«Սա առաջին դեպքն է, որ քննիչին արարքի վերավորակման արդյուքում դատում են». Շուշանյանի դատն անցավ լարված մթնոլորտում

1
945

Մայիսի 10-ին Երևանի դատարանը Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործով հարցաքննեց կարևոր վկայի: Դատարանի առաջ երեկ կանգնած էր ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչութան նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը, որը ի պաշտոնե վերահսկում էր Շուշանյանի գործունեությունը:

Ինչպես հայտնի է, Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով կաշառք ստանալու, այդ սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Ալավերդու հեղինակություն Վահագն Աբգարյանի և սպանությունն իրականացրած Վլադ Դավթյանի օգտին քննչական գործողություններ կատարելու և իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Իսկ քննչական վարչությունների գործունեությունը վերահսկող պաշտոնյան՝ Թաթուլ Պետրոսյանը, կարող էր ասել դատարանին, թե արդյոք Շուշանյանը կատարել է ապօրինի գործողություններ սպանության գործը քննելիս, թե ոչ:

Սպանությունն ու կաշառքի գործը փոխկապակցված են

Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում Ալավերդու բնակիչ Վլադ Դավթյանը Թումանյան փողոցում գործող ծաղկի խանութից ատրճանակով կրակել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանի վրա և սպանել է նրան: Իր արարքը բացատրել է նրանով, որ Փիրուզյանից մշտապես սպառնալիքներ է ստացել: Գործը վարող ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը նույնպես ամբաստանվում է: Վլադ Դավթյանին նախ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել և ապօրինի զենք կրել-գործածելը: Դատախազությունն այն չի հաստատել, ուղարկվել է քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն՝լրացուցիչ քննության, որից հետո Շուշանկանի և Արայիկ Ներսիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ Վլադ Դավթյանին դատում են Ալավերդցի Վահագնի պատվերով սպանության համար:

Ըստ մեղադրանքի, Շուշանյանը տեղյակ է եղել, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և որ այն ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով: «Սակայն այդ տեղեկությունները քննարկել է Վահագն Աբգարյանի հետ, որի ընթացքում խոստացել է ուղղորդել իրեն ենթակա քննիչի կողմից կատարվող նախաքննությունը, որպեսզի չհիմնավորվեն ինչպես սպանությունը Վլադիմիր Դավթյանի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այնպես էլ Վահագն Աբգարյանի պատվերով կամ այլ անձանց հանցակցությամբ կատարված լինելու հանգամանքները», — ասվում է արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի մեղադրանքում:

Վկան ընդունում էր Շուշանյանի հիմնավորումները

Դատարանին մարզային վարչությունները վերահսկող նախկին պաշտոնյա Պետրոսյանը հայտնեց, որ մինչ գործը լրացուցիչ քննության ուղարկելը, այն բերվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ուսումնասիրելու և վարույթն իրականացնող քննիչներին մեթոդական օգնություն ցուցաբերելու առումով, քննարկվել է օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Կոմիտեի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել քննարկմանը, և ինքն անձամբ համաձայն են եղել Վլադ Դավթյանի արարքի նախնական որակման հետ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1 մասով: Քննիչի հիմնավորումերն ու բերված ապացույցները նա չէր հիշում:

Հենց այս խորհրդակցությունն էլ երկարատև և ձանձրալի հարցաքննության առարկա դարձավ: Պատասխանելով Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե նկատել է արդյոք խորհրդակցության ժամանակ, որ Թաթուլ Շուշանյանը ցանկություն ունենա Վլադ Դավթյանի արարքը Քր. Օր-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով որակել, Պետրոսյանը ասաց, որ չի հիշում, որ նման դիրքորոշում եղած լինի Շուշանյանի կողմից: Թաթուլ Շուշանյանի հարցին, թե արդյոք իրեն որևէ մեկը մոտեցել է, ինչ-որ բան խնդրել է Շուշանյանի անունից, նա պատասխանեց. «Ոչ»: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հակասություններ նկատեց վկայի դատարանում և նախաքննության մարմնին տված ցուցմունքներում և պնդեց, որ վերջիններս հրապարակվեն:

Նախաքննության ընթացքում մարզային քննչականները վերահսկող պաշտոնյան ասել էր, որ խորհրդակցությունը տեղի էր ունեցել Թաթուլ Շուշանյանի նախաձեռնությամբ, սակայն դատարանում հայտնեց, որ չի հիշում, թե ում նախաձեռնությամբ է եղել քննությունը և պնդեց իր նոր ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքում նա նաև ասել էր, որ դիրքորոշում չի հայտնել Վլադ Դավթյանի մեղադրանքի վերաբերյալ: Փաստ է սակայն, որ մոտ 3 ժամ տևած հարցաքննության ընթացքում ՔԿ մարզային վարչությունները վերահսկող նախկին պաշտոնյան չնշեց ոչ մի տեղեկություն, որից հետևեր, որ սպանության գործը քննելիս Շուշանյանը ակնհայտ ապօրինի գործողություններ է թույլ տվել:

Դատական նիստը տեղ-տեղ վերածվում էր լեզվակռվի

Տուժողի իրավահաջորդին ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանին կասկածելի թվաց այն հանգամանքը, որ վկան պնդում է, թե հիմա ավելի լավ է հիշում դեպքերը, չնայած անցել է մոտ երեք տարի և նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա: Դատարանում հարցերի միջոցով նա նաև պարզեց, որ վկան Թաթուլ Շուշանյանի հարսանիքի քավորն է՝ փաստ, որը վերջինս ինքնակամ հայտնել էր նախաքննության մարմնին:

Վկա Պետրոսյանի հարցաքննությունը լարված մթնոլորտում էր ընթանում: Պարբերաբար դատական նիստը վերածվում էր լեզվակռվի: Ակնհայտ էր, որ դատավոր Աննա Մաթևոսյանին չի հաջողվում հավուր պատշաճի կառավարել նիստը: Բանը հասավ նրան, որ մեղադրող դատախազը «կլյաուզնիկ» բառը նետեց նախկին քննիչների պաշտպանների կողմը, նաև ասաց, որ իր ելույթի ժամանակ Հայկ Ալումյանը ննջում էր: Ալումյանն էլ հակադարձեց, թե իր ելույթի ժամանակ հնարավոր չէ չննջել:

Թաթուլ Շուշանյանի հարցերը նախկին գործընկերոջը ուղղված հաճախ սկսվում էին «հիշում եք արդյոք, որ» բառերով, ինչը տուժողի ներկայացուցիչը որպես հուշարարություն էր որակում և ընդհատելով Շուշանյանին, հարցուպատասխանից մի քանի անգամ ավելի երկար առարկություններ էր ներկայացնում: «Խնդրում եմ, հարգելի դատարան, կանխել հարցերը, որոնք սկսում են՝ «հիշում եք որ» ձևով, որովհետև դրանից հետո վկան արդեն լսում է այն գործողությունը, որը պարոն Շուշանյանին ցանկալի է, և ինքը կարող է ասել, այո, կամ ոչ», — ասում էր Լուսինե Սահակյանը, պահանջելով դատավորից, որ նա էլ ընդհատի Շուշանյանին:

«Իհարկե, կողմը իրավունք ունի հարցի դեմ առարկել, բայց պետք է խնդրեմ դատարանին թույլ չտալ, որ իմ պաշտպանյալին ընդհատեն և առարկություններ ներկայացնել, որոնք իրենց տևողությամբ բուն հարցաքննությունից երկար են», — իր հերթին դիմում էր դատավոր Աննա Մաթևոսյանին Շուշանյանի պաշտպան Ալումյանը:

Դատավոր Աննա Մաթևոսյանը արձանագրեց, որ դատարանը իրավասու չէ թույլ տալ որևէ միջամտություն հարցերի շարադրանքին: «Այն, ինչ դուք հիմա անում եք, դատավարական կարգի հետ որևէ աղերս չունի: Ես առարկությունները ներկայացնելու եմ, երբ դրա անհրաժեշտությունը տեսնեմ: Եթե այսպես շարունակվի, ես ինքս էլ հուշող հարցեր եմ տալու վկաներին», — սպառնաց փաստաբան Սահակյանը: Նա Շուշանյանի գրեթե բոլոր հարցերը ընդհատում էր և շարունակում էր երկարատև առարկություն-ելույթներ ունենալ:

Այս վեճերի վկա Պետրոսյանը, որը փորձառու քննիչ է, հազարավոր անգամներ վկաներ հարցաքննած, որի վրա հազիվ թե որևէ մեկը կարողանար ազդել զուտ հարց կառուցելու շարադրանքով, լսում էր զուսպ: Ի վերջո, նա չդիմացավ և իր կարծիքը հայտնեց այս գործի վերաբերյալ. «Սա առաջին դեպքն է, որ քննիչին արարքի վերավորակման արդյուքնում դատում են: Ես հեռու եմ մտքից, որ Շուշանյանը շահադիտական նկատառումներ է ունեցել: Քննիչները կարող են հետագայում վախենալ ինքնուրույն որոշումներ ընդունելուց, ինչը վատ նախադեպ կարող է դառնալ», — ասաց նա:

Սպանվածի կնոջը կաշառքի գործով տուժող ճանաչելով, սայլը դրել են ձիուց առաջ

Հայկ Ալումյանը պաշտպանական կողմի երկար-բարակ առարկությունները Forrights. am-ի հետ զրույցում որակեց որպես դատավարությունը ձգձգելու «խելացի» տակտիկա: «Այս դատավարությունը մի նրբություն ունի: Մինչև որ Վահագն Աբգարյանի գործով դատավճիռ չլինի, Թաթուլ Շուշանյանին չեն կարող մեղադրել մեղմ մեղադրանք առաջադրելու համար: Այս գործով Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է այն բանի համար, որ արհեստականորեն պայմաններ է ստեղծել, որ Վլադ Դավթյանին մեղադրեն սպանության հոդվածի առաջին մասով, ոչ թե երկրորդ: Բայց սպանության գործով կարող է, նա ի վերջո, առաջին հոդվածով մեղավոր ճանաչվի: Ստացվում է, որ այն դատավճիռը կանխորոշում է այս գործի ելքը և հակառակը: Այսպես պետք է չլիներ», — ասաց փաստաբանը:

Հայտնի է, որ Երևանի դատերին զուգահեռ Վանաձորի դատարանում ընթանում է Վահագն Աբգարյանի և Վլադ Դավթյանի գործով դատավարությունը, որը վերաբերում է Կամո Փիրուզյանի սպանությանը: Ըստ Հայկ Ալումյանի, այս երկու գործերը արհեստականորեն են տարանջատվել:

«Մեկը մեղադրվում է կաշառքը տալու, մյուսը՝ վերցնելու մեջ: Տեսականորեն հնարավոր է, որ այն գործով մարդը արդարացվի կաշառք տալու մեջ, այս գործով այս մեկը մեղադրվի կաշառք վերցնելու մեջ, չ՞է»: Այն դեպքում եթե գործերը միասին քննվեին, ըստ Ալումյանի, սպանվածի կնոջը Շուշանյանի մասով տուժող ճանաչելը տրամաբանական կլիներ: Սակայն գործերն առանձին քննելու դեպքում , երբ կաշառքի և պաշտոնական դիրքի չարաշահման խնդիր է քննարկվում, Կամո Փիրուզյանի կնոջը տուժող ճանաչելն անհեթեթություն է: «Ի՞նչ է ենթադրվում, որ եթե կաշառք ստանալը, պաշտոնեական լիազորությունների չարաշահումը չլինեին, Կամո Փիրուզյանը չէ՞ր սպանվելու: Սա նշանակում է՝ սայլը դրել են ձիուց առաջ»:

Սյուզան Սիմոնյան

1 մեկնաբանություն

  1. […] forrights.am. Մայիսի 10-ին Երևանի դատարանը Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործով հարցաքննեց կարևոր վկայի: Դատարանի առաջ երեկ կանգնած էր ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչութան նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը, որը ի պաշտոնե վերահսկում էր Շուշանյանի գործունեությունը: […]

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here