքով՝այժմ բանտերում կան ցմահ դատապարտյալներ, որոնք անազատության մեջ են կամայականության հետևանքով: Նրանցից ցանկացածը, ում 20 տարվա ազատազրկման չափը լրացել է, յուրաքանչյուր օր այդ ազատազրկումից դուրս պահվում է կամայականորեն անազատության մեջ: Փաստաբանի հավաստմամբ՝ սա լրջագույն խնդիր է, որի վրա պետք է կենտրոնանա գործադիր իշխանությունը, սկսած ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Սա ՀՀ արդարադատության արնահոսող վերքերից մեկն է, որը պետք է անհապաղ լուծում ստանա»,- նշում է Վահե Գրիգորյանը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest