Յուրիկ Բրոյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը ոչ մի կերպ չի կարողանում ստանալ քրեական գործով բոլոր որոշումները, չնայած որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հովիկ Սարգսյանին ժամանակին և պատշաճ միջնորդություն է ներկայացրել։

«Շուրջ 2 շաբաթ անց զանգահարել եմ քննիչին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ ինձ չեն ծանոթացնում սույն քրեական գործով մյուս որոշումներին, քանի որ դրանք անհրաժեշտ են վատառողջ զինծառայողի բուժման համար, քանի որ հենց այդ քրեական գործն է դրվում պետական կառույցների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և այլ, այն դիրքորոշման հիմքում, թե իբր զինծառայողը սիմուլյանտ է, ինչն էլ իր հերթին խոչընդոտ է հանդիսանում զինծառայողի բուժման համար»,- մանրամասնեց փաստաբանը։

Յուրիկ Բրոյանը սույն թվականի փետրվարի երկրորդ կեսին գտնվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության շրջանում, որի արդյունքում՝ հանձնաժողովի կողմից տրված եզրակացությամբ զինծառայող Յուրիկ Բրոյանը սիմուլյանտ չէ, սակայն դա անտեսվել է քննիչի կողմից, ով կամայականորեն որոշել է իր համար «մութ» մնացած հարցերը պարզելու նպատակով նշանակել լրացուցիչ փորձաքննություն, որի կատարումը ևս անհայտ պատճառներով «ուշանում է»։

Հայարփի Սարգսյանի պնդմամբ՝ «Էրեբունի» ԲԿ-ում իր միջնորդությամբ զինծառայող Յուրիկ Բրոյանը հետազոտվել է նյարդաբանի կողմից, նաև կատարվել է գլխի տոմոգրաֆիկ հետազոտություն, դրանց արդյունքները ևս ուղարկվել են քննչական նշված բաժին, որը սակայն կրկին մինչ օրս իրեն չեն տրամադրվել։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հովիկ Սարգսյանը հրաժարվում է նույնիսկ էլեկտրոնային եղանակով փաստաբանին ուղարկել որոշումները, ինչպես նախորդ անգամներն է արել նշելով, որ ապրիլի 16-ին արդեն ուղարկել է փոստային առաքման միջոցով, սակայն մինչ օրս դրանք չեն ստացվել։

«Ես դրանք չեմ ստացել, հետաքրքրվել եմ նաև Հայփոստից։ Իսկ երբ քննիչից փորձեցի ճշտել, խնդրեցի հետաքրքրվել, թե ինչու մինչ օրս չեմ ստացել, կամ գուցե էլեկտրոնային եղանակով ինձ դրանք ուղարկի, քանի որ շտապ է, նա հրաժարվեց՝ ծաղրական տոնով ասելով, որ միգուցե ստացել եմ»,-պատմեց Հայրափի Սարգսյանը, հիշեցնելվ, որ քննիչը պարտավոր է ապահովել քրեական գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքը։

Քննիչ Հովիկ Սարգսյանը փաստաբանին հայտարարել է, թե չի վախենում իր բողոքներից և հեռախոսն անջատել է։

«Տևական ժամանակ է զրկված եմ քրեական գործի նյութերին ծանոթանալու, հետևաբար, վատառողջ պաշտպանյալիս նկատմամբ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից»,- դժգոհում է փաստաբանը, հավելելով, որ ստեղծված իրավիճակը խոչնդոտում է իր փաստաբանական գործունեությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Ստեղծված թերությունները կարգավորելու և քրեական գործով բոլոր նոյւթերը պատշաճ ստանալու նպատակով Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով դեռևս 18․12,2018թ․ զինծառայող Յուրիկ Բրոյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում՝ համաներում կիրառելու մասին, որը, սակայն, անհիմն կերպով անտեսվել է։ Հայարփի Սարգսյանը իր բողոքում նաև անդրադարձել է այս հանգամանքին, պահանջելով համապատասխան տեղեկատվություն Դատախազությունից, թե ինչո՞ւ չիչ կիրառվել համաներում։

«Իմ վստահորդ Յուրիկ Վանիկի Բրոյանն իսկապես առողջական ակնհայտ խնդիր ունի, որը հաստատվել է դեռևս 15․02․2019թ․ ՀՀ ԱՆ «Էրեբունի» ԲԿ-ում գլխի հետազոտության և նյարդաբանի կողմից զննելու արդյունքում, դա ինձ համար խիստ մտահոգիչ է, և միակ կառույցը, որը կարող է այս հարցին լուծում տալ, դա ՀՀ պաշտպանության նախարարությունն է, որը, սակայն, շարունակում է զինծառայողին այդպիսի վիճակում անհիմն պահել ռազմական ոստիկանությունում»,-ասում է փաստաբանը

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազնին։

Pin It on Pinterest