«Ամոթ իրանց. ո՞նց կարելի է փողի դիմաց ազատություն գոչել. Քոչարյանը պետք ա ստանա արդար պատիժը». Մարտի 1-ի զոհերի հարազատներ

0
407

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը, որին մեղադրյալի կարգավիճակով մասնակցում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատական նիստի ընթացքում Քոչարյանի աջակիցները դատարանի դրսում ու ներսում «ազատություն հերոսին» ու «նախագահ» էին վանկարկում: Անգամ միջադեպ գրանցվեց. Քոչարյանի աջակիցներից մեկը ջրի շշով հարվածեց «Հոկտեմբերի 27-ից Մարտի 1» վերտառությամբ պաստառ բռնած ակտիվիստ Վարդգես Գասպարիին ու խլեց պաստառը:

Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը այսօր լրատվամիջոցներով հետևում էին նաև Մարտի մեկի 10 զոհերի հարազատները, որոնք տուժողների իրավահաջորդներ են ճանաչվել գործով:

«Լսեցի, որ գոռում-գոռում են ազատություն, բայց եթե մարդ կոչվելու իրավունք ունեն, մարդասպանին ո՞նց պետք է ազատություն կամենան, եթե 10 հոգու կյանք է խլել»,-Forrights.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց զոհերից Սամվել Հարությունյանի մայրը՝ Զարիկ Արփենյանը:

«Քոչարյանը ցմահ պետք է դատվի: Անմեղ զոհեր են եղել: Անձամբ իմ երեխեն չէր գնացել ցույցի, քույրը վեշ էր ուղարկել ավտոկայան, գնացել էր վերցնելու, ընկել է էդ թոհ ու բոհի մեջ, չի կարողացել դուրս գա»,-պատմեց որդեկորույս մայրը՝ շարունակելով. «Գոռում-գոչում են՝ ազատություն: Իսկ եթե իրենց երեխաների կյանքը խլած լինեին, նրանք էդպես կարտահայտվեի՞ն: Իհարկե՝ ոչ: Ամոթ նրանց: Մեր իշխանությունը պետք է նրանց դեմն առնի: Նրանք հանուն փողի ամեն ինչ ընդունակ են: Մարդ սպանող մարդն ամեն ինչի ընդունակ է»:

Զարիկ Արփենյանի խոսքով՝ իրենք մեծ ակնկալիք ունեն հեղափոխությունից. «Արդարություն պետք է լինի ու արդարությունը պետք է անպայման հաղթի: Նիկոլ Փաշինյանը չպետք է թույլ տա, որ Քոչարյանի համար ազատություն ցանկանան»,-պնդեց զոհի մայրը՝ շարունակելով. «Անմեղ տղաներ են մահացել, էդ տղաները երեխաներ ունեն: Նրանք մի լումայով չեն օգնել էդ երեխեքին: Ամոթ իրանց: Ամոթ Ռոբերտ Քոչարյանին, որ կոչվել ա նախագահ: Նա նախագահ կոչվելու իրավունք չունի»:

Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը նույնպես արդար դատաքննություն է ակնկալում. «Որ մարդասպաններն իրենց արդար պատիժը ստանան: Քոչարյանը պետք ա ստանա իր արդար պատիժը, որովհետև իրանց համար ժամանակին էնքան հեշտ ա եղել. Ով իրանց քննադատել ա, բանտերում ա հայտնվել, ստորացվել ա: Իրանք են որոշել՝ էս երկրում ով պետք ա ապրի, ով պետք ա մեռնի, ով պետք ա արտաքսվի: Իրանք են որոշել՝ ով պետք ա բանտերում հայտնվի, ով՝ ազատության մեջ, ով պետք ա երկիրը թալանի, հղփանա, իսկ ով պետք ա սնանկանա, ստորանա: Դե հիմա թող գնան, իրանց արժանի պատիժը կրեն»,-ասաց Տիգրանի հայրը:

Նա բնական է համարում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաները, բայց չի կարծում, որ դրանք արդյունք կունենան: «Կյանքի հարց ա Քոչարյանի համար, ինքը ամեն ինչ կանի, բա երկիրը թալանել են միլիարդներով: Ինչքան ուզում են, թող անեն: Քոչարյանը դատապարտվելու ա, արդար դատավարություն ա գնալու»,-ասաց մահացածի ծնողը՝ հավելելով, որ իրենք ևս պատրաստվում են մասնակցել դատական նիստերին:

Նշենք, որ բացի Ռոբերտ Քոչարյանից, դատարանը քննում է նաև 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանի, 2008-ին Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի մեղադրանքը: Այսօր դատարանը քննում է Քոչարյանի կալանքից ազատելու միջնորդությունը:

Մարտի մեկի գործից առանձնացված մասով մյուս մեղադրյալների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն Գևորգյանի առթիվ զոհի հայրն ասաց. «Ամեն ինչ իր տեղն ունի: Եթե Արցախում կռված հերոսներ են, չի նշանակում՝ իրենց ժողովրդի համար պիտի ծանր տեխնիկա, զենք ու զորք բերեն, կրակեն ժողովրդի վրա: Ամեն մարդ պաասխանատու ա օրենքի առաջ՝ ով ուզում ա լինի»:

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ակնկալում է, որ Քոչարյանը կմնա կալանքի տակ: «Պիտի մեղավորները պատժվեն: Եղել է Սահմանադրական կարգի տապալում, զոհեր ունենք: Մանավանդ որ ՄԻԵԴ-ն արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի գործով որոշել է, որ ցույցը եղել է խաղաղ: Դա ավելի է ամրապնդում մեր դիրքերը: Քոչարյանն, իհարկե, պիտի դատապարտվի: Անպայման պիտի դատապարտվի խստագույնս»,-ասաց Սարգիս Քլոյանը:

Նա նաև պատմեց, որ սկզբում շատ է նյարդայնացել ի պատշպանություն Քոչարյանի ակցիաներից, սակայն հիմա ավելի հանգիստ է նայում:

«Լրատվամիջոցներին փող ա բաժանվում: Դրանք բոլորիցս թալանած փողերն են: Թող թպրտան: Բնական է՝ տղան պիտի պաշտպանի հորը, փողերը բաժանի: Դա ընդամենը գործընթաց է, որ շուտով կավարտվի ու ոչ մի արդյունքի չեն հասնելու»,-ասաց Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ զոհերի ծնողները սպասում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ցմահ դատապարտվի:

Առաջին դատական նիստին մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա հետ մեղադրական կողմում են Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008-ի ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Ուշագրավ է, որ այդ օրերին գործադիրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել այս գործով:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here