«Հացադուլը կամ ջրադուլը շարունակելն ազատությունից զրկված մարդու իրավունքն է, և որևէ մեկը չի կարող հարկադրել դադարեցնել այն: Արկադի Պապյանի հացադուլի ու ջրադուլի պատճառն է բացառապես նրան առաջադրված մեղադրանքը, և նրա պահանջը վերաբերում է այդ մեղադրանքը վերացնելու, ինչը Մարդու իրավունքների պաշտպանի  լիազորությունների շրջանից դուրս է»։

Նման պատասխան ստացանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, երբ կրկին ահազանգեցինք, որ 25 օր հացադուլի և 14 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Պապյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

ՄԻՊ գրասենյակից հավելեցին, որ իրենց ներկայացուցիչները երեկ հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ: Արձանագրվել է, որ այցից անմիջապես առաջ Արկադի Պապյանն ունեցել է ուշագնացություն, իսկ այցի պահին նրա մոտ է գտնվել բուժակը: Բուժակը նշել է, որ Արկադի Պապյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Նույն է պնդել նաև դատապարտյալը:

Forrights-ի խմբագրություն երեկ այցելեցին դատապարտյալի կինը և աղջիկը: Նրանք խիստ մտահոգված էին Պապյանի առողջական վիճակով, սակայն վստահեցնում էին՝ նա դուրս չի գա հացադուլից և ջրադուլից, քանի դեռ իրեն առաջադրված մեղադրանքը չի հանվել:

Արդարադատության նախարարությունը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ նախարար Արտակ Զեյնալյանը տեղյակ է Արկադի Պապյանի ծայրահեղ քայլից և իրավիճակն իր ուշադրության կենտրոնում է պահում:

Հիշեցնենք, որ նման ծայրահեղ քայլով դատապարտյալ Պապյանը բողոքում է Գլխավոր դատախազության կողմից առաջադրված «կեղծ մեղադրանքի» դեմ: Ջրադուլ հայտարարելու մասին դիմումում դատապարտյալը նշել էր՝ ջրադուլ է հայտարարում, քանի որ Գլխավոր դատախազությունը մամուլում սուտ տեղեկություններ է հրապարակում իր վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունն այս ամբողջ ընթացքում 3 անգամ այցելել է դատապարտյալին և հորդորել դադարեցնել, սակայն Արկադի Պապյանը հրաժարվել է: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց՝ դատապարտյալի հացադուլի ընթացքը դատախազության ուշադրության կենտրոնում է և դատախազության համապատասխան վարչությունը մշտական կապի մեջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ:

«Արկադի Պապյանին ներկայացվել են նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացվել է, որ հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Արկադի Պապյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Forrights-ին հայտնեց, որ քննչական մարմնի այսօրինակ գործողությունների ոչ իրավաչափության մասին դեռ նախաքննության փուլում է բողոքներ ներկայացրել, որոնք, սակայն, մերժվել են.

«Քրեական գործը մեկ տարուց ավելի է դատաքննության փուլում է, նախապատրաստական փուլը դեռ չենք հաղթահարել, բուն դատաքննություն՝ չենք մտել, փաստացի՝ տեղից չենք շարժվում: Գործը բազմահատորանի է, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվի: Քրեական գործով անցնող վկաները բազմաթիվ են, որոնք պետք է հարցաքննվեն երկու գործերում էլ, այսինքն ստացվում է՝ դատական գործընթացն ինքստինքյան կրկին երկարում է: Այս տեմպերով դատավարությունը մեկ տարի կգնա, այնինչ դատապարտյալը մեղադրանքի դեմ իր կյանքի գնով է պայքարում»,- նշեց Ամրամ Մակինյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest